HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանից ուղարկվող փողերը կրճատվում են. 29% նվազում՝ հունվար-ապրիլին

Արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը, որը 2022 թվականին մեծ թափ առավ, այս տարվանից կրճատվում է։ Պակասում են, մասնավորապես, Ռուսաստանից եկող գումարները։ Փորձագետները կարծում են, որ դրամական փոխանցումներն այսօր նույնքան մեծ ազդեցություն չունեն Հայաստանի տնտեսության վրա, որքան 2000-ականների սկզբին էր։ Այնուամենայնիվ, դրսից ստացվող գումարների կրճատումը տնտեսության վրա բացասաբար է ազդում։

Հունվար-ապրիլին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 442 մլն դոլարով կրճատվել են

2024 թվականի հունվար-ապրիլին ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար (1 մլրդ 672 մլն դոլար)։ Խոսքը բացառապես բանկերի միջոցով կատարված փոխանցումների մասին է։

Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տվյալները, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այդ գումարները նվազել են 373 մլն դոլարով կամ 18%-ով։

Դրամական փոխանցումների նվազումը պայմանավորված է Ռուսաստանից ուղարկվող փողերի կրճատմամբ։

Այս տարվա չորս ամսում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1.1 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այդ թիվը նվազել է 442 մլն դոլարով կամ 29%-ով։

2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսաստանցիների մեծ հոսքին հետևեց նույնքան մեծ գումարների ներհոսքը։ Արդյունքում նշված տարում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմեցին մոտ 3.6 մլրդ ԱՄՆ դոլար` քառապատկվելով 2021-ի համեմատ։  

2023-ին աճի այս տեմպը զգալի թուլացավ։ Տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 3.9 մլրդ ԱՄՆ դոլար։

Արդեն 2023-ի տարեվերջից Ռուսաստանից ուղարկվող փողերը բացասական միտում են գրանցում։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազումը պայմանավորվում է Ռուսաստանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տնտեսական գործոններով, որոնք էական ազդեցություն են թողնում գումարների այս շարժի վրա։

Բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների համար այսօր ռուսական շուկան այնքան գրավիչ չէ, որքան տարիներ առաջ էր։

«Արդյոք մարդիկ նույն կամեցողությամբ կամ նույն պլանավորմամբ շարունակե՞լու են աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, թե՞ ոչ։

Ոմանք տեղափոխվում են Հայաստան ու շարունակում աշխատել Հայաստանում, որովհետև աշխատավարձերի տարբերությունը Ռուսաստանում և Հայաստանում այսօր շատ ավելի քիչ է, քան, օրինակ, 10 տարի առաջ»,- հունիսին 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Մարտին Գալստյանը։

Ըստ նրա՝ Ռուսական «Միր» («Мир») վճարային համակարգի քարտերի սպասարկման դադարեցումը հայկական բանկերի կողմից կարող էր որոշակի ազդեցություն թողնել Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների վրա, սակայն քաղաքական և տնտեսական իրադարձությունները շատ ավելի էական դեր ունեն։ 

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների կազմում Ռուսաստանին հաջորդում են ԱՄՆ-ն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան։ Այս երկրներից կատարվող փոխանցումները, սակայն, անհամեմատ ավելի փոքր են և փոքր տեսակարար կշիռ ունեն ընդհանուր կազմում։ Հետևաբար, դրանց գծով աճի ազդեցությունը փոքր է լինում ընդհանուր դրամական փոխանցումների վրա։

Այս տարվա առաջին չորս ամսվա ԱՄՆ-ից փոխանցումներն աճել են 11%-ով, ԱՄԷ-ից՝ 57%-ով, Գերմանիայից՝ 12%-ով և Մեծ Բրիտանիայից՝ 34%-ով։ 

Տնտեսագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ՝ այս գումարները, որոնք վերջին երկու տարին Ռուսաստանից հոսում են Հայաստան, ամենայն հավանականությամբ, ոչ թե առավելապես արտագնա աշխատանքի մեկնողների կամ Հայաստանում հարազատներ ունեցողների գումարներն են մեծ մասամբ, այլ Ռուսաստանի քաղաքացիների, որոնք զրկված են իրենց երկրում գործող բանկային համակարգի միջոցով մի շարք գործառնություններ իրականացնելու հնարավորություններից։

«Ռուսաստանցիները գումարները ուղարկում են այստեղ, քանի որ հայկական բանկերը հնարավորություն են տալիս ավելի մեծ ծավալով միջազգային գործառնություններ իրականացնել։ Ենթադրենք՝ ռուսաստանցին ուզում է «Ամազոն»-ից ինչ-որ բան գնել, որը կառաքվի Ռուսաստան, Վրաստան կամ Բուլղարիա։ Ռուսական քարտով դա չի կարող գնել։ Հայկական քարտով կարող է։ Հաճախ, որպեսզի միջազգային սպասարկման խնդիրներ չունենան, օտարերկրյա քաղաքացիները որոշակի գումարներ ուղարկում են Հայաստան։ Դա ծառայությունների մատուցում է հայկական բանկերի կողմից, որը որևէ կերպ արգելված չէ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է Վաչե Գաբրիելյանը։

Արտասահմանից դրամական փոխանցումները աշխուժացնում են Հայաստանի տնտեսությունը՝ նպաստում առևտրի ավելացմանը, ծառայությունների շրջանառության աճին, անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը և այլն։ Այս համատեքստում նշված գումարների այսօրվա նվազումը բացասական է ազդելու տնտեսության վրա։

Սակայն, ըստ Վաչե Գաբրիելյանի, Հայաստանի տնտեսության համար դրամական փոխանցումները հիմա ավելի քիչ նշանակություն ունեն, քան 2000-ականներին։ Այդ ժամանակ նավթի գները բարձրացան, Ռուսաստանի տնտեսական աճն արագացավ, և Հայաստանից մեծ աշխատուժ գնաց Ռուսաստան։ Այնտեղ նրանք ստանում էին անհամեմատ ավելի բարձր վարձատրություն, քան նույն աշխատանքի դիմաց կստանային Հայաստանում։ Այդ գումարը փոխանցում էին Հայաստան, և տնտեսության մեջ դրանք էական դեր ունեին։

Այսօր, ըստ նրա, դրամական փոխանցումները նույնքան մեծ կշիռ չունեն ՀՆԱ-ում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ եթե տասը տարի առաջ արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները Հայաստանի ՀՆԱ-ի 20-22%-ն են կազմել, ապա այսօր 10%-ի շրջակայքում են։

Այն գումարները, որոնք գալիս են Հայաստան և կրկին արտահոսում այլ երկրներ, էական եկամուտներ են ապահովում բանկերի համար։ Այս երևույթը Հայաստանի բանկային համակարգի համար 2022-2023 թվականներին ռեկորդային շահույթներ ապահովեց։ 

Այս տարի փողերի արտահոսքի աճը դանդաղել է։ 2024 թվականի հունվար-ապրիլին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով  Հայաստանից արտասահման են ուղարկել 1 մլրդ 345 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1%-ով։

Արտահոսքի գծով այժմ առաջատարը ոչ թե Ռուսաստանն է, այլ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ընդ որում՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ Հայաստանից դեպի ԱՄԷ կատարվող փոխանցումները 30%-ով աճել են։

Հայաստանից Մոնակո փողերի հոսքը ևս տեսանելի է դարձել, և Մոնակոն հայտնվել է առաջին հնգյակում։ Այստեղ են նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Շվեյցարիան։

Շարունակվում է դեպի ԱՄՆ և Սինգապուր գումարների արտահոսքի աճը, որը կար նաև 2023-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter