Ինչո՞ւ է Երեւանի ջրամատակարարումը գրաֆիկով դարձել
Երևանի մի շարք վարչական շրջաններում տևական ժամանակ է շուրջօրյա ջրամատակարարում չի իրականացվում։ «Հետքի» ընթերցողները պարբերաբար ահազանգում են, որ քաղաքի տարբեր հասցեներում կեսգիշերից հետո ջրամատակարարումը դադարեցվում է և վերականգնվում է միայն վաղ առավոտյան՝ ժամը 7-ին։
Ալբերտ Ասատրյանը Երևանից է, ապրում է Ավան վարչական շրջանում։ Մայիսի 16-ին նա տեղեկացել է, որ մինչև սեպտեմբեր գիշերային ժամերին խմելու ջուր չեն ունենալու։ Պատճառն իմանալու համար Ալբերտը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերություն, ապա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Երկու կառույցներից էլ բավարար պատասխան չստանալով՝ որոշել է բարձրաձայնել։ Ալբերտ Ասատրյանը մեկն է այս խնդրով «Հետքի» խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիներից։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կայքում հրապարակված է 2024 թվականի ջրամատակարարման նոր ժամանակացույցը, որտեղ նշված է, թե մայրաքաղաքի և մարզերի բնակիչները օրվա մեջ քանի ժամ ջրամատակարարում կունենան։
Օրինակ՝ Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում, ըստ ջրամատակարարման ժամանակացույցի, մինչև սեպտեմբերի 16-ը սպառողները ջուր կունենան օրվա մեջ 6 ժամ։ 6-ժամյա ջրամատակարարում կունենան նաև մարզային որոշ բնակավայրեր։ Սա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած նվազագույն թույլատրելի ժամաքանակն է։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ասում է՝ պարտավոր չէ շուրջօրյա ջրամատակարարում իրականացնել
«Վեոլիա Ջուր» ընկերությանը «Հետքը» գրավոր հարցրել է, թե ո՞րն է ջրամատակարարուման նոր գրաֆիկ սահմանելու պատճառը։ Ընկերությունից հայտնել են, որ համաձայն 2024թ. հրապարակված ժամանակացույցի՝ Երեւան քաղաքի մի շարք հասցեների ջրամատակարարման գրաֆիկում տեղի են ունեցել փոփոխություններ։
«Հարկ է նշել, որ հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը յուրաքանչյուր տարվա համար կազմվում է՝ հաշվի առնելով ընկերության տեխնիկական հնարավորությունները եւ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի՝ խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին»,-նշված է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պատասխանում։
Ընկերությունը հայտնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. թիվ 379-Ն որոշմամբ եւ պայմանագրով շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու պարտավորություն չունի։
Ստացվում է, որ եթե անգամ Հայաստանի ամբողջ տարածքում ջրամատակարարումը իրականացվի օրական 6-ժամյա գրաֆիկով, դա խախտում չի համարվի, քանի որ կհամապատասխանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նվազագույն պահանջներին։
«Հետքին» դիմած Երեւանի բնակիչները հայտնում են, որ գրաֆիկից դուրս ևս ջրանջատումներ են լինում։ Տեղամասային տեսուչներն ու օպերատորները նշում են, թե դրանք վթարային ջրանջատումներ են։
Հայաստանի ջուրը չի բավականացնում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ «Հետքին» հայտնել են, որ «Վեոլիա Ջուր»-ը սպասարկումն իրականացնում է առանց խախտումների՝ որոշ տարածքներում նվազագույն սահմանված ժամաքանակով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանի խոսքով՝ հատկապես ամռան ամիսներին, երբ ինքնահոս ջրաղբյուրներում ջրի քանակը պակասում է, ջրամատակարարման գրաֆիկում տեղի են ունենում փոփոխություններ։
«Ջրի քանակի նվազումը կապ ունի մի քանի գործոնների հետ՝ բազմաբնակարան շենքերի ավելացումը, ջրաղբյուրների ինքնահոս ջրաքանակի նվազումը՝ հատկապես ամառային ժամանակահատվածում, խմելու ջրի՝ որպես ոռոգման ջուր օգտագործումը։ Այդ պատճառներով տեղի է ունենում ջրի ճնշման անկում։ Սրանք հիմնական խնդիրներն են»,-հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Գլխավոր լուսանկարը՝ Հայկ Մակիյանի
Մեկնաբանել