HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ բնակիչների՝ Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ. ընկերությունը հերքում է

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ակտիվ շինտեխնիկա է աշխատեցնում Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերգետնյա հատվածում։ «Հետքի» լուսանկարներում երեւում են երկրի մակերեւույթին հայտնված մեծ խոռոչներ, որոնք տանում են դեպքի ստորգետնյա հանք։ Հիշեցնենք, որ Շահումյանի հանքավայրը, ըստ առկա թույլտվության, պետք է շահագործվի փակ (ստորգետնյա) եղանակով:

Հանքավայրից ոչ մեծ հեռավորության վրա ապրող կապանցիները «Հետքին» հայտնել են, որ Շահումյանի տարածքից նաեւ պայթեցումների ձայներ են լսել։ Ըստ բնակիչների՝ հանքարդյունաբերող ընկերությունը ծածուկ, առանց թույլտվության սկսել է հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ։ Նրանց տեղեկացմամբ՝ կոմբինատը խախտում է վաղուց գործող իր ներքին «ոսկե կանոնը»՝ հանքավայրը երբեք չշահագործել բաց եղանակով։

Կապան քաղաքի վարչական տարածքում ընդգրկված Շահումյան բանավանը, որը գտնվում է քաղաքի հյուսիս-արեւելքում, 2000-ականներին հայտնվել էր կոմբինատի ուշադրության ներքո, որն այն ժամանակ կոչվում էր «Դինո Գոլդ Մայնինգ» եւ պատկանում էր կանադացիներին: Վերջիններս որոշել էին բաց հանքի շահագործման նպատակով ուսումնասիրություններ իրականացնել այդտեղ, ու «Դինոն» գնել էր շահումյանցիների հողերը:

Այդուհանդերձ, 2008-2013 թթ. հետախուզությունից հետո ընկերությունը որոշեց շարունակել հանքի շահագործումը փակ եղանակով:

«Հետքը» 2018-ին այցելել էր Շահումյանի տարածք ու ֆիքսել, որ կոմբինատն այդտեղ դատարկ ապարների լցակույտերի հարթակներ է ստեղծել:

Այսօր այդ հարթակների հարեւանությամբ, ինչպես ասվեց, խոռոչներ են հայտնվել, ու տեխնիկա է աշխատում:

Տեղի ունեցողի վերաբերյալ մի քանի գրավոր հարց էինք ուղղել Կապանի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) միակ սեփականատեր ու գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին, որը 2023-ին է ձեռք բերել ընկերությունը։

ԼՀԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի՝ դեռեւս 1990-ականներին մշակված ստորերկրյա դատարկություններում առաստաղային բնամասերի քայքայման պատճառով տեղի են ունեցել մակերեւույթի փլուզումներ, եւ ձեւավորվել են փլուզումային բարձր գոտիներ։

Այսինքն՝ ըստ կոմբինատի՝ հանքի շահագործման հետեւանքով նախկինում ձեւավորվել են ստորգետնյա դատարկություններ, որոնք բավականին մոտ են եղել երկրեւի մակերեւույթին, ու հետագայում տեղի են ունեցել փլուզումներ, ինչպես նաեւ ձեւավորվել են գոտիներ, որտեղ փլուզման բարձր ռիսկ կա:

«Ընկերությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է համապատասխան պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցված միջոցառումներ՝ փլուզված հատվածներում լանդշաֆտի վերականգնման եւ ռեկուլտիվացման, փլուզումային ռիսկի գոտիներում փլուզումների կանխարգելման ուղղությամբ,- «Հետքին» հայտնել են ԼՀԿ-ից։- Այդ միջոցառումների շրջանակներում փլուզումային ռիսկի հատվածներին մատչելիություն ապահովելու համար մակերեւույթին իրականացվում են սահմանափակ ծավալով հողային աշխատանքներ»։

Ասվածից հետեւում է, որ, ըստ կոմբինատի, խոռոչները բացվել են՝ փլուզման ռիսկ ունեցող ստորգետնյա հատվածներ մտնելու եւ վերը նշված աշխատանքները կատարելու համար:

Ինչ վերաբերում է պայթեցումներին, ապա ԼՀԿ-ն նշում է, դրանք հորատապայթեցման աշխատանքներ են, որոնք ինքը կատարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան։

Իսկ բաց եղանակով հանքը շահագործելու մասին կոմբինատը հայտնում է. «Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում հաստատվել են ստորգետնյա արդյունահանման ենթակա պաշարներ, դրանց արդյունահանման նախագծերը կազմվել եւ փորձաքննվել են ստորգետնյա հանքի համար։ Ընկերությունն ունի բացառապես ստորգետնյա եղանակով Շահումյանի հանքից արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք։ Բաց եղանակով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման ծրագրեր ընկերությունը չունի»։

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին հարցրել էինք, թե ինչ է հայտնի պետական մարմնին Շահումյանի հանքի վերգետնյա հատվածում տարվող աշխատանքների վերաբերյալ, արդյոք ստացվել են ահազանգեր, ու եթե ԼՀԿ-ն հանքը բաց եղանակով շահագործելու իրավունք չունի, այստեղ ինչ գործառույթներ ունի տեսչական մարմինը, արդյոք պատրաստվում են ուսումնասիրություններ, ստուգումներ իրականացնել տեղում։

Մեր հարցերին ի պատասխան՝ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հայտնել է, որ տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել մեր կողմից բարձրացված հարցերի շրջանակներում, ինչից հետո կտրամադրվի տեղեկատվություն։

Հավելենք, որ Կապանի ԼՀԿ-ում վերջին անգամ տեսչական մարմինը ստուգում իրականացրել է 2019 թ. (այդ ժամանակ ընկերությունը կոչվում էր «Չաարատ Կապան» ՓԲԸ): Այն կատարվել է վարչապետի հանձնարարականով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter