HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատի խորհուրդը դիմելու է նախագահին, ՄԻՊ-ին և պատգամավորներին՝ ՍԴ դիմում ներկայացնելու համար

2024 թվականի հունիսի 14-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի լրատվության բաժնից։

«Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման փաստը, Պալատի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Նախագիծն իր խնդրահարույց դրույթներով առաջին իսկ օրերից անընդունելի էր փաստաբանական համայնքի համար:

Այդ առնչությամբ, Փաստաբանների պալատը գրավոր դիտողություններ էր ներկայացրել վարչապետի աշխատակազմ, ֆինանասների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին:

Ի դեպ, Նախագիծը խնդրահարույց էին համարել և դիտողություններ ներկայացրել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը (մարդու իրավունքների վրա հնարավոր բացասական ազդեցության և ռիսկերը չգնահատելու մասով), այնպես էլ Արդարադատության նախարարությունը (նոտարական ծառայությունների իրականացման մասով՝ նույն հարկային քաղաքականության որդեգրման տեսանկյունից):

Ավելին, Փաստաբանների պալատը նախաձեռնել և հանդիպում-քննարկումներ է ունեցել Ազգային ժողովի պետաիրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մասնակից պատգամավորների հետ, որի նիստերին մասնակցել է նաև Նախագծի հեղինակ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ուր հանգամանորեն ներկայացվել են Նախագծի վիճահարույց ասպեկտները: 

Նախագծի ընդունման դեպքում բացասական հետևանքների մասին ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրաձայնել է տարբեր լրատվականներով, իրականացրել նաև մամուլի ասուլիսներ:

Հիշեցնենք, որ օրենքի կենսագործման արդյունքում առնվազն. 

Շեշտակի բարձրանալու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիության մատչելիությունը.

 - Հանրային պաշտպանի գրասենյակի տիրույթից դուրս բացառվելու է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.

- Էականորեն նվազելու է քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը.

-  Անհամեմատ ավելանալու է Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը ծանրաբեռնելու է առանց այն էլ գերծանրաբեռնված հանրային պաշտպանների աշխատանքը՝ հանգեցնելով մատուցվող ծառայության որակի անկման:

 Ի թիվս բազմիցս մատնանշված վիճահարույց դրույթների, անշուշտ, առկա է նաև ՀՀ Աահմանադրությանը համապատասխանության հարց, քանի որ խոսքը առաջին հերթին վերաբերում է յուրաքանչյուրի՝ միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու  իրավունքի ոտնահարմանը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խաթարմանը, տարբերվող և խտրական վերաբերմունքի դրսևորմանը, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանիության և անհրաժեշտության բացակայությանը:

Այս առումով, Պալատի խորհուրդը հանգամանորեն ներկայացրել է հիմնավորումներ, որոնք ներկայացված են հաղորդագրությանը կից:

Ամփոփելով փաստերը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, Փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները,

Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է․

Դիմել նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային Ժողովի պատգամավորներին՝

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար»,- ասված է Փաստաբանների պալատի հայտարարությունում։

Կարդացեք նաև՝

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter