
«Եվրո-2024». Շվեյցարիան պարտության մատնեց Հունգարիային
«Եվրո-2024»-ի խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տարավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումը կայացավ Քյոլնի մարզադաշտում:
Առաջին խաղակեսն անցավ շվեյցարացիների տարածքային առավելությամբ: Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Կվադվո Դուան: Առաջին կեսի վերջին րոպեին Միշել Էբիշերը կրկնապատկեց Շվեյցարիայի առավելությունը:
Երկրորդ կեսում հունգարացիներն ակտիվացան և սկսեցին մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասին, ինչն էլ տվեց իր արդյունքը: 66-րդ րոպեին Բարնաբաս Վարգան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց, դեռ ավելին, Շվեյցարիան 93-րդ րոպեին կրկին վերականգնեց 2 գոլի առավելությունը, աչքի ընկավ Բրիլ Էմբոլոն՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 3:1:
Շվեյցարիայի և Հունգարիայի հետ A խմբում ընդգրկված Գերմանիայի և Շոտլանդիայի միջև նախօրեին կայացած խաղում հաղթել էին գերմանացիները՝ 5:1 հաշվով:
Այսօր կկայանան նաև B խմբի հանդիպումները՝ Իսպանիա-Խորվաթիա (20:00) և Իտալիա-Ալբանիա (23:00):
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել