
Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ․ Գառնիկ Դանիելյան
Վերջին երկու օրերին ՀՅԴ 13 անդամ է ձերբակալվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։
Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում:
Բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ: Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը»,- գրել է Դանիելյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի և ևս մեկ անձի նկատմամբ, 11 անձ ձերբակալվել է։
Մեկնաբանել