HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է

ՀՅԴ Գրագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է վերջինիս պաշտպան Բենիկ Գալստյանը՝ նշելով, թե բողոքարկելու են դատարանի որոշումը։

Փաստաբանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձին ուզում են ասել՝ արի ապացուցիր, որ դու ուղտ չես։ «Մեղադրանքն ինչու՞մն է․ ասում են՝ անձանց նյութապես շահագրգռել է հավաքներին մասնակցելու վերաբերյալ։ Առնվազն պետք է ունենային փաստական տվյալների մինիմալ զանգված, որ այդ հանգամանքը ներկայացնեին, որի կապակցությամբ էլ մենք մեր դիրքորոշումը ներկայացնեինք։ Մինիմալ զանգված չունեին ապացույցների։ Ինչ-որ խոսակցություն է երկու անձանց միջեւ գումարի վերաբերյալ, որը որևէ կերպ, թե խոսակցությամբ, թե այլ ապացույցներով չի հաստատվում, որ Գերասիմ Վարդանյանը ինչ-որ անձի գումար է տվել ինչ-որ հավաքի մասնակցելու վերաբերյալ։ Այսինքն՝ հանցակազմի օբյեկտիվ կողմն այս նյութերով առկա չէ»,- նշել է  փաստաբանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին և երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն (խոսքը ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի մասին է՝ խմբ․) նյութապես շահագրգռել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց: Մասնավորապես, մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։ Վ.Դ.-ն, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վ.Դ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել։

Գլխավոր լուսանկարը՝ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter