HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչեւ երեկոյան ժամը 9-ը աշխատեցի հիվանդանոցում վիրավորների հետ՝ ցավազրկելով, լացելով, դրանից հետո հասկացա, որ Ռուսլանը չկա»

Երեւանի 16-րդ թաղամասում՝ արցախցի բուժքույր Նանար Բալասանովայի վարձակալած բնակարանում ենք։ Նանարն այստեղ ապրում է իր 3 երեխաների եւ ամուսնու՝ Ռուսլան Հովսեփյանի ծնողների հետ։ Կեսօրից հետո արեւը, կարծես, ամբողջ լույսն ուղղել է հյուրասենյակ: Մեր ծանր զրույցից, սակայն, այդ լույսն աննկատ է դառնում:

Բազմոցին Նանարի կրտսեր դուստրը՝ 4-ամյա Արեւիկն է քնած, ավագը՝ Տաթեւը, լուռ նստած է նրա կողքին։ Նանարի սկեսուրը՝ Գյուլչորա Հովսեփյանը, մերթընդմերթ նայում է թոռներին, հետո որդու մեծ լուսանկարին։ Մի տեսակ ծանր լռություն է։ Բոլորս լուռ ենք, ու չգիտենք՝ ոնց սկսենք զրույցը։

Նանարն արագ սեղան է դնում, քիչ անց սուրճ է բերում։ Սուրճն այդպես էլ սառում է սեղանին, որովհետեւ պատերազմի մասին հնարավոր չէ խոսել սուրճ խմելով։

-Որտեղի՞ց եք,- ի վերջո, զրույցն սկսում եմ ես։

-Մարտունու Խնուշինակ գյուղից,- պատասխանում է տիկին Գյուլչորան։

Ամուսնանալուց հետո գնացել են Սումգայիթ։ Այդտեղ մնացել են 15 տարի մինչեւ 1988 թ․ հայերի ջարդերը։ Սումգայիթից դուրս գալն է հիշում․

-Տանն էինք: Մի օր մեր մոլոկան հարեւանը եկավ, դուռը թակեց, ասեց՝ հայերին կոտորում են, տնից դուրս չգաք: Ասեց՝ աշխատանքի չգնաք: Ամուսինս չլսեց, գնաց, բայց թուրքերը պահեցին, չթողեցին քեֆին դիպչեն: Եկավ տուն, ասեց՝ դուրս գալ չկա, հայերին կոտորում են: Բանդաներով՝ երկաթե ձողերով, դուբինկաներով, եկել են մեր շենքի մոտով անցել՝ «մա՛հ հայերին» լոզունգով: Մեր շենքի մուտքի թուրքերն իջան ներքեւ, որ մեզ պաշտպանեն: Ասեցին՝ էստեղ հայ չկա, եթե լինեին, մենք կսպանեինք։ Էդպես մեզ փրկեցին։ Մեզ էնտեղ թուրքերն ասեցին՝ Ղարաբաղ մի գնացեք, էնտեղ վատ է լինելու վիճակը, մեկ ա՝ մերն է լինելու, Ռուսաստան գնացեք: Մենք էլ ասեցինք՝ մեր հայերի հետ կլինենք:

Ստեփանակերտում նրանց տնով են ապահովել։ Երեք երեխաներին մեծացրել, ամուսնացրել են:

-Ո՞նց ծանոթացաք Ռուսլանի հետ,- հարցնում եմ Նանարին։

Թաց աչքերը մաքրելով՝ ժպտում է․

-Ռուսլանի հարազատ քույրը մեր կողքի հարեւանն էր։ Ռուսլանը գալիս-գնում էր: Միշտ ասում էր՝ հափռիս (ափիս, բռիս - հեղ.) մեջ պահել եմ, մեծացրել: 16 տարեկանից խոսել ենք։ Երբ 18-ս լրացել էր, ամուսնացանք։

Նայում ենք պահարանին դրված հարսանեկան լուսանկարին։ Հիմա այդ նկարի կողքին Ռուսլանի մեծ նկարն է։

2008-ին են ամուսնացել; Առաջնեկը՝ Տաթեւը, ծնվել է 2010–ին, 2013 թ․ Տիգրանն է ծնվել, իսկ 2020 թ․՝ Արեւիկը։

2016-ին հիփոթեքով տուն էին գնել։ Ամուսիններով տուն-տեղ էին դրել։ Ռուսլանն աշխատում էր «Արցախգազում» որպես ինժեներ, Նանարը՝ որպես բուժքույր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Երբ 44-օրյա պատերազմն սկսվեց, Արեւիկը 8 ամսական էր։ Տիկին Գյուլչորան երեխաներին Երեւան էր բերել։ Ռուսլանը Մարտունու դիրքերում էր, Նանարը՝ հիվանդանոցում։

Նոյեմբերի 7-ին, Նանարի պատմելով, հիվանդանոցը տարհանվել է։ Երեւան է եկել։ Արեւիկն սկզբից չէր ճանաչել մորը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Երեւան է եկել նաեւ Ռուսլանը։ Բայց Երեւանում երկար չէին մնացել, վերադարձել էին տուն։ Ռմբակոծությունից ու հրետակոծությունից տան պատուհանները ջարդվել էին։ Տունը կարգի էին բերել եւ Նոր տարին բոլորով միասին դիմավորել։

Դժվար օրերն առջեւում էին. 2022 թ․ դեկտեմբերին ադրբեջանցիները փակեցին Հայաստան-Արցախ ճանապարհը:

2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ռուսլանի հայրական տանն էին։ Արցախի շրջափակումից հետո տեղափոխվել էին այնտեղ, քանի որ տունը Ստեփանակերտի կենտրոնում էր, ու աշխատանքի գնալ-գալն այդտեղից ավելի հեշտ էր։

Ամռանը Ռուսլանը վերանորոգել էր ծնողների տունը։ «Երկու ամիս մնացինք։ Ով գալիս էր, ասում էր՝ էս ինչ լավն ա։ Ռուսլանը էսպես էր անում ձեռքերը, թե միեւնույնն է՝ մնալու են հողի տակ։ Իմանում էր, որ ինքը չի լինելու։ Ու դա մի անգամ չի ասել»,- հիշում է մայրը, ու հյուրասենյակում լսվում է նրա լացի խուլ ձայնը։

Տաթեւն ու Տիգրանը սեպտեմբերի 19-ին դպրոցում էին։ Ռուսլանը գնացել էր երեխաների հետեւից, Նանարն ու Արեւիկն իջել էին նկուղ։ Տիկին Գյուլչորան հուղարկավորության էր գնացել, իսկ երբ վերադարձել էր, Նանարը գնացել էր հիվանդանոց։

Վիրավորները շատ էին։ Նանարն ասում է՝ ամսի 20-ին թույլ տվեցին, որ վիրավորներին տեղափոխեն Երեւան։ Մի քանի ծայրահեղ ծանր վիրավորներ կային, որոնց ուղղաթիռով պիտի տեղափոխեին, բայց դեռ թույլտվություն չկար։

-Քաղաքում լռություն էր այդ մի քանի օրը։ Էլ ձայն չկար,- վերհիշում է Նանարը։

Սեպտեմբերի 23-ին գործը թեթեւացել էր, երեկոյան մի քանի ժամով տուն էր գնացել։ Տնեցիները, հարեւաններն արդեն իրերն էին հավաքում՝ քաղաքից դուրս գալու համար։ Ամսի 24-ի առավոտյան կրկին աշխատանքի էր գնացել, իսկ երբ գիշերը տուն էր եկել, Ռուսլանն իրերն արդեն հավաքել էր։

-Բալկոնում նստած լացում էի, Ռուսլանը եկավ, ասեց՝ ինչի՞ ես լացում։ Ասեցի՝ մեծ դժվարությամբ, մեր ուժերով, աշխատանքով տուն ենք սարքել, հիմի թողնում ենք, գնանք։ Իր ձեռքով ամեն ինչ գալիս էր։ Ասեց՝ սաղ գործիքներս դրել եմ, Երեւանում քո համար տուն եմ սարքելու,- Նանարը լռում է։

-Հիմա Նանարն ա իրա համար տուն սարքում։ Գեղեցիկ գերեզմանը ուզում ա ամենալավը լինի,- արձագանքում է տիկին Գյուլչորան։

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Նանարը հրաժեշտ էր տվել անձնակազմին։ Հետո գնացել էր պոլիկլինիկա, ապա դպրոց՝ երեխաների թղթերի հետից։ Կեսօրից հետո պետք է ճանապարհվեին Երեւան։

Ռուսլանն ասել էր, թե բենզինը քիչ է, պիտի գնա բենզին բերի: Նանարը պատասխանել էր, թե 13 լիտր բենզին ունեն, ճանապարհվելու համար հերիք է։ Բայց հետո Ռուսլանը միտքը փոխել էր՝ ասելով, որ եղանակը վատ է, ամպրոպ է, ամսի 26-ին ճանապարհ կընկնեն Երեւան։ Քանի որ ազատ ժամեր կային, Նանարը որոշել էր գնալ հիվանդանոց՝ մտածելով, որ գուցե օգնելու կարիք լինի։

17։55-ին Ռուսլանը հաղորդագրություն էր ուղարկել Նանարին։ Գրել էր, որ Հայկազովում բենզին են տալիս, գնում է այնտեղ։ Դա Ռուսլանի վերջին հաղորդագրություն էր կնոջը։ 10 րոպե անց բաժանմունքի վարիչը ներս էր մտել սենյակ, որտեղ բուժանձնակազմն էր, ու ասել, որ պայթյուն է եղել, մեծ թվով վիրավորներ են բերում, արագ պետք է դիմավորեն։

Վազելով իջել էին առաջին հարկ։ Նանարն ասում է, որ տեսարանը ծանր էր․ տղաները լացելով, անճանաչելի դարձած դեմքերով օգնություն էին խնդրում. «Ծանոթ երեխաներ էին գալիս։ Մեկը սկեսուրիս քրոջ տղան էր՝ 20 տարեկան, պայմանագրային զինծառայող։ Վազելով եկավ, ասեց՝ Նանար, ես եմ, Մարատն ա։ Չէի ճանաչում, դեմքերը սաղ վառված էին, էն մեկը տալոջս գյուղացին էր, էն մեկը հարեւան էր․․․ Բոլորից հարցնում էի՝ Ռուսլանին տեսե՞լ եք։ Մինչեւ երեկոյան ժամը 9-ը աշխատեցի հիվանդանոցում վիրավորների հետ՝ ցավազրկելով, լացելով, դրանից հետո հասկացա, որ Ռուսլանը չկա»։

Նանարը հիվանդանոցից դուրս էր եկել ու սկսել փնտրել ամուսնուն։ «Արեւիկ» մանկական հիվանդանոցում էլ վիրավորները շատ էին, բայց Ռուսլանը նրանց մեջ չէր։ Դիահերձարան էր գնացել, սակայն ոչ մի տեղ Ռուսլանից լուր չկար։ Մինչեւ կեսգիշեր փնտրտուքներն արդյունք չէին տվել։

Սեպտեմբերի 26-ին կրկին ոչ ձայն, ոչ նորություն կար Ռուսլանից։ Այդ օրն էլ երկար էին սպասել։ Ամսի 27-ին նրանց ասել էին, որ քաղաքում քիչ մարդ է մնացել, պետք է դուրս գան, եւ եթե նորություն լինի, տեղյակ կպահեն։ Ստեփանակերտից Երեւան ճանապարհը տանջալից էր։ Մեկ մեքենայի մեջ Նանարն էր 3 երեխաների հետ, մայրը, քույրն ու ամուսնու ծնողները։ 38 ժամ ճանապարհ են եկել։ Երեւան հասնելու հաջորդ օրը ԴՆԹ անալիզ են հանձնել, բայց դրանից հետո էլ, Նանարի պատմելով, լավ նորության էին սպասում։

Ռուսլանը Նանարի հորեղբոր հետ էր գնացել բենզին վերցնելու: Գնացել էին Նանարի ընկերուհու ամուսնու մեքենայով։ Մինչեւ վերջինս մեքենան կկայաներ, Ռուսլանն ու Նանարի հորեղբայրն ասել էին, թե ոտքով կգնան, տեսնեն՝ ինչ է կատարվում։ Հենց այդ պահին էլ որոտացել էր պայթյունը։ Ընկերուհու ամուսինը ողջ էր մնացել, բայց զոհվել է նրա եղբայրը:

Ռուսլանից եւ Նանարի հորեղբորից լուրի սպասումը ձգվել է մինչեւ նոյեմբերի 3-ը։ Այդ օրը ընտանիքով «Եռաբլուր» էին գնացել՝ Ռուսլանի քրոջ ամուսնու զոհվելու տարելիցն էր. նա զոհվել է 44-օրյա պատերազմում։ Հենց այդ ժամանակ էլ զանգել, հայտնել, որ Նանարի հորեղբոր ԴՆԹ-ն համընկել է։ Մինչեւ տուն էին հասել, իմացել էին նաեւ Ռուսլանի զոհվելու մասին։

2023 թ. նոյեմբերի 7-ին Ռուսլանին ու Նանարի հորեղբորը միասին հուղարկավորել են Երեւանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը։

Հիմա ընտանիքն ամեն կիրակի 16-րդ թաղամասից գնում է գերեզմանոց։

-Որ լացում էի, Արեւիկն ասում էր՝ բաբո, մի՛ լացիր, պապաս գալու ա։ Որ տարանք գերեզմանոց, բերեցինք, ասեցի՝ Արեւիկ, ե՞րբ ա պապադ գալու, ասեց՝ չի գալու, բաբո, ինքը պապիի հետ գնացել ա Ստեփանակերտ,- ասում է Ռուսլանի մայրը՝ տիկին Գյուլչորան։

Մեր զրույցի ընթացքում Արեւիկն արթնացել էր։ Հյուրասենյակ է բերում իր խաղալիքներն ու սկսում խաղալ։ Շեկ, երկու հյուսերով 4-ամյա գեղեցկադեմ Արեւիկը դեռ չի հասկանում կատարվածը։ Միջանցքում՝ մանկական օրորոցին, հերթով շարել է տիկնիկներին, քնեցրել։ Տատն ասում է՝ Ստեփանակերտի հարեւանների երեխաների անուններն է դրել տիկնիկներին։

Մեր զրույցի ընթացքում Տիգրանը տուն եկավ: Տաթեւի հետ «Օրրան» բարեգործական կենտրոն է հաճախում: Տաթեւը կարուձեւ եւ նկարչություն է սովորում այնտեղ, Տիգրանը՝ փայտարվեստ: Նանարն ասում է, որ այդպես երեխաները ցրվում են, կտրվում առօրյա խնդիրներից:

Ռուսլանը նկարչություն էր սովորել Արցախի պետական համալսարանում: Հիմա Տաթեւն է սիրում նկարել:

Քիչ անց Նանարը հյուրասենյակի բազմոցին է դնում ընտանեկան լուսանկարներով տոպրակը: Մենք սկսում ենք նայել, իսկ Նանարը՝ տեղափոխվել այդ օրեր: Հիմա երբ տուն-տեղը թողել է հեռվում, ձգտում է համացանցում չհետեւել, չփնտրել օրեցօր փոխվող, հայկական հետքերը կորցնող հայրենիքի կադրերը: Ասում է՝ միշտ ուզում է մաքուր հիշել քաղաքը:

Ռուսլանը սիրում էր լուսանկարել: Ստեփանակերտից դուրս գալու ժամանակ հավաքել են բոլոր լուսանկարները: Ու հիմա դրանք են անցյալից մնացած այն մի կտոր երջանկությունը, որ երբեմն ցավեցնում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter