HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանները Լիճքի հանքավայրը շահագործելու համար «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը չեն վերականգնել

Շուրջ 3 տարի տևած դատաքննություններից հետո «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը՝ Լիճքի պղնձի հանքավայրի նկատմամբ, չի վերականգնվել։

2013թ․ փետրվարին «Թաթսթոուն» ՍՊԸ-ի և այն ժամանակ լիազոր մարմին հանդիսացող Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև կնքվել էր օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը, տրվել էր արդյունահանման թույլտվությունը և լեռնահատկացման ակտը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020թ․ մարտի 2-ի գրությամբ ընկերությանը տրվել էր գրավոր զգուշացում՝ 90-օրյա ժամկետում խախտումնեը վերացնելու վերաբերյալ:

2021թ․ ապրիլի 12-ի հրամանով ընկերության թույլ տված խախտումների հիմքով հարուցվել էր վարչական վարույթ: ՏԿԵ նախարարի 2021թ․ մայիսի 12-ի հրամանով դադարեցվել էր ընկերության՝ Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը, ուժը կորցրած էր ճանաչվել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, լեռնահատկացման ակտը:

Համաձայն նախարարի հրամանի՝ դադարեցման պատճառն այն էր, որ Լիճքի հանքավայրում ընկերությունն օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ չէր իրականացրել: Այդպես հայտնել էր «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը հարուցված վարչական վարույթի շրջանակներում:

Ըստ այդմ` արձանագրվել էր, որ խախտվել է Ընդերքի մասին օրենսգրքի մի շարք հոդվածներ, ինչպես նաև ընկերության և Կառավարության միջև 2013թ. կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը, որը 2016-ին փոփոխվել էր։

Համաձայն այդ պայմանագրի և փոփոխությունների, լիազոր մարմինը ընդերքօգտագործողին տարեկան 1000,0 հազար տոննա սուլֆիդային և խառը հանքաքար և 260,0 հազար տոննա օքսիդացված հանքաքար օգտակար հանածոյի պաշարների մարման համար տիրապետման և օգտագործմանն էր հանձնել 12,5 տարի ժամկետով։

Բացի վերոնշյալ խախտումներից, ընկերությունը չէր վճարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման` (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար նախատեսված և մշտադիտարկումների իրականացման համար սահմանված վճարումները:

Լիազոր մարմինը 2020թ. մարտին զգուշացում էր ուղարկել ընկերությանը, որից հետո ընկերությունը կատարել էր դրամագլխի վճարումները, սակայն ընդերքօգտագործում չէր սկսել։

Վարչական վարույթն իրականացնող մշտական հանձնաժողովն արձանագրել էր, որ լիազոր մարմնի սահմանած 90-օրյա ժամկետում ընդերքօգտագործման իրավունք կրողն ամբողջությամբ չի վերացրել զգուշացման հիմքերը։ Այդպիսով, նախկին նախարար Պապիկյանը որոշել էր դադարեցնել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը՝ ընդերքօգտագործում չիրականացնելու խախտումը չվերացնելու հիմքով։

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն 2021թ․ հուլիսին դիմել էր դատարան՝ ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Ընկերությունը պահանջում էր անվավեր ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այժմ արդեն նախկին նախարար Սուրեն Պապիկյանի մայիսի 12-ին արձակած հրամանը, որով վերջինս դադարեցրել էր «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի նկատմամբ։

Վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի գլխավորությամբ, 2023թ․ փետրվարի 21-ին մերժել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի հայցը՝ հիմնավորելով, որ վիճարկվող նախարարի որոշումը կայացվել է իրավաչափորեն։

2024թ․ մայիսի 14-ին, Վարչական վերաքննիչ դատարանը, Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, մերժել է ընկերության բողոքը և նույնն է թողել ստորադաս դատական ակտը։

Հիշեցնենք՝ քանի դեռ դատարանում վիճարկվում էր «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի հարցը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Լիճքի պղնձի հանքավայրը շահագործելու հայտ էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն։

Ըստ ներկայացված նախագծի` ԶՊՄԿ-ն Լիճքի պղնձի հանքավայրը նախատեսվում է շահագործել բացահանքով` ապահովելով սուլֆիդային և խառը տիպի հանքաքարերի արդյունահանման տարեկան 2 մլն տոննա հանրագումար քանակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter