HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Nvidia ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը` շրջանցելով Microsoft-ին և Apple-ին

Ամերիկյան Nvidia ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը, այն արժե 3.33 տրիլիոն դոլար։ Ընկերության բաժնետոմսերի գինը հասել է պատմական առավելագույնին. հունիսի 18-ին արժեթղթերի շուկայում Nvidia-ի բաժնետոմսերը գնահատվել են շուրջ 136 դոլար։ Ընկերության հաջողությունը հիմնականում պայմանավորված է համակարգչային չիպերի արտադրությամբ, որոնք օգտագործվում են արհեստական բանականության մշակման և ուսուցման համար։ 

Այժմ ընկերությունն ավելի թանկ արժե, քան Microsoft-ը, որը գլխավորում էր աշխարհի ամենաթանկ ընկերությունների համաշխարհային վարկանիշային ցանկը: Հունիսի սկզբին Nvidia-ն այդ ցուցանիշով առաջ էր անցել նաև Apple-ից՝ դառնալով 2-րդը այդ ցանկում։

2024 թվականի մայիսին ընկերությունը հայտարարել է, որ մասնատում է իր բաժնետոմսերը (անգլ.` Stock split), այսինքն՝ ավելացնում է դրանց թիվը՝ կրճատելով արժեքը։ Մինչ այդ Nvidia-ի բաժնետոմսերը վաճառվում էին 1200 դոլարով, ինչը մեծ գումար էր փոքր ներդրողների համար։ 

Շատ ներդրողներ կարծում են, որ Nvidia-ի եկամուտները կարող են էլ ավելի աճել, քանի որ կազմակերպության արտադրած չիպերը մեծ պահանջարկ ունեն արհեստական բանականություն մշակող ընկերությունների շրջանում, ինչի հետևանքով էլ կբարձրանան նաև ընկերության բաժնետոմսերի արժեքները։

Nvidia ընկերությունը 2022 թվականի մարտին մասնաճյուղ է բացել նաև Հայաստանում՝ «Էնվիդիա Արմենիա» ՍՊԸ։ Այս ընկերությունը Կառավարության կողմից 10 մլրդ դրամ պետական աջակցություն ստացած ՏՏ ընկերությունների ցանկում էր։ Դեկտեմբերին «Էնվիդիա Արմենիա»-ն Հայաստանի պետական բյուջեից 90 մլն դրամ աջակցություն է ստացել։

Սյուզաննա Օհանյան, Հետք Մեդիա Գործարան

Գլխավոր նկարը՝ Dado Ruvic, Reuters
Մշակումը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter