HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

VMware, NVIDIA, Sportion. աջակցություն ստացած ՏՏ ընկերությունների նոր ցանկը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ևս 205 հայտնի և անհայտ ընկերություններ օգտվել են պետական աջակցությունից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նրանց հետ արդեն պայմանագրեր է կնքել։ Նրանց շարքում կան ընդամենը 1-1.5 տարի առաջ հիմնադրված ընկերություններ, որոնք տեսանելի աջակցություն են ստացել, շատ են օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերը։ Ծրագրի աջակցության ընդհանուր չափը պլանավորված 10 մլրդ դրամից պակաս է ստացվում։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում (N 1863-Լ որոշում) ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Կառավարության այս որոշումը քննադատությունների արժանացավ։

Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք 111 ընկերության ցանկ, որը ևս ինչպես այս հոդվածի ցանկը, հավաքագրել ենք բաց աղբյուրից՝ Ֆինանսների նախարարության Armeps համակարգից, որտեղ հրապարկվում են կառավարության և մյուս պետական մարմինների պայմանագրերը, գնումները և այլ պաշտոնական տեղեկություններ։ Այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Պիկսարտ»-ը (Pics Art) և «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ը (Energize Global Services) ստացել են յուրաքանչյուրը 400 միլիոն դրամ (1 մլն ԱՄՆ դոլար) աջակցություն։ 

Նոր ընկերությունների շարքում ևս կան մեծ աջակցություն ստացածներ։

VMware, NVIDIA, Sportion. օտարերկրյա հայտնի կազմակերպությունների մասնաճյուղերը տեսանելի աջակցություն են ստացել 

«ՎիԷմուեր Իսթերն Յուրոփ» ՍՊԸ ընկերությանը՝ VMware-ին, այս ծրագրի շրջանակներում հատկացվել է 372 մլն դրամի (այսօրվա փոխարժեքով մոտ 964 հազար ԱՄՆ դոլար) աջակցություն։

VMware-ը տրամադրում է ամպային լուծումներ և պլատֆորմի վիրտուալացման ծրագրային ապահովման ծառայություններ: Ընկերությունը հայկական շուկայում գործում է 2011 թվականից։ Այն ամերիկյան VMware ընկերության մի մասն է կազմում։

«ՎիԷմուեր Իսթերն Յուրոփ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Իռլանդիայում գրանցված «Վիէմուեր Ինթերնեյշնլ Մարկետինգ Լիմիթեդ» ընկերությունն է։

VMware-ը հայկական ՏՏ ոլորտի խոշոր հարկատուներից է։ 

Ամերիկյան սեփակատերեր ունեցող «Էնվիդիա Արմենիա» ՍՊ ընկերությունը (NVIDIA), որը Հայաստանում գործունեություն է ծավալել ընդամենը մեկ տարի, 90 մլն դրամի աջակցություն է ստացել (մոտ 235 հազ. դոլար)։

«Էնվիդիա Արմենիա» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2022 թվականի մարտին։ Ընկերության 100% սեփականատերը ամերիկյան «Էնվիդիա ինթերնեյշընըլ ինք» ընկերությունն է։

NVIDIA-ի Հայաստան գալու մասին 2022 թվականի ապրիլին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20 000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում»,- ասել է նա։

Պարզվում է՝ մեկ տարի անց աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը Հայաստանի պետական բյուջեից 90 մլն դրամի աջակցություն ստանալու կարիք է ունեցել։ 

«Սփորթիըն ԷՅ ԷՄ» ՍՊ ընկերությունը (Sportion) այս ծրագրի շրջանակներում ստացել է մոտ 81 մլն դրամի աջակցություն: Դա կազմում է մոտ 210 հազար դոլար։

Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի հուլիսին։ Ընկերության 100% սեփականատերը և տնօրենը Վանաձորում գրանցված Էմմա Թաշջյանն է։

Sportion-ը ևս արտասահմանյան արմատներ ունի։ Ինչպես նշված է պաշտոնական կայքում, այն հիմնադրվել է 2019 թվականին Հունաստանում։

Այնուհետև գրասենյակներ է հիմնել Սերբիայում և Երևանում։  

Այս ցանկում տեղ գտած մյուս ընկերություններին հատկացված աջակցության չափը 80 մլն դրամից պակաս է։

Հատկանշական է, որ քիչ չեն նաև ընկերությունները, որոնք ընդամենը 1-1,5 տարի առաջ են հիմնադրվել և արդեն հասցրել են ակտիվ օգտվել պետական աջակցության ծրագրերից։

Այդպիսին է 2022 թվականի մայիսին հիմնադրված «Հեյզլթրի արմ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի Եկատերինա Դոբրոդեևան է։

Ընկերությանը հատկացված աջակցության չափը կազմում է գրեթե 55 մլն դրամ (142 հազար ԱՄՆ դոլար): Այս ընկերության գործունեության մասին համացանցում որևէ տեղեկություն չգտնվեց։

Միայն Armeps-ում տեսնում ենք, որ այն Հայաստանի պետական աջակցության այլ ծրագրից ևս օգտվել է, որոնք նախատեսված են ՏՏ ոլորտը «փրկելու» համար։

Աջակցության չափը չի հասնում 10 մլրդ դրամի

Նախորդ հրապարակմամբ ներկայացված 111 ընկերությանը այս ծրագրի շրջանակներում  հատկացվել է շուրջ 4.5 մլրդ դրամի աջակցություն։

Մյուս 205 ընկերությանը հատկացվել է 2.4 մլրդ դրամ։

Այսինքն՝ հավաքագրված երկու ցանկի 316 ընկերությանը միասին հատկացվել է մոտ 6.9 մլրդ  դրամ։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել են, որ 321 ընկերության հայտ համապատասխանել է պահանջներին։ Դեռևս չհրապարակված 5 ընկերությանը, նախարարությունը, ցանկության դեպքում անգամ չէր կարող 10 մլրդ դրամից մնացած մոտ 3.1 մլրդ դրամ հատկացնել, քանի որ այս ծրագրով մեկ ընկերությանը առավելագույնը տրվում է 400 մլն դրամ։

Ստացվում է՝ կա՛մ նախարարությունը ժամանակին ճիշտ հաշվարկներ և կանխատեսումներ չի արել, կա՛մ ավելի խիստ է գտնվել հայտներն ընդունելիս։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ տևած հարցումներից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրաժարվեց «Հետք»-ին տրամադրել այս ծրագրով աջակցություն ստացած ընկերությունների ցանկն ու աջակցության չափերը։

Գերատեսչությունից պատասխանել էին, որ դա առևտրային գաղտնիք է։  Դրանից հետո «Հետք»-ը դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։

Ավելի ուշ Ֆինանսների նախարարության Armeps համակարգից հնարավոր եղավ գրեթե ամբողջությամբ հավաքագրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։

Իսկ թե որքանով է այս աջակցությունը ծառայել նպատակին, հայտնի չէ։

Միայն փաստ է, որ աջակցություն ստացած որոշ ընկերություններ շարունակում են կրճատել աշխատակիցների թիվը։

ԲՏԱ նախարարությունն առայժմ չի շտապում գնահատել այս ծրագրի արդյունավետությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter