HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկրյա սեփականատերերով ՏՏ բազմաթիվ ընկերություններ օգտվել են պետական աջակցությունից

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության հաստատմամբ աջակցություն ստացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ցանկում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց սեփականատերերը կա՛մ օտարերկրյա քաղաքացիներ են, կա՛մ այլ երկրներում գրանցված ընկերություններ։

«Հետք»-ը շարունակում է ուսումնասիրել պետական աջակցություն ստացած 111 ընկերությունների ցանկը, որը կազմել ենք բաց աղբյուրում հրապարակված պայմանագրերի հիման վրա։ Թեև ԲՏԱ նախարարությունը պնդում էր, որ ցանկն ու աջակցության չափերը առևտրային գաղտնիք են, սակայն մեր հրապարակումից հետո որևէ արձագանք չենք ստացել նախարարությունից։

Հիշեցնենք՝ խոսքը 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարության ընդունած որոշման մասին է (N 1863-Լ), որի շրջանակներում 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվում ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Հիմնավորումն այն էր, որ այդ ընկերությունները, աշխատելով այլ երկրների հետ, դրամի արժևորումից՝ դոլարի անկումից, տուժել են:

Օտարերկրյա ՏՏ կազմակերպություններն ու օտարերկրյա քաղաքացիները էական մասանակցություն ունեն Հայաստանի ՏՏ ոլորտում։ Աջակցություն ստացած 65 ընկերություն պատկանում է ՀՀ քաղաքացիների, 3-ի սեփականատերերը և՛ հայեր են, և՛ օտարերկրացիներ, իսկ մնացած 43-ը պատկանում են օտարերկրյա անձանց կամ ընկերությունների։

Նախարարությունից ավելի վաղ նշել են, որ 321 ընկերության հայտ համապատասխանել է պահանջներին։ Դա նշանակում է, որ բացի մեր գտած 111 պայմանագրերից, ևս 210 ընկերություն կա, որին պետական աջակցություն է հատկացվել, սակայն նրանց տվյալները դեռ հայտնի չեն:

Պետական աջակցություն ստացած ընկերությունների գերակշիռ մասը խուսափում են խոսել ստացած գումարի մասին։ 

«Քլինչոյս» ՍՊԸ-ն, որին այս ծրագրի շրջանակներում հատկացվել է 168.5 մլն դրամ, պատկանում է ամերիկյան մեկ այլ ընկերության՝ FMD K&L-ին («Էֆէմդի քեյ ընդ էլ» ինք.)։ «Քլինչոյս»-ի տնօրենն ու հիմնադիրը գործարար Կիրիտ Վելանին է, որը ծագումով Հնդկաստանից է։

Համացանցում «Քլինչոյս»-ի մասին տեղեկություններն ուսումնասիրելիս առաջին տպավորությունն այն էր, որ ընկերությունը առողջապահության և դեղագործության ոլորտում է գործում։ Սակայն պարզվում է՝ այն ՏՏ ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում դեղագործական, բժշկական սարքեր արտադրող և առողջապահության ոլորտում աշխատող ընկերություններին։ Հայաստանի հարկ վճարողների համակարգում ընկերության գործունեության տեսակը նշված է որպես «տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում»։

«Քլինչոյս»-ը Հայաստանում համագործակցում է նաև պետական կառույցների հետ։ Առողջապահության նախարարության  կայքում հրապարակված տեղեկություններից մեկի համաձայն՝ ընկերությունը «Կլինիկական հետազոտությունների հիմունքներ» թեմայով դասընթաց է կազմակերպել Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ։

Մեզ որևէ կերպ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից։ Երկու օր առաջ այցելեցինք նրանց գրասենյակ, որտեղից նշեցին, որ տնօրինությունից ոչ ոք տեղում չէ, և խոստացան հաջորդ օրը կապ հաստատել։  

Հաջորդ օրն էլ ասացին, որ խիստ գրաֆիկ ունեն և չեն կարող մեզ հետ զրուցել։

Նախորդ հոդվածում արդեն գրել ենք, որ ամենամեծ չափի՝ 400 մլն դրամ աջակցություն ստացած ընկերություններից «Պիկսարտ» ՍՊԸ-ի (Picsart) 100% սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «Պիկսարտ ինք.» ընկերությունն է, որի տնօրենը Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանն է։

Ավոյանը ստացած աջակցության վերաբերյալ հարցերին պատասխանելու համար հղում էր արել «Պիկսարտ» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Պետրոսյանին։ Հինգ օր առաջ ուղարկված մեր հարցմանը Գուրգեն Պետրոսյանը չի պատասխանել։

Մեր հարցերին չեն պատասխանել նաև պետական բյուջեից 400 մլն դրամ ստացած «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ից (Energize Global Services): Այս ընկերությունը, ըստ իրական շահառուների հայտարարագրի, պատկանում է ԱՄՆ քաղաքացի, հայազգի գործարար Ռիչարդ Բեզջյանին և նրա ընտանիքի անդամներին։ Հինգ օր առաջ «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ից զանգով փորձեցինք ճշտել՝ արդյոք ստացե՞լ են պայմանագրով նախատեսված գումարը, թե՝ ոչ։ Խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որին դեռևս չեն պատասխանել։

«Վեբբ ֆոնտեն հոլդինգ» ՍՊԸ-ին հատկացվել է 202.5 մլն դրամի աջակցություն։ Այս ընկերության 100% բաժնեմասը պատկանում է «Վեբբ ֆոնտեն գրուպ ֆզ» ՍՊԸ-ին, որը գրանցված է Արաբական միացյալ էմիրություններում՝ Դուբայում։

Օտարերկրյա սեփականատերեր ունեն «Կրիսպ» ՍՊԸ-ն, «Սոլոլըռն ԱռԷյ» ՍՊԸ-ն, «Օ-Էմ-Դի» ՍՊԸ-ն, «ՍերվիսԹայթան Արևելք» ՍՊԸ-ն և բազմաթիվ այլ ընկերություններ։ Նրանց ստացած աջակցության չափերը կարող եք տեսնել մեր նախորդ հոդվածում։

Կան նաև ընկերություններ, որոնք Հայասանում հիմնադրվել են 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից։

Օրինակ՝ «Թիմ Վորք» ՍՊԸ-ն, որին հատկացվել է 171.4 մլն դրամ, գրանցվել է 2022 թվականի մարտի 3-ին։ Ըստ իրական շահառուների հայտարարագրի՝ 100% սեփականատերը Ուկրաինայի քաղաքացի Գրիգորիյ Պավլոցկիյն է։

«Էմքրաֆթ սիսթեմս» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2022 թվականի մարտի 23-ին։ Ընկերությունը 3 սեփականատեր ունի, որոնք ՌԴ քաղաքացիներ են՝ Նիկոլայ Իվանտեր, Նատալյա Սոֆրոնովա, Ալեքսանդր Սանոչկին։ ԲՏԱ նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ այս ընկերությունը 9․3 մլն դրամի աջակցություն է ստացել։

«Վօլօ» ՍՊԸ-ն, «Ինստիգեյթ Մոբայլ» ՓԲԸ-ն, «Ռենդերֆորեստ» ՓԲԸ-ն, «Արիքլ» ՍՊԸ-ն, «Էվրիմատրիքս ԱՐ» ՍՊԸ աջակցություն ստացած այն ընկերությունների ցանկում են, որոնց սեփականատերերը Հայաստանի քաղաքացիներ են։

«Ինստիգեյթ Մոբայլ» ՓԲԸ-ն մոտ 128.9 մլն դրամի աջակցություն է ստացել։ Ըստ իրական շահառուների հայտարարագրի՝ «Ինստիգեյթ Մոբայլ»-ը պատկանում է (անուղղակի մասնակցություն) Աշոտ Ղուկասյանին (22.5%), Արեգ Գարեգինյանին (22.5%) և Արտակ Չոփուրյանին (45%): Չոփուրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը ստացել է պայմանագրով նախատեսված գումարը։

«Ինստիգեյթի» (Instigate) ֆեյսբուքյան էջում նշված է, որ այս ընկերությունների խմբում գործում է 16 ընկերություն։ Նրանց շարքում է նաև «Ինստիգեյթ Մոբայլ» ՓԲԸ-ն (Instigate Mobile ), որը վերջերս նոր բրենդով է հանդես գալիս՝ zealous։

«Ինստիգեյթի» ընկերություններից պետական աջակցություն է ստացել նաև «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ն՝ 7.8 մլն դրամ։

Արտակ Չոփուրյանից հետարքրվեցինք՝ նշված ընկերությունների խմբից կա՞ այլ ընկերություն, որը այս ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել։ Նա նշեց, որ տեղյակ չէ։ Նաև շեշտեց, որ թեև այս ընկերությունները նույն ցանկում են, սակայն ունեն տարբեր բաժնետերեր, որոշների դեպքում էլ՝ մեկ անձը բաժնետեր է մի քանիսում։

Քանի որ հայտնի չէ աջակցություն ստացած ընկերությունների ամբողջական ցանկը, որտեղ պետք է 321 ընկերություն լինի, առայժ չենք կարող ասել, թե «Ինստիգեյթի» հետ կապվող ընկերությունները ընդհանուր առմամբ որքան աջակցություն են ստացել։

«Ռենդերֆորեստ» ՓԲԸ-ին հատկացվել է 84․7 մլն դրամի աջակցություն։ Ընկերության 100% սեփականատերն ու տնօրենը ՀՀ քաղաքացի Նարեկ Սաֆարյանն է։

«Էվրիմատրիքս Ար» ՍՊԸ-ին 27․7 մլն դրամի աջակցություն է հատկացվել։ Ընկերության 100% սեփականատերը Գոռ Նիկողոսյանն է։

«Վօլօ» ՍՊԸ-ն ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպություններից է, այն զբաղվում է բջջային հավելվածների, ձեռնարկությունների ծրագրային ապահովման մշակմամբ։ Այս ընկերությունը ստեղծվել է 2006 թվականին,  ունի 300-ից ավելի աշխատակից և 7 գրասենյակներ։ Ընկերության սեփականատերը ՀՀ քաղաքացի Արմեն Քոչարյանն է։ «Վօլօ» ՍՊԸ-ին, ըստ ԲՏԱ նախարարության հետ 2023թ․ մայսիսի 18-ին կնքված պայմանագրի, որպես աջակցություն տրամադրվել է 174.7 մլն դրամ։

Հայաստանյան արմատներով «Արիքլ» ՍՊԸ-ին հատկացվել է 29.4 մլն դրամ։ Ընկերության 100%  սեփականատերը ՀՀ քաղաքացի Վիլեն Հովհաննիսյանն է։

Այս ծրագրի շրջանակներում ընկերությունների ստացած աջակցության չափերը խիստ տարբեր են։ Եթե ամենախոշորները ստացել են 400 մլն դրամ, ապա ըստ մեր ունեցած ցանկի՝ ամենափոքր աջակցությունը կազմել է 19 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, այդ ցանկի 111 ընկերություններին հատկացվել է մոտ 4 մլրդ 391 մլն դրամ։ Հիշեցնենք, որ դեռևս 210 ընկերության տվյալ չունենք։ Ի սկզբանե հայտարարվել է, որ այս ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 10 մլրդ դրամ է կազմելու։

Կառավարության N 1863-Լ որոշման հավելվածում կարդում ենք, որ յուրաքանչյուր շահառուի մասով առավելագույնը 400 մլն (չորս հարյուր միլիոն) դրամի չափով աջակցություն կարող է հատկացվել։

Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter