HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

5% եկամտային հարկ. ՏՏ ոլորտին աջակցող հերթական նախագիծը՝ առանց տնտեսական հիմնավորման

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը դարձնել 5%։ Ներկայում Հայաստանում եկամտային հարկը 20% է։ ՏՏ շատ ընկերություններ օգտվում են 10% եկամտային հարկ վճարելու արտոնությունից։

Սակայն, Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ այս ոլորտն այնքան է տուժում արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորումից կամ այլ կերպ ասած՝ դոլարի փոխարժեքի անկումից, որ կրկին պետական աջակցության կարիք ունի։ ՏՏ ոլորտի շատ ընկերություններ եկամուտներ են ստանում արտասահմանից՝ ԱՄՆ դոլարով։

Այս մասին նախագիծը հանրային քննարկման է դրված e-draft.am համակարգում։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է 5% եկամտային հարկ սահմանել ՏՏ այն ընկերությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից։

«2022 թվականի տարեսկզբից նկատվող և այժմ պահպանման միտում ունեցող արտարժույթների, հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։ Ավելին, ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը՝ խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախարարությունն ակնկալում է, որ ՏՏ ոլորտին տրվող հերթական արտոնության արդյունքը կլինի նշված ոլորտի գործունեությունների զարգացման ընթացքի կայունությունը։

Այս արտոնությունից կարող են օգտվել ՏՏ հետևյալ ենթաոլորտները՝ «Համակարգչային ծրագրերի հրատարակություն», «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում», «Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ»։ 

Նախագիծ՝ առանց տնտեսական և ֆինանսական հիմնավորումների

Հրապարակված նախագծում չկա ոչ մի տնտեսական և ֆինանսական հիմնավորում այն մասին, որ ՏՏ ոլորտին հենց 5% եկամտային հարկը «կփրկի» կամ այդ ոլորտում կայունություն կհաստատի։ Փոխարենը, Էկոնոմիկայի նախարարության մասնագետները այլ երկրների օրինակներ են ներկայացրել, որտեղ ՏՏ ոլորտը արտոնյալ է՝ Պորտուգալիա, Կիպրոս, Բելառուս, Ղազախստան։

Էկոնոմիկայի նախարարությանն ուղարկված մեր գրավոր հարցմամբ խնդրել էինք ներկայացնել այս նախագծի հիմքում ընկած տնտեսական կամ ֆինանսական հաշվարկները։ Սակայն, ինչպես երևում է, նման հաշվարկներ չկան։

«Նշված արտոնության դրույքաչափը սահմանելիս հաշվի է առնվել ոլորտի ներկայացուցիչների ներկայացրած խնդիրները և միջազգային փորձը, մասնավորապես՝ համադրելի պետությունների օրինակները (օրինակ՝ Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն և այլն)»,- տնտեսական կամ ֆինանսական հաշվարկների մասին մեր հարցին այսպես են պատասխանել Էկոնոմիկայի նախարարությունից։

ՏՏ ոլորտին 5% եկամտային հարկի արտոնություն տալու համար հարկավոր կլինի փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչպես նաև՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում» ավելացնել, որ ՏՏ այն կազմակերպությունների համար, որոնց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։ 

Բյուջեն կտուժի, բայց չգիտեն՝ որքան

Էկոնոմիկայի նախարարությանը հարցրել ենք, թե այս որոշման արդյունքում ՀՀ պետական բյուջեն որքա՞ն գումար կկորցնի։

Նախածի ընդունման արդյունքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների նվազեցում: Այս մասին նշված է նախագծում։ Միայն այս տողն է։ Այլ մանրամասներ նախարարությունը մեզ չի հայտնել։

Փոխարենը նախարարությունից նշել են, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր ոչ զգալի հարկային մուտքերի նվազումը արդարացվում է Հայաստան տեղափոխվելու հեռանկարով հետաքրքրվող բազմաթիվ ընկերությունների տեղափոխման որոշման կայացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, փորձի և գիտելիքների փոխանակմամբ, ինչպես նաև այս նախաձեռնությունը կնպաստի արդեն իսկ Հայաստան տեղափոխված բազմաթիվ ընկերությունների գործունեության շարունակականությանը՝ բարձրացնելով Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն։

Դրամի արժևորումից Հայաստանում տուժում են տնտեսության նաև այլ ոլորտներ ևս: Օրինակ՝ արտահանողները։ Սակայն, հատուկ ուշադրության է արժանանում հենց ՏՏ ոլորտը։ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջացել էին առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով։ Թե ովքեր են ստացել պետական աջակցություն այս ծրագրի շրջանակներում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գաղտնի է պահում։ «Հետք»-ը դատական հայց է ներկայացրել ԲՏԱ նախարարության դեմ բյուջեից աջակցություն ստացող ընկերությունների անունները թաքցնելու համար։

Հարցին, թե ինչու է այս անգամ էլ որոշվել հենց ՏՏ ոլորտին աջակցել, Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացմանը՝ հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դիտարկվում է որպես զարգացման լայն հեռանկար ունեցող, ինչը պահանջում է Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու պայմանների ապահովում։

«Ցանկանում ենք նշել նաև, որ Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում են տնտեսության բոլոր ճյուղերը, և դրանց համաչափ զարգացումը՝ Էկոնոմիկայի նախարարության կարևորագույն նպատակն է։ Նախարարության պաշտոնական կայքում ներկայացված են աջակցության բոլոր ծրագրերը»,- պատասխանել են նախարարությունից։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ. «ՏՏ ոլորտին հաճախ արտոնություններ տալը հակասում է թե՛ հանրային ֆինանսների կառավարմանը, թե՛ հարկային ռազմավարությանը»

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը համաձայն չէ Էկոնոմիկայի նախարարության մասնագետների այն կարծիքին, որ ՏՏ ոլորտն այսօր հերթական պետական աջակցության կարիքն ունի։ Ավելին, նա համոզված է, որ դա պետության ռազմավարական փաստաթղթերով հաստատված քաղաքականությանը հակասում է։

«ՏՏ ոլորտին հաճախ արտոնություններ տալը հակասում է թե՛ հանրային ֆինանսների կառավարմանը, թե՛ հարկային ռազմավարությանը։ Մենք ունենք Հարկային օրենսգիրք, որի հայեցակարգում գրված է, որ արտոնությունները խիստ անհրաժեշտ դեպքերում է պետք սահմանել։ Բայց, չգիտես ինչու, անընդհատ արտոնություններ են տալիս ՏՏ ընկերություններին, նրանց աշխատակիցներին՝ պատճառաբանելով, որ գնաճային ճնշումները, փոխարժեքի տատանումները ազդում են նրանց տնտեսական գործունեության վրա։ Նույն գործոններն ազդում են նաև տնտեսության այլ ոլորտների վրա, հասարակ քաղաքացիների և հատկապես սոցիալապես խոցելի խավերի՝ կենսաթոշակառուների և նպաստառուների վրա։ Արտոնություն են տալիս ՏՏ ոլորտին՝ ասելով, որ տնտեսության գերակա ուղղություն է։ Լավ են անում։ ՏՏ ոլորտի ուղղությամբ ի՞նչ ձեռքբերումներ ունենք, տնտեսության մեջ ի՞նչ դեր ունի այս ոլորտը։ Ինչու՞ նման վերլուծության չկա նախագծի հիմքում»,- ասում է Արիստակեսյանը։

Նա նկատում է, որ ՏՏ ոլորտն այսօր արդեն իսկ օգտվում է մի շարք արտոնություններից։ Շատ ՏՏ ընկերությունների աշխատակիցներ 20%-ի փոխարեն 10% եկամտային հարկ են վճարում։ Այս ոլորտում աշխատավարձերը բարձր են, և ոլորտի աշխատակիցները օգտվում են նաև հիփոթեքով բնակարան ձեռք բերելու՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրից։

«Հիմա էլ Հայաստանի ՏՏ ոլորտում շատ են նաև ռուսական բիզնեսները։ Մենք Հայաստանի հարկատուների փողերով արտոնություններ ենք տալիս ռուսական բիզնեսներին։ Այնքան, որքան արտոնություն ենք տալիս, այդքան գումար չի մտնելու պետական բյուջե»,- նշում է Մովսես Արիստակեսյանը։

ՏՏ ոլորտին 5% եկամտային հարկ վճարելու արտոնություն տալու մասին այս նախագծի հանրային քննարկման փուլն ավարտվել է երեկ՝ հունիսի 6-ին։ e-draft.am կայքում նախագծին կողմ է քվեարկել 34 մարդ, դեմ՝ 19: Այն դեռևս պետք է քննարկվի Կառավարությունում և Ազգային ժողովում։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter