«Շատ ցանցեր հրաժարվում են աշխատել». հայ արտադրողը ռուսական շուկայում դժվարությամբ է դիմակայում
Չրերի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերությունը նաև արտահանումներ է իրականացնում, մեծ մասամբ՝ ռուսական շուկա։ Սակայն, այսօր գրեթե առանց շահույթի է արտահանում, քանի որ վերջին 1-1.5 տարում հայկական դրամի նկատմամբ ռուսական ռուբլին մոտ 30%-ով էժանացել է։ Արտահանված ապրանքի դիմաց ընկերությունը ռուբլիով է վճարվում, և այն դրամի վերածելիս 30%-ով եկամուտները նվազում են։
Ընկերության արտահանման գծով ղեկավար Հրանտ Շահումյանն ասում է, որ իրենց մարժան՝ ինքնարժեքի ու վաճառքի տարբերությունը, միջինում 30% է՝ այնքան, որքան ռուբլու էժանացումն է։ Ընկերությունը փորձել է բարձրացնել չրերի գինը, սակայն այդպես էլ իրենց մրցունակությունն է նվազում ռուսական շուկայում։
«Ըստ պայմանագրի՝ արտադրողները իրավունք չունեն բավականին հաճախ գները փոխել։ Տարվա ընթացքում կարելի է 5%, 10%-ով բարձրացնել։ Իսկ այդպես ստացվում է, որ փոխարժեքի պատճառով միանգամից 30% բարձրանում է, ու շատ ցանցեր արդեն հրաժարվում են աշխատել»,- նշում է Հրանտ Շահումյանը։
Բացի ռուբլու նվազումը, արտահանողների համար մեծ խնդիր են նաև Լարսի կուտակումները։ Ապրանքները ուշ են տեղ հասցնում, տուգանվում են։
Իսկ եվրոպական և մյուս շուկաներ դուրս գալու համար ավելի մեծ ծախսեր են պահանջվում։ Դեպի Եվրոպա հայ արտահանողների համար GSP+ արտոնությունների համակարգը 2022 թվականից այլևս չի գործում։
Մինչդեռ, երբ Հայաստանն այս համակարգում էր, Հայաստանում արտադրված ապրանքները կարողանում էին արտոնյալ պայմաններով մուտք գործել Եվրամիության երկրներ:
Արտաքին շուկայում դիմակայելու համար հայ արտահանողները պետական աջակցության և արտոնությունների կարիք ունեն։
«Արեգի» ընկերության արտահանման գծով ղեկավար Հրանտ Շահումյանը նշում է, որ օգտակար լուծումներից մեկը կլինի արտահանողների համար վարկային պայմանների մեղմացումը՝ պետական աջակցության ծրագրերի միջոցով։
Մինչ ընկերությունը փորձում է ռուսական շուկային այլընտրանք գտնել, միաժամանակ չրերի գործարանի տարածքում թանգարան և սեղանատուն է կառուցել։ Դրանցից ստացվող եկամուտներով փորձում է փակել այն վնասները, որոնք կրում է արտահանման ոլորտում առաջացած խնդիրների պատճառով։
«Արեգի»-ն միակ ընկերությունը չէ, որը տուժում է ռուսական ռուբլու արժեզրկման, Լարսի ճանապարհին առաջացող կուտակումների և մյուս խնդիրների պատճառով։ «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ի համահիմնադիր Արա Մարությանը իրավիճակի մասին նամակներ ու առաջարկներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն խնդիրները լուծումներ և պատասխաններ չեն ստացել։
Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 2.9 անգամ՝ հասնելով 2.4 մլրդ դոլարի։ Սակայն, ինչպես արդեն հայտնի է, արտահանման այդ աճի վրա մեծ ազդեցություն է թողել վերաարտահանումը։ 2022 թվականի փետրվարից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար։ Արտահանվել են մեծ թվով տեխնիկա, մեքենաներ, սարքավորումներ։
Մեկնաբանել