HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արա Մարության. «Հայկական պահածոյի և չրի արտահանումն արտերկիր, մասնավորապես՝ Ռուսաստան, կաթվածահար վիճակում է»

Հայկական դրամի արժևորումը, բեռնափոխադրման ծառայությունների թանկացումը, GSP+ արտոնությունների համակարգի վերացումն ու հարակից խոչընդոտները հայկական ապրանքները, այդ թվում՝ պահածոներն ու չրերը, պակաս մրցունակ են դարձրել արտերկրում։

Հայաստանում գյուղմթերք վերամշակող ընկերությունները արտահանման ոլորտում լուրջ խոչընդոտների առաջ են կանգնած։ Խոսքը գլխավորապես պահածոներ և չրեր արտադրող գործարանների մասին է։ «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ի համահիմնադիր Արա Մարությանը նշում է, որ այդ գործարաններից մեծ մասի մոտ կաթվածահար վիճակ է։ Պատճառները մի քանիսն են, առաջինը՝ հայկական դրամի արժևորումն է ռուսական ռուբլու, դոլարի ու եվրոյի նկատմամբ։

Վերջին մեկ տարում ռուբլին հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է մոտ 30%-ով։ Իսկ հայ արտահանողները ռուսական պատվիրատուների հետ աշխատում են ռուսական ռուբլով։ Քանի որ ռուբլին էժանացել է, հայ արտադրողները ստիպված են բարձրացնել գինը, որ եկամուտները հայկական դրամի վերածելիս շատ չտուժեն։

Արդյունքում հայկական ապրանքները ռուսական շուկայում թանկացել են։ Նվազել է դրանց մրցունակությունը։ Ռուբլու նվազումը ոչ միայն պահածոներ և չրեր արտահանողներին է վնասել, այլև՝ մյուսներին։ Սակայն, եթե մնացած ապրանքների դեպքում մարժան՝ ինքնարժեքի ու վաճառքի տարբերությունը, թույլ է տալիս «գոյատևել» ռուսական շուկայում, ապա՝ պահածոների ու չրերի դեպքում այն ցածր է՝ առավելագույնը 25-30%։

«Ռուսական կողմի պատվիրատուներն էլ ասում են, որ արդեն իմաստ չունի հայկական կողմից ապրանք վերցնելը, քանի որ դրա վրա իրենք էլ պետք է գումար ավելացնեն, ու ապրանքն ավելի կթանկանա։ Իսկ հայկական պահածոների ու չրերի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է»,- ասում է Արա Մարությանը։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօրվա (մայիսի 12) դրությամբ ռուսական ռուբլու միջին փոխարժեքը 5.07 դրամ է։ Ավելի լավ պատկերացնելու համար, թե ռուբլին որքանով է էժանացել, մեկ տարի հետ գնանք։ Ուղիղ մեկ տարի առաջ այն 7 դրամի շրջանակներում է եղել։ 

Հայկական ընկերությունները, որոնք ռուսական շուկայում մրցունակության խնդիրներ են ունենում, եվրոպական և այլ շուկաներ դուրս գալու սահմանափակ հնարավորություններ ունեն։ Երբեմն, այդ շուկաներ արտահանելիս վնաս, ոչ թե շահույթ են ստանում, քանի որ այստեղ էլ մյուս խնդիրներն են ի հայտ գալիս՝ տրանսպորտային մեծ ծասխերն ու GSP+ համակարգից զրկվելը։

«Տրանսպորտային ծախսերը ևս միջինը 30%-ով թանկացել են։ Ընկերությունների մարժան բարձր չէ, որ կարողանան թանկացած ծախսերը փակել։ Մի կողմից ռուսական շուկայից ունեցած կախվածությունն է մեծացել, մյուս կողմից՝ այդ շուկայում ընկերությունները դարձել են ոչ մրցունակ, իսկ եվրոպական ու այլ շուկաներ արտահանելը ձեռնտու չէ»,- բացատրում է Արա Մարությանը։

Դեպի Եվրոպա արտահանողների համար GSP+ արտոնությունների համակարգի վերացումը լրջագույն խնդիր է դարձել վերջին երկու տարին։ 2022 թվականից Հայաստանում արտադրված ապրանքները չեն կարողանում արտոնյալ պայմաններով մուտք գործել Եվրամիության երկրներ: Հայաստանը զրկվել է դեպի ԵՄ արտահանման Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+): 2009 թվականից սկսած՝ այս համակարգի շրջանակներում հայկական ապրանքները Եվրամիություն են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Դրա վերացումից հետո շատերը փաստի առաջ են կանգնել։ Ավելի վաղ մեր հոդվածներից մեկում անդրադարձել ենք Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի պատմությանը։

Այս ամենին գումարվում են նաև Լարսի անցակետում առաջացող խոչընդոտները, երբ հայկական բեռնատարները պարբերաբար կուտակվում են անցակետերում և օրերով չեն կարողանում հատել սահմանը։ Միջազգային համընդհանուր տնտեսական վիճակի վատթարացումը ևս ազդում է արտահանողների վրա։

«Գյուղմթերք վերամշակող, չիր արտադրող ընկերությունների մեծ մասը արտերկրից դեռ չեն ստացել պատվերները, որի հետևանքով նույն կերպ չեն տվել պատվերներ գյուղմթերք արտադրող ֆերմերներին»,- նշում է Արա Մարությանը։

«Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ն պարբերաբար քննարկումներ է կազմակերպում արտահանող գործարարների, պետական մարմինների ներկայացուցիչների, լոգիստիկ կազմակերպությունների հետ։ Խնդիրները հավաքագրվում և ուղարկվում են պատկան մարմիններ։ Սակայն, որպես կանոն, դրանք մնում են թղթի վրա։

Գյուղմթերք վերամշակող և արտահանող ընկերությունների վիճակի վատթարացման մասին և խնդիրների լուծման վերաբերյալ Արա Մարությանը նամակներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, օրեր առաջ կազմակերպվել է հանդիպում առկա վիճակի քննարկման համար, որին մասնակցել են արտահանողները և այդ գործընթացի շահառուները՝ բանկեր, բեռնափոխադրող ավիա և ավտո ընկերություններ, արտահանման ապահովագրական ընկերություններ, արտերկրում պետական մակարդակով ձեռնարկված միջոցառուները նկարագրող փորձագետներ: Պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից պատասխան չի ստացվել։ Փոխարենը, ինքն է որոշ կարգավորումներ առաջարկել։

Արտաքին շուկայում դիմակայելու համար հայ արտահանողները պետական աջակցության և արտոնությունների կարիք ունեն

«Միայն հայ արտահանողները չեն բարդ խնդիրների առաջ կանգնած։ Դժվար իրավիճակ է նաև Վրաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում։ Բայց, այդ երկրները արտահանումն օժանդակելու արդյունավետ ծրագրեր ունեն, որոնցով սուբսիդավորում են ընկերություններին։ Պետական քաղաքականության իմաստը՝ որ իր ապրանքը դառնա մրցունակ, գին իջնի»,- ասում է Արա Մարությանը։

Նա առաջարկում է առաջին հերթին Հայաստանի արտահանման աջակցման պետական կենտրոն ստեղծել, որում կընդգրկվեն պետական մարմիններից ներկայացուցիչներ՝ ՊԵԿ-ից, ԱԳՆ-ից, Էկոնոմիկայի նախարարությունից, ԿԲ-ից և այլն։ Կենտրոնը պետք է ռազմավարություն մշակի արտահանման աջակցման, գնահատի և վերլուծի տեղական ընկերությունների արտահանման ներուժը, նոր շուկաներ գտնելու հնարավորությունները, նման ֆորսմաժորային իրավիճակներում ելքեր առաջարկի: Օրինակ՝ անհրաժեշտ է արտահանման գործընթացին ներգրավել արտերկրում գործող դեսպանատներին, Սփյուռքին, օգտագործել նոր առևտրային առցանց առևտրի բազմաթիվ գործիքները, այդ թվում նաև ԵՄ կողմից Հայաստանի համար պատրաստված, հրաժարվել ռուսական շուկայի կախվածությունից, դուրս գալ նոր շուկաներ, օրինակ՝ արաբական երկրներ և այլն:

Առաջարկների նամակում մանրամասն նկարագրված է քայլերի հերթականությունը, որոնք կարող են նպաստել արտահանողների խնդիրների լուծմանը։

«Արտահանողներին աջակցություն է պետք բանկային, հարկային, մաքսային, ապահովագրական, տրանսպորտային  կազմակերպությունների  հետ աշխատանքներում, ինչպես նաև արտերկրում գործընկերների, պահեստներ ձեռք բերելու, ապրանքների դիմաց շահավետ բարտերի կազմակերպման հարցում»,- նշում է Արա Մարությանը։

Ըստ նրա՝ արտահանողներին պետական աջակցության հստակ ծրագրեր են հարկավոր։

«Օրինակ՝ 6 ամիս ժամկետով արտահանողներից չգանձել մաքսատուրք և ԱԱՀ՝ արտերկրից ձեռք բերված այն սարքավորումների արժեքից, որոնք անմիջականորեն ազդելու են արտադրողականության բարձրացման վրա:

6 ամիս ժամկետով ազատել շահութահարկից և եկամտահարկից միայն Հայաստանում արտադրված պատրաստի արտադրանքը արտերկիր տեղափոխող բոլոր հայկական տրանսպորտային ընկերություններին»,- առաջարկում է գործարարը: Պետք է նաև Էժանացած արտարժույթներն օգտագործել նոր սարքավորումներ ձեռք բերելու և հենց նույն սարքավորումների համար պետությունից ստանալ որոշակի սուբսիդավորում, որը ռեալ կնպաստի արդեն ստեղծված ապրանքը ցանկացած շուկայում մրցունակ դառնալուն:

Նա նաև առաջարկում է տարատեսակ գործիքներ կիրառել, օրինակ՝ ԵՄ արտահանող ֆիրմաներին փոխհատուցել  այն գումարները, որոնք վճարվել են ներկրողի կողմից այն չափով, որը գործել է GSP+ համակարգի գործելու ժամանակ: ԵԱՏՄ և հատկապես Ռուսաստան արտահանող ֆիրմաներին փոխհատուցել վարկային տոկոսադրույքների գումարները:

«Մենք ունենք Էկոնոմիկայի նախարարության կազմում արտահանման բաժին, որը արդյունավետ չի աշխատում։ Անընդհատ փոփոխվող փոխնախարարներն ամբողջությամբ չեն հասցնում տիրապետել  խնդիրներին»,- նկատում է Արա Մարությանը։

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 5.4 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ 77.7%-ով աճել է։ Միայն դեպի Ռուսաստան արտահանվել է 2.4  մլրդ դոլարի ապրանք, որն աճել է 2.9 անգամ և էական ազդեցություն թողել արտահանման ընդհանուր աճի վրա։

«Դա չի կարելի ներկայացնել որպես լավ աշխատանքի արդյունք։ Արտահանման աճը վերաարտահանման հաշվին է։ Եթե Էկոնոմիկայի նախարարությունը շեշտում է, որ Հայաստանից արտահանումն անգամներով աճել է, պետք է շեշտի նաև, որ նույն ընթացքում մեծ տեմպով աճել է նաև ներմուծումը»,- ընդգծում է Արա Մարությանը։

Կրկին պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանը մոտ 8.8 մլրդ դոլարի ապրանք է ներմուծել, որը նախորդ տարվա համեմատ աճել է 63.5%-ով։ Մասնավորապես, ԵՄ երկրներից ներմուծումն աճել է 62.1%-ով, ԱՄՆ-ից՝ 3.1 անգամ, Էմիրություններից՝ 58.4%-ով և այլն։

Չնայած Հայաստանի մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել ըստ երկրների ապրանքների արտահանման ու ներմուծման վիճակագրությունը, սակայն միջազգային բազաներից տեղեկանում ենք, որ Հայաստանը մեծ ծավալի տեխնիկա, սարքավորումներ, ավտոմեքենաներ, սխեմաներ և այնպիսի ապրանքներ է արտահանել Ռուսաստան, որոնք հայկական շուկայում չեն արտահանվում։ Դրանք վերաարտահանումներ են։ 

«Այդ աճերը ոչ մի կերպ չեն խոսում հայ վերամշակող ընկերությունների հաջողությունների մասին, քանի որ պայմանավորված չեն տեղական արտադրության ապրանքներով։ Ընդհակառակը, դրանք հետագայում կարող են վատ անդրադառնալ մեզ վրա»,- ասում է Արա Մարությանը։

Դիտարկմանն ի պատասխան, որ փորձագետների ու արտահանողների մի խումբ առաջարկում է ԿԲ-ի լծակներով արժեզրկել դրամը, որպեսզի արտահանումը սկսի շնչել, Մարությանը պատասխանում է, որ դրամի արժեզրկումը կարող է բերել կտրուկ գնաճի։

«Այդ դեպքում էլ ներմուծումը կթանկանա։ Որքան դոլարը և ռուբլին բարձր լինեն, այնքան հայկական ընկերություններն ավելի շատ ՀՀ դրամ են վճարելու դրանց համար։ Այսինքն՝ ներմուծվող ապրանքները թանկանալու են։ Կենտրոնական բանկը պահում է այս փոխարժեքը, որ գնաճ չլինի։ Դա նաև արտաքին պարտքի սպասարկման համար է լավ։ Հարցերին պետք է օբյեկտիվ նայել»,- ասում է նա։

«Էքսպորտ Արմենիա»-ն նախատեսում է առաջիկայում ևս քննարկումներ կազմակերպել արտահանողների խնդիրների վերաբերյալ։ Հույս ունեն՝ Էկոնոմիկայի նախարարությունից ևս կմասնակցեն և կփորձեն արդյունավետ քայլեր ձեռնարկել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter