HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ըստ ԲՏԱ նախարարության՝ աջակցություն ստացած ՏՏ ընկերությունների առաջ աշխատակիցների թվի պահպանման պայման չկա

ՏՏ ոլորտին 10 մլրդ դրամ աջակցություն տրամադրելու նախագծի արդյունավետությունը գնահատելու համար Բարձր տեխնոլոգիական նախարարությունն ունի համապատասխան գործիքակազմ, սակայն դա հնարավոր կլինի անել ծրագրի ամփոփումից հետո։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ պետական աջակցություն ստացած ՏՏ ընկերությունների մի մասում աշխատակիցների թիվը կրճատվում է։ Ծրագրի նպատակը առաջին հերթին  դրամի արժևորման հետևանքով տնտեսավարող սուբյեկտների կրած վնասները մեղմելն է։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի Կառավարության նիստին հայտարարեց նաև, որ աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռի պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը։ 

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին հարցրել էինք՝ աջակցություն ստանալուց հետո ՏՏ ընկերությունների կողմից աշխատակիցների կրճատումը որքանո՞վ է արդարացնում այս աջակցության տրամադրումը։

Նրա փոխարեն պատասխանած Նարեկ Մելքումյանի պատասխանը հակասում է Ռոբերտ Խաչատրյանի՝ կառավարության նիստին արված հայտարարությանը։ Մելքումյանը նշում է, որ որոշումն ընդունվել է դեռևս 2022 թվականի դեկտեմբեր ամսին, և աջակցության տրամադրման չափորոշիչները չեն ներառել 2023 թվականի ընթացքում աշխատակիցների թվի պահպանման կամ ավելացման պայման: 

«Բացի այդ, տնտեսավարող սուբյեկտների կողմից աշխատատեղերի կրճատումը կարող է կախված լինել ոչ միայն դրամի արժևորման, այլ նաև վերջիններիս կողմից ծավալվող գործունեության հետ առնչվող այլ հանգամանքների հետևանքով կրած վնասներով»,- նշել է Մելքումյանը։ 

Ըստ նրա՝ ծրագիրը դեռևս չի ամփոփվել և ամփոփումից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ աջակցության արդյունավետության վերլուծությանը:

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Նպատակը՝ «փրկել» ՏՏ ընկերություններին, որոնք տուժել էին դոլարի անկումից։

Աջակցություն ստացած ընկերությունների ցանկը նախարարությունը գաղտնի էր պահում, սակայն նրանց մի մասի պայմանագրերը հաջողվեց հավաքագրել բաց աղբյուրից։

Գլխավոր լուսանկարում՝ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter