
Արեւմտյան երկրները Հարավային Կովկաս են գալիս հակառուսական օրակարգով. Մոսկվայի արձագանքը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը
Հարավային Կովկասում Արևմուտքի օրակարգը «միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին»։ Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանն ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանը եւ Ֆրանսիան պայմանագիր են ստորագրել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների գնման վերաբերյալ։ Դրանցից Փարիզը մատակարարում է նաև Ուկրաինային:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն էլ հայտնել էր ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի ստորագրման մասին: Պայմանագրի մանրամասները թեեւ պաշտոնապես չեն բացահայտվում, սակայն ֆրանսիական մեդիայի հաղորդմամբ, մատակարարվելու է 36 կայանք։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն առավել արդյունավետ կարող է ապահովվել տվյալ տարածաշրջանի պետությունների ջանքերով։ Մենք տարածաշրջանային պատասխանատվության կողմնակիցն ենք՝ և՛ անվտանգության ապահովման, և՛ Հարավային Կովկասում ու այլ տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է 2023 թվականից։ Հայկական բանակի համար զրահամեքենաների առաջին խմբաքանակը ՀՀ է բերվել Վրաստանի տարածքով։ 2023 թվականի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ Փարիզը մտադիր է Հայաստանին վաճառել Ground Master 200 (GM200) տեսակի ռադիոտեղորոշիչ երեք համակարգ, քննարկվում է նաև Mistral տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի մատակարարման հարցը։ Լըկորնյուն հավելել էր, որ Ֆրանսիան նաև հայ զինվորականների վերապատրաստում կանցկացնի հակաօդային պաշտպանության ոլորտում:
Այս տարվա փետրվարին էլ Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ նախանշեցին պաշտպանական համագործակցության նոր ուղղություններ: Հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական կրթությանը, մարտական պատրաստությանը, տարբեր վարժանքներին, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերին:
Լուսանկարը՝ РИА Новости / Владимир Песня
Մեկնաբանել