Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ խաղաղության ուղղությամբ Բաքվի և Երևանի գործողություններում առաջընթաց կա: Ալիևի և Բլինքենի առանձնազրույցից հետո այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
«Պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման շարունակական գործընթացի մասին և ընդգծել այն առանց հապաղելու կնքելու կարևորությունը: Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն պահպանում է Բաքվի և Երևանի հետագա փոխգործակցությանը ցանկացած կերպ աջակցելու պատրաստակամությունը, որն օգտակար կլինի երկու կողմերի համար»,- ասված է Միլերի գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ «կարևորելով ամերիկա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները՝ պետքարտուղարը ուշադրությունը կենտրոնացրել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության վրա կլիմայի և էներգետիկայի ոլորտում ընդհանուր նպատակների ուղղությամբ»:
«Բլինքենը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև թարմացված ու առավել ամուր երկկողմ հարաբերություններին»,- նշել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը կրկին կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել