HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը Բաքվին պաշտոնապես առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել

Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:

Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր արդեն երկու անգամ հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում խոսել էր հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելու մասին:

«Այդ տեղեկությունը երկու բանի մասին կարող է վկայել՝ մի դեպքում, որ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում, մյուս դեպքում, որ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել»,- ասել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter