HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ հոր զինվորական շորերը դարձան որդու հագով. Վարդանը այսօր կդառնար 20 տարեկան

Վարդան Իսրայելյանը ժամկետային ծառայության էր մեկնել 2022-ի մարտին։ Ծառայությունն անցել էր Ստեփանակերտի Ցորի զորամասում։ Հինգ ամիս անց դարձել էր պայմանագրային զինծառայող, հակատանկային մարտկոցում «Կորնետ»-ի հաշվարկի հրամանատար էր։ Պայմանագրային դառնալուց հետո ստացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչում։ Վարդանին անվանակոչել էին 90-ականներին զոհված հորեղբոր անունով։ Արցախյան առաջին պատերազմում զոհվել էր նաև Վարդանի պապը, 2023-ին՝ Վարդանը։

Այսօր Վարդանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։ 

«Վարդանն աչքերը բացելուն պես զինվորականի էր տեսել․ հայրը, հորեղբայրն ու պապն էլ էին զինվորական։ Երևի այդտեղից էր եկել սերը զինվորական գործին»,- ասում է Վարդանի հայրը՝ ՊԲ զորահավաքային ծառայության սպա Կամո Իսրայելյանը։

Հայրը պատմում է, որ Վարդանը ծառայության ընթացքում ամեն կերպ խուսափում էր ցույց տալուց, որ բարձրաստիճան սպայի որդի է․ չէր ցանկանում առանձնանալ ծառայակից ընկերներից։ «Ասում էր՝ պապ, պետք չի, որ զանգես ինչ-որ բանի համար, պետք չի, որ իմանան՝ զինվորականի որդի եմ։ Թող ծառայեմ բոլորի նման»,- հիշում է Վարդանի հայրը։

«2023-ի սեպտեմբերի 19-ին մեր դասակը Մարտակերտի շրջանի Վանքի գումարտակի հետ բարձրացել էր Նարեշտարի դիրքեր։ Ժամը 12:00-ի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերը սկսեցին հրետակոծել ամբողջ շփման գիծը»,- պատմում է հակատանկային դասակի զինծառայող, Վարդանի ծառայակից ընկեր Հայկ Գրիգորյանը։

Հակատանկային դասակը բնագիծ էր զբաղեցրել 809 և 810 դիրքերի միջդիրքային տարածությունում՝ կանխելու հակառակորդի զինտեխնիկայի շարժը դեպի Վանք գյուղ։  Ժամը 15:00-ի մոտակայքում, երբ հակառակորդը արդեն գրավել էր 811 մարտական դիրքը, նրանք տեղափոխվում են ավելի հետ գտնվող «Մոսին կապ» կոչվող տեղամաս։ Քանի որ այդ հատվածը անտառային էր, և չկային տանկավտանգ ուղղություններ, նրանք մարտի մեջ են մտնում որպես հետևակային։ Մերձամարտի ընթացքում հաջողվում է հակառակորդին պատճառել զգալի կորուստներ։ Մարտական գործողությունները շարունակվում են մինչև սեպտեմբերի 20-ը։

Այդ օրը դիրքում գտնվողներից մայոր Հովսեփ Հովսեփյանը և շարքային Էդուարդ Սարգսյանը ստանում են բեկորային վիրավորում։ Նրանց պետք էր հասցնել Վանք գյուղի հիվանդանոց։ Շտապօգնության մեքենայի բացակայության պատճառով որոշում են վիրավորներին տեղափոխել հակատանկային դասակի «ՈՒԱԶ»-ով, որը դիրքեր բարձրանալուց վարել էր արդեն վիրավորվում ստացած Հովսեփյանը։ Վարդանը որոշում է ինքը տեղափոխել վիրավորներին և վարում մեքենան դեպի Վանք գյուղ։

Ժամը 8:30-ին մեքենան շարժվում է դեպի Վանք։ Բացի վիրավորներից, մեքենայում էր նաև Տիգրանը, որը օգնել էր վիրավորներին տեղավորել մեքենայում։

Ճանապարհից նաև վերցնում են Վանքի գումարտակից պայմանագրային զինծառայող Բաղդան Բաղրամյանին և ենթասպա Սասուն Գևորգյանին։ Նարեշտարից դեպի Վանք ճանապարհին՝ Վանքից 7 կիլոմետր հեռավորության վրա, «Ղազախալի» կոչվող տեղամասում թիկունք ներթափանցած ադրբեջանական զինված խումբը գնդակոծում է մեքենան։ «ՈւԱԶ»-ը գլորվում է ձորը։ Մեքենայում գտնվող 6 հոգուց 5-ը մահանում են։ Ողջ է մնում միայն Տիգրանը։ Նա կարողանում է հասնել Վանք գյուղ և պատմում է կատարվածի մասին։

Պատերազմի սկսվելուց հետո Վարդանի հայրը՝ Կամոն, չի կարողացել կապի դուրս գալ որդու հետ։ Միայն սեպտեմբերի 20-ի առավոտյան կարողացել է խոսել զորամասի շտաբի պետի հետ և տեղեկացել, որ Վարդանը վիրավորներին տեղափոխում է Վանքի հիվանդանոց։ Նույն օրը՝ կեսօրին, երբ Տիգրանը արդեն Վանք էր հասել, բոլորն իմանում են կատարվածի մասին։ 

Զոհվածների մարմիները կարողանում են դուրս բերել միայն 5 օր անց՝ սեպտեմբերի 25-ին։ «Երբ իմացանք դեպքի մասին, ինձ զանգեց Սարգսյան Էդուարդի հայրը՝ Սևակը։ Իր տղան էլ էր այդ մեքենայում եղել։ Ասաց՝ ես չեմ կարող գալ, եթե կարող ես քո որդու հետ իմ որդու մարմինն էլ վերցրու։ Ասեցի՝ կանեմ, ոնց իմ տղեն, ընենց քո տղեն։ Հետո իմացա, որ էդ մարդն էլ բենզինի պայթունից է զոհվել»,- պատմում է Կամո Իսրայելյանը։

«Գնացի դիահերձարան՝ մարմինը ճանաչելու, տեսա, որ տղաների մարմինները դնում են սառնարանով մեքենաներ մեջ։ Այդ ժամանակ ժողովրդի մի մասը արդեն դուրս էր գալիս։ Հարցրի՝ ինչ են անելու մարմինները, ասեցին, որ բոլորին տեղափոխելու են Հայաստան»,- արցունքն աչքերին հիշում է Կամոն։

Վարդան Իսրայելյանը հուղարկավորվել է Եռաբլուրում։ Նա հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։

Իսրայելյանների ընտանիքը Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից էր։ Այժմ ապրում են Վեդիում։ Արցախից իրենց հետ միայն Վարդանի լուսանկարներն են բերել, որոնք մայրը խնամքով դասավորել է տան մի անկյունում։

«Երեք-չորս տարեկան էր, հագնում էր հոր համազգեստը ու ամեն անգամ հարցնում՝ ինչքան մնաց մեծանամ, որ իմ հագով լինի»,- հիշում է Վարդանի մայրը՝ որդու մանկական լուսանկարը ձեռքին ու արցունքները հազիվ զսպելով։

Վարդանը շատ էր սիրում երգել, բարեկամներն ու ընկերները հիշում են՝ օգտագործում էր հարմար առիթը՝ լիներ տանը, հյուր գնալիս, թե ծառայության մեջ։

Երգում է Վարդան Իսրայելյանը զինակից ընկերների համար

«Հետքը» առաջիկայում ամբողջական նյութով կներկայացնի Վանք, Նարեշտար գյուղերում, Խաչենի խաչմերուկում տեղի ունեցած մարտական գործողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter