
Ադրբեջանում ներկայացրել են նոր ստացած իտալական ռազմատրանսպորտային ինքնաթիռը
Հայաստանի ռազմական գնումների շուրջ շարունակական հիստերիա բարձրացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր իր հոր անունը կրող Բաքվի միջազգային օդանավակայանում մասնակցել է իտալական «C-27J Spartan» տեսակի ռազմատրանսպորտային օդանավի ցուցադրությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բաքվում գտնվող Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելին, օդանավն արտադրող իտալական «Leonardo» ընկերության նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն:
Մայիսին, անդրադառնալով վերջին տարիներին Ադրբեջանի մի շարք ռազմական գործարքների, «Հետքը» գրել էր նաեւ «C-27J Spartan» ռազմատրանսպորտային ինքնաթիռի ձեռքբերման մասին:
Դեռ 2023 թ. հունիսին էր ռազմարդյունաբերության ու ավիացիայի մեջ մասնագիտացած իտալական արտադրողը հայտնել, որ պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ: Թե քանի ինքնաթիռ է ստանալու Ադրբեջանը, եւ որքան է գործարքի գինը, պաշտոնապես չի հանրայնացվել: Սակայն flightglobal.com մասնագիտական կայքը ենթադրել է, որ խոսքը 1 ինքնաթիռի մասին է:
«C-27J»-երի առաջին թռիչքը կայացել է 1999-ին: Ընդհանրապես, ռազմատրանսպորտային օդանավերը նախատեսված են բեռի ու անձնակազմի տեղափոխության համար: Առկա ինֆորմացիայի համաձայն՝ Ադրբեջանը ձեռք է բերել «C-27J Spartan Next Generation» տարբերակը, որի առավելագույն թռիչքային քաշը 32,5 տոննա է, որից 11,3 տ-ն օգտակար բեռի առավելագույն չափն է: 4,5 տ օգտակար բեռով բեռնված լինելու պարագայում (համարվում է բեռնվածության նորմալ չափ) այս օդանավի թռիչքի հեռավորությունը 5056 կմ է, իսկ առավելագույն թռիչքային հեռավորությունը՝ 5852 կմ:
Ադրբեջանի ձեռք բերած «C-27J»-ի լուսանկարն այդ երկիր ուղարկվելուց առաջ հայտնվել էր համացանցում: Լուսանկարն արվել էր ապրիլի 24-ին իտալական Թուրինի օդանավակայանում: Ինքնաթիռը կրում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «60» ռազմական գրանցումը:
Ադրբեջանի քաղավիացիայի ոլորտում շահագործվում են նաեւ «Leonardo AW139» տիպի ուղղաթիռներ (նախկինում հայտնի էին որպես «AgustaWestland AW139»):
Մեկնաբանել