HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին մայրամուտը. Տիգրանը չլքեց դիրքը

Արցախյան 44-օրյա պատերազմում Ադելինայի երկու որդիները և ամուսինը առաջնագծում  էին։ 

«Այդ պատերազմում ամբողջ ընտանիքս մարտի դաշտում էր, փրկվեցին, վերադարձան այդ անգամ»,- ասում է Ադելինա Ավետիսյանը՝ 2023թ.-ի սեպտեմբերին արցախյան վերջին մարտերում զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը։

IMG_9919.jpg (131 KB)

Լուսանկարում՝ hայրը՝ Արսեն Ավետիսյանը, որդիները՝ Տիգրանը, Առնոլդը, մայրը՝ Ադելինան

Ավետիսյանների ընտանիքը Ստեփանակերտից է, հայրը՝ Արսեն Ավետիսյանը, կադրային սպա է՝ գնդապետ, 2018թ.-ից աշխատում էր Հայաստանում։ 2020 թ.-ին Արսենի երկու որդիները  ժամկետային զինծառայող  էին Ջրականի զորամասում. Առնոլդը՝ երկրորդ, Տիգրանը՝ հինգերորդ գումարտակում։ Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ամենաթեժ ուղղություններից մեկը հարավն էր՝ Ջրականը։ 

Մինչև հոկտեմբերի 6-ը որդիներից Տիգրանի հետ կապ հաստատել հնարավոր չէր եղել։ Այդ օրը Տիգրանի հորը, որը նույնպես առաջնագծում էր, հաջողվել էր հեռախոսով խոսել Հադրութի մոտակայքում գտնվող որդու հետ։ Հոկտեմբերի 10-ին Տիգրանը վիրավորում էր ստացել և տեղափոխվել Գորիսի հոսպիտալ։ 44-օրյա պատերազմից հետո Տիգրանը վերադարձել էր ժամկետային զինծառայության, իսկ հետո շարունակել ծառայությունը որպես պայմանագրային։

msg1362593252-40141.jpg (83 KB)

«Պատերազմում զոհվել էր Տիգրանի մանկության ընկերը՝ Լևոնը։ Նրանք ծառայության էին մեկնել նույն օրը, ծառայում էին նույն գումարտակում։ Լևոնի զոհվելը շատ էր ազդել Տիգրանի վրա։ Երկար ժամանակ ուշքի չէր գալիս, զինվորական գործը շարունակելու որոշման վրա երևի այդ էր ազդել։ Միշտ ասում էր. ես պիտի շարունակեմ Լևոնի կիսատ թողածը»,- պատմում է տիկին Ադելաիդան, որը 2021-ից առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր Երևան, որտեղ աշխատում էր ամուսինը։ 

Ավագ որդին՝ Առնոլդը, նույնպես Երևան էր տեղափոխվել ուսումը շարունակելու համար։  Ընտանիքից միայն Տիգրանն էր Արցախում, պայմանագրային ծառայության էր անցել Ցորի զորամասում: Հերթապահություն էր անում Մարտակերտի Վանք գյուղում՝ ՀՕՊ-ի ջոկատում։ 2022թ.-ին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ընտանիքը չէր կարողանում վերադառնալ Արցախ։

2023-ի սեպտեմբերի 16-ին Տիգրանը Վանք գյուղում գտնվող տեղակայման վայրում էր, դիրքերից մեկում անձնակազմի պակաս կար, դիրքապահներից մեկը ջերմություն ուներ։ Տիգրանը որոշեց լրացնել դիրքի անձնակազմը։ 812-ը Վանքի հարևանությամբ գտնվող Նարեշտար գյուղի ամենաբարձր և մարտավարական կարևորություն ունեցող դիրքն էր։

Վերջին անգամ Տիգրանը մոր հետ խոսել է սեպտեմբերի 19-ի առավոտյան, այդ դիրքից։ 

«Ժամը 11:30 զանգեց, ես խանութում էի, Տիգրանը տեսազանգով զանգել էր դիրքից, աղմուկ էր, չէի կարողանում լսել։ Ասացի՝ գնամ տուն ու զանգեմ։ Մինչև տուն հասա, ընկերուհիս զանգեց ու ասաց, որ Արցախում իրավիճակը լարված է, մարտական գործողություններ են սկսվել, հետո ինչքան փորձեցի, չկարողացա կապվել։ Վերջին տեսազանգից մնաց միայն էկրանից արված այս նկարը»,- պատմում է Տիգրանի մայրը։

IMG_9913.JPG (173 KB)

Էկրանապատկեր Տիգրանի հետ վերջին զրույցից

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։30-ին հրետակոծություն էր սկսվել սահմանի ամբողջ երկայնքով։ Հակառակորդը փորձում էր գրավել 812 դիրքը։ Մարտական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ անց արկի պայթյունից վիրավորվել էր դիրքի ավագը՝ ավագ լեյտենանտ Լեռնիկ Հաշումյանը։ Անձնակազմը որոշում է լքել դիրքը։ Տիգրանը հրաժարվում է և, չնայած ստացած բեկորային վիրավորմանը, շարունակում մնալ դիրքում և մարտ վարել գնդացրով։ 

Նրա հեռախոսի հավելվածը ցույց է տվել, որ սրտի աշխատանքը դադարել է ժամը 17:42-ին։ 

Տիգրանի մարմինը փրկարարները, ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ, գտել են սեպտեմբերի 24-ին՝ 812 դիրքում, մինչև վերջին փամփուշտը կրակված, գնդացիրը՝ կողքին։ Նրա հեռախոսում հարազատները գտել են իր արած լուսանկարները՝ Արցախի բնությունը, արևածագերն ու մայրամուտները։  

Տիգրան Ավետիսյանը հուղարկավորված է Եռաբլուրում։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։ 

Գլխավոր լուսանկարում Տիգրանի հայրն է՝ գնդապետ Արսեն Ավետիսյանը, Եռաբլուրում
Քարտեզը՝ Լենա Սահակյանի
Ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter