
Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Երևանի ժամանակով 06:30-ին բացվել են երկրի բոլոր ընտրատեղամասերը։
Իրանի ԿԸՀ ներկայացուցիչ Մոհսեն Էսլամիի խոսքով՝ տեղամասերը կփակվեն Երևանի ժամանակով ժամը 16:30-ին, սակայն անհրաժեշտության դեպքում դրանց աշխատանքը կերկարաձգվի: Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիի խոսքով՝ այս ընտրություններում մեծ նշանակություն է տրվում անվտանգության հարցին: Տեղամասերում անվտանգությունն ապահովում է շուրջ 180 հազար ոստիկան։
Իրանի նախագահի ընտրություններին մասնակցում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամադին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքյանը:
Քվեարկության մեկնարկի օրվա նախօրեին ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է Թեհրանի քաղաքապետ Ալիրեզա Զաքանին, որը պահպանողականների ճամբարի երկու առավել հայտնի քաղաքական գործիչներին՝ Ջալիլիին և Ղալիբաֆին, խնդրել է միավորել ջանքերը ռեֆորմիստ Պեզեշքյանի դեմ:
Իրանում նախագահական 14-րդ ընտրություններն արտահերթ են Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառով և նախկին նախագահի մահվան պատճառով։
Լուսանկարը՝ Majid Asgaripour/Reuters
Մեկնաբանել