HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը Կապանի ԼՀԿ-ում ստուգում կիրականացնի. կառույցը չի հերքում, որ Սյունիքի տարածքային բաժնի պետն այնտեղ է աշխատել

Երկու շաբաթ առաջ «Հետքն» անդրադարձել էր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերգետնյա հատվածում իրականացվող աշխատանքներին։ Մեր լուսանկարներում երեւում էին երկրի մակերեւույթին հայտնված մեծ խոռոչներ, որոնք տանում են դեպի ստորգետնյա հանք, ինչպես նաեւ վերգետնյա հատվածում կատարվող հողային աշխատանքներ։ Շահումյանի հանքը, ըստ ներկա թույլտվության, պետք է շահագործվի միայն փակ (ստորգետնյա) եղանակով։

Չնայած տեղացիները մեզ հայտնել էին, որ ԼՀԿ-ն ծածուկ, առանց թույլտվության հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ է սկսել, կոմբինատից «Հետքին» փոխանցել էին, թե տարածքում շինտեխնիկա է աշխատում այլ պատճառով: Ըստ այդմ՝ հանքի շահագործման հետեւանքով նախկինում ձեւավորվել են ստորգետնյա դատարկություններ, որոնք բավականին մոտ են եղել երկրեւի մակերեւույթին, ու հետագայում տեղի են ունեցել փլուզումներ, ինչպես նաեւ ձեւավորվել են գոտիներ, որտեղ փլուզման բարձր ռիսկ կա:

«Ընկերությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է համապատասխան պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցված միջոցառումներ՝ փլուզված հատվածներում լանդշաֆտի վերականգնման եւ ռեկուլտիվացման, փլուզումային ռիսկի գոտիներում փլուզումների կանխարգելման ուղղությամբ,- «Հետքին» հայտնել էին ԼՀԿ-ից։- Այդ միջոցառումների շրջանակներում փլուզումային ռիսկի հատվածներին մատչելիություն ապահովելու համար մակերեւույթին իրականացվում են սահմանափակ ծավալով հողային աշխատանքներ»։

Այսինքն՝ ըստ կոմբինատի, խոռոչները բացվել են՝ փլուզման ռիսկ ունեցող ստորգետնյա հատվածներ մտնելու եւ վերը նշված աշխատանքները կատարելու համար:

Տեղի ունեցողի մասին գրավոր հարցեր էինք ուղղել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին, սակայն դրանց պատասխանել էր տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը։ Վերջինս միայն նշել էր, որ տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել մեր կողմից բարձրացված հարցերի շրջանակներում, ինչից հետո կտրամադրվի տեղեկատվություն։

Այս պատասխանից մեկ շաբաթ անց կրկին գրավոր հարցում էինք ուղարկել տեսչական մարմնին՝ հարցնելով, թե երբ է մտադիր ստուգումն իրականացնել։ Պատասխանն այն է, որ վերահսկողական միջոցառումների արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ ստուգման իրականացման ժամկետները չեն կարող նախապես հրապարակվել։

Մենք հարցը պատահական չէինք տվել, քանզի, ինչպես նշել ենք նաեւ հարցման մեջ, կապանցիները մտավախություն ունեն, որ մինչեւ ստուգումը մեկնարկի, ԼՀԿ-ն կարող է նախկին տեսքի բերել հանքավայրի վերգետնյա հատվածը։ Հարցրել էինք, թե ինչպես կարող է տեսչական մարմինը փարատել այդ մտահոգությունները, ինչին ի պատասխան՝ պետական կառույցը հայտնել է, որ նշված հանգամանքները կարող են պարզ դառնալ միայն ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո։

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը նախկինում աշխատել է ԼՀԿ-ում։ Տեսչական մարմնի ղեկավարին խնդրել ենք հաստատել այդ հանգամանքը, ինչպես նաեւ հայտնել, թե որ թվականներին է Ա․ Սահակյանն աշխատել, ինչ պաշտոն է զբաղեցրել ԼՀԿ-ում, ու արդյոք նախկին աշխատավայրի վերաբերյալ ստուգում անցկացնելը որոշակի կաշկանդվածություն չի առաջացնի ներկայում Սահակյանի ղեկավարած Սյունիքի տարածքային բաժնի աշխատանքներում։

Մեր տեղեկություններով՝ ներկայում ԼՀԿ-ում է աշխատում նաեւ Ա․ Սահակյանի եղբայրը։ Տեսչական մարմնին  հարցրել էինք, թե դա ինչ ռիսկ է առաջացնում կամ կարող է առաջացնել Սյունիքի տարածքային բաժնի կողմից ԼՀԿ-ի հանդեպ վերահսկողություն իրականացնելիս, օրինակ՝ շահերի բախում, որն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող  են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա։

Այս երկու հարցերին տեսչական մարմինը պատասխանել է այսպես․ «Ինչ վերաբերում է տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանի՝ նախկինում Կապանի ԼՀԿ-ում աշխատելու, վերջինիս կողմից պաշտոնեական պարտավորություններն անաչառ եւ օբյեկտիվ իրականացնելու վերաբերյալ Ձեր հարցադրումներին՝ նշենք, որ Արտակ Սահակյանը ներգրավված չէ վերը նշված կազմակերպությունում նախատեսվող ստուգման խմբի կազմում»։

Այսինքն՝ տեսչական մարմնի ղեկավարը չի հերքել ու, ըստ էության, անուղղակիորեն հաստատել է մեր տեղեկությունները՝ հավելելով, որ ստուգող խմբում Արտակ Սահակյանը չի լինելու: Այդուհանդերձ, եթե ստուգումն իրականացնելու են նրա ղեկավարած բաժնի աշխատողները, անաչառության ու օբյեկտիվության հետ կապված ռիսկերը մնում են արդիական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter