HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում Մակրոնի կուսակցությունն ու ձախերը խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլում պարտվել են ծայրահեղ աջերին

Մարին Լը Պենի աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթում է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների I փուլում՝ ստանալով ձայների շուրջ 33,15 %-ը։ Այդ մասին հայտնում է BFM TV-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։

Երկրորդ տեղում ձախ ուժերի «Նոր ազգային ճակատ» դաշինքն է, որը ստացել է ձայների 27,99 %-ը, իսկ երրորդ տեղում՝ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան, որն էլ հավաքել է ձայների 20,04 %-ը։

«Ազգային միավորումից» 39 պատգամավոր արդեն իսկ առաջին փուլի ժամանակ իրենց ընտրատեղամասերում ստացել են ձայների 50 %-ից ավելին և չեն մասնակցի II փուլին։ Նրանց թվում է նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։ «Նոր ազգային ճակատ» դաշինքից էլ արդեն իսկ ընտրվել է 32 պատգամավոր, այն դեպքում, երբ նախագահական դաշինքից՝ միայն 2-ը։

Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից։ Որոշիչը կլինի II փուլը, որը կկայանա հուլիսի 7-ին։

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 66,71 %-ը։ Ինչպես նշում է Le Parisien–ը, խոսքը է 2002 թվականից ի վեր մասնակցության ամենաբարձր ցուցանիշի մասին է։

France Bleu ռադիոկայանն էլ փոխանցում է, որ ընտրությունների արդյունքները կարող են աննշան փոխվել՝ որոշ շրջաններում քվեարկության վերահաշվարկի պատճառով։

Elabe սոցիոլոգիական ընկերությունը կանխատեսում է, որ Լը Պենի կուսակցությունը խորհրդարանում կունենա 260-310 մանդատ, «Նոր ազգային ճակատը»՝ 115-145 մանդատ, իսկ Էմանուել Մակրոնի կուսակցությունը՝ 90-120։ Վերջին գումարման խորհրդարանում վերջինս ուներ 245 մանդատ։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Էմանուել Մակրոնը որոշում էր կայացրել խորհրդարանի ցրման մասին։ Պատճառը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության խոշոր պարտությունն էր։ Այդ ժամանակ Ֆրանսիայում հաղթել էր դարձյալ Լը Պենի կուսակցությունը։ Վերջին անգամ խորհրդարանի ստորին պալատը ցրվել էր 1997 թվականին նախագահ Ժակ Շիրակի կողմից։

Իլյուստրացիան՝ Liv Martin/POLITICO

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter