
«ՀԻՐՈՍԻՄԱ, ԻՄ ՍԵՐ». ֆիլմի դիտում Երևանում
«Ընթերցողը հոգնել է դասական գրականության տված դասերից։ Ընթերցողը ուզում է հաճույք ստանալ իր ընթերցածի անհասկանալիությունից, շփոթվածությունից».- այսպես էր ասում ֆրանսիական «Նոր վեպի հայր» համարվող Ալեն Ռոբ-Գրիյեն։
1950-ականների կեսերին Minuit հրատարակչությունում գրեթե միաժամանակ լույս են տեսնում մի քանի հեղինակների գրքեր, որոնց հետագայում պիտի կոչեին «նոր վեպի» հիմնադիրներ: Ռոբ-Գրիյեն գրեց «Խանդը», Միշել Բյուտորը ՝«Փոփոխությունը», Կլոդ Սիմոնը՝ «Ֆլանդրիայի ճանապարհները», Սարոտը՝ «Կասկածների դարաշրջանը», Դյուրասը ՝ «Մոդերատո կանտաբիլեն»:
Այս գրողները շատ տարբեր են, բայց կա մի բան, որը միավորում է նրանց: Առաջին հերթին ցանկությունը գրել այլ կերպ, հերոսներ առանց անունների, գործողություն առանց տեղի, ժամանակի։ Այն հակառակվում էր ավանդական «Տոլստոյ-Բալզակյան» մոդելին. հաջորդականորեն կառուցված ժամանակագրությանը, որտեղ շարժիչ ուժը ինտրիգն է։
Նոր վեպը ունեցավ իր արտահայտումը նաև կինոյում, այն առաջին հերթին կապված էր ռեժիսոր Ալան Ռենեի հետ։
1959 թ.-ին 37-ամյա ռեժիսորը պրոդյուսեր Սամի Հալֆոնի կողմից Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծության մասին խաղարկային, լիամետրաժ ֆիլմ նկարահանելու առաջարկ ստացավ։ Մինչ այդ ռեժիսորը նկարահանել էր միայն կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր։ Ալեն Ռենեն ընդունում է առաջարկը՝ պայմանով, որ սցենարը գրի «Նոր վեպի» վառ ներկայացուցիչ Մարգարիտ Դյուրասը։ Գրողը, որը առանձնապես հետաքրքրված չէր թեմայով, ընդունում է առաջարկը, այդ դրվագը անդրադարձել է նույնիսկ ֆիլմի բացման երկխոսույթան մեջ, երբ գլխավոր հերոսը հակադարձում է հերոսուհուն՝ «Ոչ, ոչ, դու ոչինչ չես տեսել Հիրոսիմայում»։
Սցենարը անդրադառնում է Հիրոսիմայի աղետին անուղակիորեն, որի համար հետագայում քննադատության է արժանանում, հատկապես ճապոնացի հանդիսատեսի կողմից։ Ֆիլմի մեջ է մտնում նաև Դյուրասի անձնական կյանքից դրվագ, ֆրանսիական օկուպացիայի տարիներին իր սիրավեպը գերմանացի զինվորականի հետ։ «ՀԻՐՈՍԻՄԱ, ԻՄ ՍԵՐ» ֆիլմում զգացվում է ռեժիսորի՝ վավերագրական ֆիլմում ունեցած փորձը, քաղաքը պատկերող երկար տեսարանները։ Դրանց առանձնակի խորհրդավորություն է տալիս եվրոպական և արևելյան մոտիվներով ֆիլմի համար գրված երաժշտությունը (Ժորժ Դելերյու, Ջովանի Ֆուսկո)։
Ֆիլմում հերոսները՝ ֆրանսուհի դերասանուհին (Էմանուել Ռիվա) և ճապոնացի ճարտարապետը (Էյձի Օկադա), հանդիպում են Հիրոսիմա քաղաքում։ Ամբողջ ֆիլմը միայն երկու հերոսների խոսակցություն է, որոնք միաժամանակ խոսում են սիրո, մահվան, հիշողության և մոռացության մասին:
Հուլիսի 2 – ին ժամը 19:00 – ին, Ազգային գրադարանի Մեծ Դահլիճում «Սինե-ակումբը» հրավիրում է դիտելու Ալեն Ռենեի լեգենդար դեբյուտային ֆիլմ-մտորումը՝ Մարգերիտ Դյուրասի սցենարի հիման վրա, հետպատերազմական տրավմայի մասին, որը ֆրանսիական «նոր ալիքի» գլխավոր այցեքարտերից մեկն էր։ Ֆիլմը ցուցադրվելու է հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է:
Լուսանկարները՝ ֆիլմից
Մեկնաբանել