HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը հույս ունի, որ իր կոալիցիան խորհրդարանում կստանա առնվազն 150 մանդատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է, որ իր «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով կկարողանա Ազգային ժողովում (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) առնվազն 150 մանդատ ստանալ: Այդ մասին հայտնել է RMC ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Վերջինիս տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարն անցած գիշեր իր մերձավորների հետ հաշվարկել է այն մանդատների մոտավոր քանակը, որոնց կարող է հավակնել նախագահական կոալիցիան: Մակրոնը նաև քննարկել է ինչպես ձախ, այնպես էլ աջ հայացքներ ունեցող ու իրեն հավատարիմ թեկնածուների մասնակցությամբ համաձայնագրերի կնքման և դաշինքի ստեղծման հեռանկարները:

Ինչպես նշում է ռադիոկայանը, «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան հույս ունի խանգարել աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելին խորհրդարանում ստանալ մեծամասնություն և զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Ֆրանսիայի Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր: Այս կամ այն կուսակցության բացարձակ մեծամասնությանը հասնելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 289 մանդատ։ 

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել էր, որ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիայի շուրջ 60 թեկնածուներ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում կհեռացվեն նախընտրական մրցապայքարից, որպեսզի իրենց ձայները տան ձախերին և թույլ չտան «Ազգային միավորման» հաղթանակը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունն ստացել է ձայների 33,15 %-ը: Ձախ «Նոր ժողովրդական ճակատ»  դաշինքը ստացել է ձայների 27,99 %-ը, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիան հավաքել է ձայների 20,04 %-ը: Այս ընտրություններում որոշիչ կլինի երկրորդ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։ 

Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter