HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արհեստական բանականությունը ստիպում է փոխել գիտելիքի գնահատման մեթոդները». ԱԲ դասավանդող

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ արհեստական բանականությունը փոխում է աշխատելու և ապրելու մեր ձևը: Դրա պատճառով նոր AI աշխատատեղեր են ստեղծվում: Տեխնոլոգիայի բերած փոփոխությունների, կրթական համակարգում կիրառվող նոր մեթոդների մասին «Հետքը» զրուցել է Վաշինգտոնի նահանգային ​​համալսարանի դասախոս, արհեստական բանականություն դասավանդող Քրիս Քոունիի հետ: 

Ի՞նչ է նշանակում լինել արհեստական ​​բանականություն դասավանդող:

Ինձ համար արհեստական բանականություն (ԱԲ) դասավանդողը մեկն է, ով պատրաստ է փորձարկումներ անել, որ ԱԲ-ն դառնա մեր ուսանողների ուսուցման փորձի մի մասը:  Բիզնեսի քոլեջում, որտեղ դասավանդում եմ, մենք որդեգրել ենք այն մոտեցումը, որ արհեստական բանականությունը մեր ուսանողների անհրաժեշտ գործիքակազմի մաս է, այն հմտություն է, որը նրանք պետք է ունենան՝ ապագայում բիզնեսում հաջողակ լինելու համար: Ուստի, արհեստական բանականություն դասավանդողը նա է, ով հասկանում է դա և պատրաստ է փորձարկումներ անել, աշխատել ուսանողների հետ, երբ նրանք հայտնաբերում են, թե ինչ հնարավորություններ ու ներուժ ունի արհեստական բանականությունը: 

Ի՞նչ եք սովորեցնում Ձեր ուսանողներին, և որ գործիքներն են, որ կարծում եք՝ բոլորը պետք է իմանան։

Վաշինգտոնի նահանգային համալսարանում ես մի շարք առարկաներ եմ դասավանդում: Այն դասերից մեկը, որտեղ ամենաշատն եմ օգտագործում արհեստական բանականություն, ձեռնարկատիրական մարքեթինգի դասն է: Ես ԱԲ օգտագործում եմ նաև այլ դասերի շրջանակում, օրինակ՝ «Բիզնեսի ներածություն» դասի: Բայց ձեռնարկատիրական մարքեթինգի դասը շատ ուսանողներ անցնում են երրորդ կամ չորրորդ կուրսում: Այդ դասի ընթացքում ես շատ եմ ԱԲ օգտագործում: Ուսանողները դասի շրջանակում պետք է մշակեն բջջային նոր հավելվածի գաղափար: Նրանք պետք է ունենան ձեռնարկատիրական գաղափար, բայց այդ գաղափարը վերջում պետք է դառնա բջջային հավելված: Գործիքը, որը ես շատ օգտակար եմ համարում, շատ պարզ է՝ կա՛մ Google Gemini, կա՛մ ChatGPT՝ պարզ, տեքստային հրահանգավորումներ: Իհարկե, ուսանողները հիմա կարող են ավելի շատ բան անել դրանցով, բայց մենք սկսում ենք գաղափարների գեներացումից: Դրանք են գործիքները, որոնք ես օգտագործում եմ, և նպատակը, ինչից մենք սկսում ենք, նոր գաղափարներ գեներացնելն է:

Ի՞նչ եք կարծում, արհեստական բանականությունը ուսանողներին ավելի ստեղծարա՞ր է դարձնում։

Կարծում եմ՝ ԱԲ-ն ուսանողներին իրենց ներուժը հասկանալու հնարավորություն է տալիս։ Բոլոր մարդիկ ստեղծագործ էակներ են, մենք մեր մեջ ստեղծարարություն ունենք և կարող ենք այն արտահայտել տարբեր կերպ։ ԱԲ-ի օգտագործումը հնարավորություն է տալիս ուսանողներին շրջանցել այն կետերը, որտեղ նրանք այլ կերպ կանգ կառնեին։ Եթե այսօր խնդրեմ ձեզ, որ ինչ-որ բանի համար ձեռնարկատիրական գաղափար մտածեք, որն իսկապես կարևոր է ձեզ համար, ի՞նչ կանեք։ Մինչ ChatGPT-ի հայտնվելը դուք առաջին քայլով որոշ գաղափարներ կգրեիք կամ Google-ում որոնում կանեիք՝ տեսնելու, թե ինչ է արդեն արվել, կմտածեիք այն մարդկանց մասին, որոնց կուզեիք ծառայել նոր հավելվածով։ Այդ գործընթացը կարող էր տարբեր լինել, բայց իրականում դուք ուսումնասիրելու էիք։ Ուսումնասիրել պոտենցիալ գաղափարներ, բաներ, որ կարող եք անել։ Ըստ իս՝ ԱԲ-ն, հատկապես գեներատիվ ԱԲ-ն, հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի արդյունավետ ուսումնասիրություն անել։

Ի՞նչ կասեք ձեր ուսանողների մասին։ Նրանք հետաքրքրվա՞ծ են ԱԲ-ով։ Համոզվա՞ծ եք, որ օգտագործում են այն բարի նպատակների համար։

Ուսանողները հետաքրքրված են ԱԲ-ի օգտագործմամբ մի շարք պատճառներով։ Որոշ դեպքերում դա պարզապես հետաքրքրասիրություն է։ Ցավոք, որոշ ուսանողներ նաև արագ տեղեկատվություն ստանալու և գործերը ավելի արագ անելու հնարավորություն են համարում՝ զուտ ինչ-որ բան արագ ավարտելու համար։ Ես փորձում եմ նրանց սովորեցնել, որ ԱԲ-ն օգտագործեն որպես ուսումնասիրության գործիք և ոչ թե վերջնական արդյունքի հասնելու միջոց։ Այո, կարելի է այն օգտագործել ավելի արդյունավետ աշխատելու համար, բայց այն պետք է դիտարկել որպես ուսումնասիրության միջոց՝ նոր գաղափարներ գեներացնելու համար, որոնք այլ կերպ գուցե չհայտնվեին։ Այնուհետև այդ գաղափարը բարելավելու համար պետք է օգտագործել սեփական միտքը։ Հետո կարելի է վերադառնալ ChatGPT և այն մշակել։ Կարծում եմ՝ ուսանողների հետաքրքրությունը ԱԲ-ի նկատմամբ հաճախ չի համապատասխանում նրանց նախնական մտադրություններին։ Դա կարող է սկսվել նրանց տեսած ինչ-որ հետաքրքիր բանից՝ ԱԲ-ի միջոցով ստեղծված տեսանյութ կամ պատկեր։ Բայց երբ այն դրվում է կառուցվածքային շրջանակում, ինչպիսին է մարքեթինգային պլանը, մարքեթինգային ռազմավարությունը կամ նոր արտադրանքը, նրանք դա կարող են նույնիսկ վերածել իրական բիզնեսի։ Ես սիրում եմ ChatGPT-ի կամ Midjourney-ի նման գործիքների նկատմամբ նրանց հետաքրքրությունը վերածել իրական արտադրանքի, որը կարող է եկամուտ բերել։

Շատ դասախոսներ չեն ուզում, որ իրենց ուսանողները օգտագործեն ԱԲ, մինչդեռ դուք նրանց խրախուսում եք այն օգտագործել: Ի՞նչ կասեք այս մասին:

Ցանկացած հաստատությունում կլինեն դասախոսներ, որոնք ցանկանում են, որ իրենց ուսանողները օգտագործեն ԱԲ, և դասախոսներ, որոնք ավելի զգուշավոր են: Եթե դա նրանց տեսակետն է, ես հարգում եմ դա: Բայց այն, ինչ ես սովորեցնում եմ, հաճախ ինչ-որ բանում վարպետանալը կամ հիշելը չէ: Նրանց խնդիրը հաճախ ինչ-որ բան սկսելն ու փորձելն է: Նրանց խնդիրը հաճախ այն է, որ հասկանան, օրինակ, ընդհանուր պատկերը կամ կառուցվածքը, որի համար ինձ հարկավոր կլիներ մեկ կամ երկու շաբաթ դասախոսություն կարդալ: Իմ դասավանդման թեմաների և մեթոդների համար դա տրամաբանական է, բայց ուրիշների դեպքում դա կարող է իսկապես խախտել դասավանդման ու ուսումնական պլանը: Հասկանում եմ, որ ուսանողների համար կողմնորոշվելը կարող է շատ դժվար լինել: Կարծում եմ, որ համալսարաններում մենք հիմա այն փուլում ենք, որ ոչ միայն հասկանանք՝ ինչպես պետք է դասավանդենք, այլ նաև ինչպես գնահատենք, թե ինչ ենք մենք սովորեցնում մեր ուսանողներին և դրա արժեքը:

Իսկ ինչպե՞ս ճիշտ գնահատել գիտելիքը, երբ յուրաքանչյուր ուսանող գիտի՝ ինչպես օգտագործել ԱԲ:

Մենք պետք է հարմարեցնենք ուսանողների գիտելիքների և նրանց աշխատաշուկա մուտք գործելու պատրաստվածության գնահատման մեթոդները: ԱԲ-ն իսկապես ստիպում է անել այդ փոփոխությունը: Նախկինում մենք կարող էինք ուսանողին հանձնարարել գրել թեզ, և դա կլիներ նրանց կարողությունների գնահատումը՝ հասկանալու, որ նրանք կարողանում են վերլուծել թեման, բերել բազմաթիվ գաղափարներ և ստեղծել ինքնատիպ բովանդակություն: Այսօր ԱԲ-ն կարող է դա անել ինքնուրույն: Մենք, իհարկե, տեսել ենք դրա արդյունքները: Ուսանողը հաճախ չի խմբագրում գեներացված տեքստը, դա իսկապես ակնհայտ է: Գնահատման նպատակն է հասկանալ՝ կարո՞ղ է ուսանողը ինչ-որ բան հասկանալուց ու մտապահելուց բացի նոր ստեղծարար գաղափարներ հղանալ: Կարծում եմ՝ մարտահրավերը լինելու է գտնել ավելի հեշտ ճանապարհ, որը չի պահանջում մտապահել, չի պահանջում թեմայի նմանատիպ հետազոտություն: Փոխարենը ավելի արժեքավոր է, թե ինչպես այդ գիտելիքները կօգտագործվեն նոր գաղափարներ ստեղծելու համար: Այսպիսով, կարծում եմ, որ ԱԲ-ն մեզ հնարավորություն է տալիս անել այդ ստեղծագործական աշխատանքը, վերլուծել այն, ինչ նրանք ստեղծել են: Դա դժվար է, բայց կարծում եմ, որ դա է մեր խնդիրն այժմ: Ուսուցիչների համար կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես ենք գնահատում ուսանողների՝ տեղեկատվությունը վերլուծելու և այդ տեղեկատվությունն օգտագործելու նոր եղանակներ գտնելու կարողությունը: Կարծում եմ, որ սա է մեր մարտահրավերը:

Ապագան արհեստական բանականության հետ ինչպիսի՞ն կլինի:

Մոտ մեկ տարի առաջ Բիլ Գեյթսն ասաց, որ ԱԲ-ն նման չէ համակարգչի կամ չիպերի հայտնվելուն։ Դա ավելի շատ նման է շոգեմեքենայի հայտնագործմանը։ Այսինքն՝ ոչ թե Երրորդ արդյունաբերական հեղափոխությանը, այլ Առաջին արդյունաբերական հեղափոխությանը։ Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչպիսին էր կյանքը շոգեմեքենայից, էլեկտրաէներգիայից կամ համակարգչային չիպերից առաջ, երբ բոլորս ունենք հեռախոսներ։ Դժվար է հիշել դա։ Բիլ Գեյթսը, որը Երրորդ արդյունաբերական հեղափոխության առանցքային ֆիգուրներից էր, ասում է, որ սա ավելի շատ նման է Առաջին արդյունաբերական հեղափոխությանը։ Յուրաքանչյուր արդյունաբերական հեղափոխության ժամանակ մարդկանց կարողությունների ծավալը մեծանում է, բայց նաև մեծանում է այդ փոփոխությունների արագությունը։ 

Կարծում եմ, որ արհեստական բանականության ապագան դժվար է պատկերացնել, ինչպես Առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակ էր դժվար պատկերացնել, թե ինչ կլինի բջջային հեռախոսների հայտնվելուց հետո։ Սա կփոխի մեր գաղափարներն այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ, թե ինչ է նշանակում ձեռք բերել գիտելիքներ։ Կարծում եմ, որ այնպիսի փոփոխություն կլինի, որը դժվար է հասկանալ։ Դրա միջով անցնելու համար պետք է զգոն լինել, թե որտեղ ենք գտնվում որպես մարդ, և հասկանալ իրականի կարևորությունը, ունենալ նպատակ մեր աշխատանքի համար։

Ըստ Ձեզ՝ տեղի ունեցողը վախեցնո՞ղ է, թե՞ հերթական մարտահրավերն է:

Ցանկացած փոփոխության ժամանակ բնական է, որ առաջին արձագանքը վախն է, մի փոքր նահանջելը։ Բայց կարևոր է հաղթահարել այդ վախը և ասել՝ սա է տեղի ունենում, ինչպե՞ս եմ ես պատրաստվում ներգրավվել, ի՞նչ ընտրություն եմ պատրաստվում անել։ Անձամբ ես այժմ շատ վախ չեմ զգում դրա նկատմամբ։ Ես ոգևորված եմ այն ամենից, ինչ տեղի է ունենում։ Բայց, իհարկե, ունեմ մտահոգություններ այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում, բայց ապագայի վերաբերյալ մտահոգություններ ես միշտ ունեցել եմ։ Կարծում եմ, որ սա այլ է, և կարծում եմ, որ դա կստիպի մարդկանց միասին աշխատել այնպես, ինչպես նրանք նախկինում չեն արել, այլ ոչ թե հեռանալ իրարից։

Այս պահին լինել մանկավարժ նշանակում է լինել փոփոխության մեջ։ Մեր գործելու ձևը փոխվում է։ Եվ որպես մեկը, ով անցել է դոթ-քոմ-ի և սոցիալական մեդիայի փոփոխությունների միջով, ես հասկանում եմ, որ սա այլ է։ Ես իսկապես երախտապարտ եմ, որ սա տեղի է ունենում իմ կյանքի ընթացքում, որովհետև այս պահին մանկավարժ լինելը նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք նոր բաներ անելու։ Մենք կարող ենք ավելի մեծ ազդեցություն ունենալ, այնպես չէ՞։ Եվ ուսանողները, նոր սերունդը մտնում է աշխարհ, որի մի մասը արհեստական բանականությունն է։ ԱԲ-ն կլինի այն գործիքներից մեկը, որը կձևավորի այն, ինչպես մնացած բաների դեպքում է։ Բայց որպես մանկավարժ ես կարող եմ տեսնել դա մարդկանց աչքերով կամ գոնե տեսնել, թե ինչպես են մարդիկ փորձարկում ԱԲ-ն ու դրա հնարավորությունները, բայց ապահով միջավայրում, կրթական փորձառության շրջանակներում, կրթական համատեքստում, որպեսզի նրանք կարողանան նոր բաներ փորձել, հաղթահարել անհանգստությունը կամ վախը և դառնալ ավելի ինքնավստահ այդ փոփոխությունների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter