
Արմավիրի մարզպետն առաջարկել է մեկ տարով կասեցնել կարկուտից տուժածների գյուղատնտեսական վարկերի վճարումները
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որպեսզի քննարկվի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների գյուղատնտեսական վարկերի մայր գումարների ու տոկոսագումարների վճարումը մեկ տարով կասեցնելու հարցը: Նման քայլը կարող է լուրջ աջակցություն լինել կարկուտից տուժած գյուղացիներին, քանի որ, ըստ Դավիթ Խուդաթյանի, գյուղատնտեսական վարկերի հիմնական վճարումները լինում են այս ամիսներին: Մարզպետը նշեց, որ հարցը քննարկվել է, սակայն, վերջնական որոշում դեռ չի կայացվել:
2024թ. գյուղատնտեսական տարին Արմավիրի մարզում սկսվել էր բարեհաջող, և գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք։ Սակայն, 2024թ. մայիսի 4-ին, 5-ին, 12-ին և 25-ին տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը:
Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ մարզի համայնքներում ստեղծված հանձնաժողովներն իրականացրել են կարկտահարության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատում՝ ըստ մշակաբույսերի և ըստ վնասվածության աստիճանի և կազմված ակտերը ներկայացրել են մարզային հանձնաժողովի քննարկմանը։
Իսկ մարզային հանձնաժողովում քննարկվել և ամփոփվել են համայնքների ներկայացրած ակտերը, որի արդյունքում պարզվել է՝ մարզի Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան և Խոյ համայնքների ընդհանուր 38 բնակավայրի 3951 հողօգտագործողի պատկանող մոտ 5642 հեկտար հողատարածություն վնասվել է կարկուտից՝ 30-100%-ով։
Մեկնաբանել