HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մինսկի զորահանդեսին. բելառուսական կողմը հրավեր էր ուղարկել

Մինսկը Հայաստանին հրավիրել էր մասնակցելու ֆաշիստական զորքերից Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին, սակայն սուբյեկտիվ պատճառներով Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն ժամանել Բելառուս։ Նման հայտարարությամբ այսօր՝ հուլիսի 3-ին հանդես է եկել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Այդ թվում հրավիրված էր նաև Հայաստանը։ Բայց ինչ-որ մտացածին, ամենայն հավանականությամբ, սուբյեկտիվ պատճառներով, մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները, ցավոք, Հայաստանի պատվիրակությունը, Հայաստանի շքերթային հաշվարկները չեն ժամանել մեր շքերթին մասնակցելու համար»,- Վոլֆովիչի խոսքերը մեջբերում է բելառուսական Белта գործակալությունը։

Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին»:

Այսօր Մինսկում կայացել էր զորահանդես, որին, բացի Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչներից, մասնակցել են նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի զորահանդեսային հաշվարկները: Դրան հետևել են նաև օտարերկրյա պատվիրակությունները, որոնք ժամանել էին Մինսկում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: 

Հայկական պատվիրակությունը չի մասնակցել նաև այդ հանդիպմանը։

Վերջին շրջանում հայ-բելառուսական հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ։ Պատճառը Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն էր, որը փաստացի խոստովանում էր, որ Բելառուսը անուղղակի մասնակցություն է ունեցել 2020 թվականին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մեջ։ Լուկաշենկոն Բաքվում հայտարարել էր, որ «աջակցում էր, հավատում և ցանկանում Ադրբեջանի հաղթանակը»։

Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուսի ղեկավարը պետք է ներողություն խնդրի: 

Փաշինյանի հայտարարությանն էլ անդրադարձել էր Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել էր, որ Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, «որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն արտաքին խաղացողները»:

Գլազը նաև ընդգծել էր, որ Մինսկը չի միջամտում ՀՀ ներքին գործերին, հարգում է հայ ժողովրդին և «նրան ցանկանում ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և մարդկանց բարեկեցության մասին»: Այս հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել բելառուսական կողմին և Մինսկում Հայաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով կանչել Երևան։

Լուսանկարը՝ Спутник գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter