
Աշխաբադ փողոցում վերանորոգումից մեկ տարի չանցած կրկին շինաշխատանքներ են․ կապալառուն վերացնում է թերությունները
Ավան վարչական շրջանի Աշխաբադ փողոցի 950 մետր տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանը «ԱՎԱ-2000» ՍՊ ընկերության հետ կնքել է մոտ 38 մլն դրամի պայմանագիր։ Մեկ տարի չանցած՝ փողոցում նորից շինարարական աշխատանքներ են ընթանում։
Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ Աշխաբադ փողոցը ներառված է եղել 2023թ․ «Ճանապարհների միջին նորոգում» ծրագրում, սակայն 2023թ․ իրականացված աշխատանքների թերությունների պատճառով այն չի ընդունվել պատվիրատուի կողմից։ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի մի հատված ևս թերի է եղել, քաղաքապետարանը պարտավորեցրել է կապալառուին սեփական միջոցներով շտկել թերությունները։
«2023թ․ վերջում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կապալառու կազմակերպությունը թերությունները վերացնում է ներկա պահին։ Կապալառու կազմակերպությունը կվճարվի թերությունները վերացնելուց հետո»,- նշված էր քաղաքապետարանի պատասխանում։
Աշխաբադ փողոցում ճանապարհաշինարարական աշխատանքները կատարած «ԱՎԱ-2000» ՍՊ ընկերության 100% բաժնետերը Վաչիկ Աթոյանն է։ «ԱՎԱ-2020» ընկերությունը շահագործում է նաև Վարդաշենի բազալտի հանքավայրը։
Վաչիկ Աթոյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից է։
Ընկերությունը 2017թ․-ից Երևանի քաղաքապետարանի հետ 12 պայմանագիր է կնքել տարբեր վարչական շրջանների ճանապարհների նորոգման համար։ Բացի քաղաքապետարանից, «ԱՎԱ-2000» ՍՊ ընկերությունը ճանապարհների վերանորոգման և պահպանության պայմանագրեր է կնքել Տարածքային կառավարման և ենթակառուցավծքների նախարարության, Աբովյանի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ։
Մեկնաբանել