HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին` Երևանի ժամանակով 07:30-ին։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ առաջինը քվեարկել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Հրապարակված կադրերից երևում է, որ դեռ ընտրատեղամասերի բացումից առաջ դրանց առջև հերթեր են գոյացել: Քվեարկության ընթացակարգի մեկնարկի մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին:

Ավանդույթի համաձայն՝ առաջինը քվեարկությանը մասնակցում է Խամենեին՝ դրանով իսկ օրինակ ծառայելով Իրանի քաղաքացիներին։ Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու ժամանակ՝ Իրանի հոգևոր առաջնորդը դիմել է բնակչությանը՝ կոչ անելով նրանց երկրորդ փուլում ավելի ակտիվ քվեարկել:

Երկրորդ փուլում նախագահական աթոռի համար պայքարում են առողջապահության 69-ամյա նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Պեզեշքիանը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին: Առաջին փուլում, որը տեղի էր ունեցել հունիսի 28-ին, Պեզեշքիանն ու Ջալիլին հավաքել էին համապատասխանաբար 44 և 40 տոկոս ձայն: Ընտրություններին մասնակցությունը կազմել էր շուրջ 40 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է Իսլամական Հանրապետության գոյության 45 տարվա ընթացքում:

Նախագահական մրցավազքի երկու մասնակիցներն էլ տնտեսական աճի, սոցիալական առաջընթացի և երկրի կայուն զարգացման կողմնակից են: Պեզեշքիանը հանդես է գալիս օտարերկրյա ներդրումների ներգրավման, Արևմուտքի հետ երկխոսության և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման օգտին:

Նախագահական մրցավազքի երկու մասնակիցներն էլ տնտեսական աճի, սոցիալական առաջընթացի և երկրի կայուն զարգացման կողմնակից են: Պեզեշքիանը հանդես է գալիս օտարերկրյա ներդրումների ներգրավման, Արևմուտքի հետ երկխոսության և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման օգտին: Առողջապահության նախկին նախարարը, որը ծագումով Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգից է և ազգությամբ ադրբեջանցի, խոստացել է ընդլայնել Իսլամական Հանրապետության կանանց և էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, քննադատել իշխանությունների դիրքորոշումը պարտադիր հիջաբ կրելու մասով:

Ջալիլին էլ հանդես է գալիս արևմտյան պատժամիջոցների դեմ պայքարում ներքին ներուժի վրա հենվելու, զինված ուժերի ամրապնդման, ավիավթարում մայիսի 19-ին զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքական կուրսի շարունակման, ԲՐԻԿՍ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը մասնակցության, Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ազատ առևտրի գոտու ստեղծման, Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացման օգտին: Նա կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի 2018 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու համար։

Իրանցի վերլուծաբանները նշում են, որ նույնիսկ եթե նախագահական մրցավազքում հաղթի Պեզեշքիանը, Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելու նրա ծրագիրը կարող է մնալ թղթի վրա, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում նոյեմբերին հաղթի Դոնալդ Թրամփը:

Կոլաժում՝ ձախից Սաիդ Ջալիլին, իսկ աջ լուսանկարում՝ Մասուդ Պեզեշքիանը, Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter