
Իրանում նախագահի որևէ թեկնածու չի ստացել ձայների 50 %-ը. կկայանա երկրորդ փուլ
Իրանում նախօրեին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ թեկնածուներից և որևէ մեկը չի ստացել ձայների 50 %-ը, ինչը նշանակում է, որ կկայանա ընտրությունների երկրորդ փուլ։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը, ըստ օրենքի, կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:<...> Այն ամբողջ երկրում տեղի կունենա ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին»,- հայտարարել է Էսլամին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռեֆորմիստ, Իրանի առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքյանը և պահպանողական, Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին ընտրությունների արդյունքում ստացել են ամենաշատ թվով ձայները, սակայն նրանցից որևէ մեկը չի ստացել ձայների 50 %-ը։
Էսլամիի խոսքով՝ 24,5 միլիոն քվեաթերթիկի հաշվարկից հետո Պեզեշքյանը ստացել է 10,4 միլիոն ձայն, իսկ Ջալիլին՝ 9,5 միլիոն։
Իրանի նախագահի ընտրություններին մասնակցում էին խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամադին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքյանը:
Քվեարկության մեկնարկի օրվա նախօրեին ընտրություններին մասնակցելուց հրաժարվել էր Թեհրանի քաղաքապետ Ալիրեզա Զաքանին, որը պահպանողականների ճամբարի երկու առավել հայտնի քաղաքական գործիչներին՝ Ջալիլիին և Ղալիբաֆին, խնդրել էր միավորել ջանքերը ռեֆորմիստ Պեզեշքյանի դեմ:
Իրանում նախագահական 14-րդ ընտրություններն արտահերթ են Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման և նախկին նախագահի մահվան պատճառով։
Լուսանկարները՝ The Getty Images-ի
Մեկնաբանել