Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի բացումը սարերի հետեւում չէ
Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի ստեղծման առաջին քայլերն են արվում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնել է Տեխասի գյուղատնտեսական եւ մեխանիկական համալսարանի (Texas A&M University) դասախոս Տաթեւիկ Սեխպոսյանը։
Նրան հանդիպել ենք հունիսի 26-30-ը Մատենադարանում տեղի ունեցած Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) երրորդ տարեկան համաժողովին։ Դրա ընթացքում ներկայացվել են Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի անելիքները։ Կենտրոնը ASOF-ի նախաձեռնություններից է։
Կենտրոնի մասին «Հետքը» գրել էր նաեւ նախորդ տարի: Հայ տնտեսագետների մի խումբ նպատակադրվել է Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր երկրում եւ արտասահմանում սովորող կամ աշխատող հայ գիտնականներն ու ուսանողները չմտածեն Հայաստանում համարժեք աշխատանք գտնելու մասին։
«Վերջին երկու տարին բոլոր հայերով, որոնք տարբեր համալսարաններում տնտեսագիտությամբ էին զբաղվում, խելք-խելքի էինք տալիս, թե ինչպես կարելի է նպաստել Հայաստանի տնտեսագիտության զարգացմանը, միջազգային մակարդակի բերել տնտեսագիտությունը՝ որպես գիտություն Հայաստանում, ու ինչպես նպաստել տարբեր որոշումների իրականացմանը, օժանդակել մարդկանց, համալսարաններին,- մեզ հետ զրույցում անցյալ տարի հայտնել էր Տաթեւիկ Սեխպոսյանը,- ունենք շատ տաղանդավոր երեխաներ, որոնք գնում են սովորելու, աշխատելու արտասահմանում, այսինքն՝ այստեղ համարժեք բան է պետք ստեղծել, որ իրենք կարողանան հետ գալ։ Խոսքը հայրենասիրության մասին չէ, այլ գիտական կառույց ստեղծելու, որ հետաքրքրված մարդիկ հնարավորություն ունենան, խրախուսել, որ գան Հայաստանում զբաղվեն դրանով»։
Տ. Սեխպոսյանի փոխանցմամբ՝ կենտրոնը գրանցվելու է որպես հիմնադրամ։ Ունենալու են 7 հիմնադիր անդամ, որոնք ոչ միայն Հայաստանի, այլեւ օտարերկրյա համալսարաններից են: Սեխպոսյանը հիմնադիրներից մեկն է:
Կենտրոնը գրանցելուց հետո սկսելու են ակտիվ աշխատանքները։ Նախ պետք է մշտական աշխատակից ունենան, որը գերադասելի է հայաստանաբնակ լինի, ապա կորոշեն կենտրոնի գործունեության վայրը, իսկ հետո կանցնեն ծրագրերի իրականացմանը։ «Բոլորս տրամադրված ենք երկրի լավի համար»,- նկատում է մեր զրուցակիցը։
Այս օրերին Երեւանում ու Դիլիջանում տեղի է ունենում Հայկական տնտեսագիտական միության հավաքը։ «Ակադեմիական հավաք է, որտեղ մարդիկ գալու են ներկայացնեն իրենց գիտական աշխատանքները։ Այս տարի 110-ից ավելի դիմորդ ունեինք, սովորաբար դրան չէր հասնում, մասնակիցների թիվը 90-ից մի փոքր ավելի է։ Ամեն տարի կազմակերպվում է հավաքը, բայց տարեցտարի որակն ու քանակը մեծանում է»,- ասում է Տաթեւիկ Սեխպոսյանը:
Ըստ «Հետքի» զրուցակցի՝ իրենք ցանկանում են Հայաստանի հետ կապված տվյալների բազան սիստեմատիկ տեսքի բերել։ Որպես օրինակ նշում է, որ ASOF-ի ելույթին պատրաստվելու համար որոշ տվյալներ էին անհրաժեշտ, ու իրենից մի օր պահանջվեց երկու տվյալ գտնելու համար։ Նպատակ կա Հայաստանի վերաբերյալ տարբեր տվյալները միացնել՝ ՊԵԿ-ից մինչեւ Կենտրոնական բանկ։ Այդ դեպքում, ըստ Սեխպոսյանի, հնարավոր կլինի ստանալ Հայաստանի տնտեսության ամբողջական պատկեր։
Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի նպատակ ունի նաեւ տնտեսագիտության ոլորտում բարձրացնել հետբակալավրիատի կրթական որակը։ Մեր զրուցակցի կարծիքով՝ բակալավրիատից հետո մեծ բաց կա, եւ իրենց նպատակը Հայաստանում տնտեսագիտությունը որպես գիտություն զարգացնելն է։
«Կարծում եմ՝ միջազգային ստանդարտների համեմատ ավելի լավ կարող էր լինել։ Շատ դեպքերում, երբ ինչ-որ երկրի համար հետազոտություններ են տեղի ունենում, ասում են՝ եկեք Հայաստանի համար անենք։ Ավելի շատ կրկնօրինակելու սկզբունքով է առաջ գնում, քան նորարարական։ Բայց դա կարելի է լավացնել։ Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր է, տարբեր բարեփոխումներ են տեղի ունենում, եւ տնտեսագիտության ոլորտում այդ ամենը հետաքրքիր է, որովհետեւ կարող ես տեսնել, թե ինչպես են մարդիկ փոխում իրենց վարքագիծը որեւէ ռեֆորմից հետո»,- ասում է Տեխասի գյուղատնտեսական եւ մեխանիկական համալսարանի դասախոսը։
Նրա խոսքով՝ նոր ստեղծվելիք կենտրոնի հիմնական խնդիրը, ինչպես եւ սպասվում էր, ֆինանսավորումն է, ինչն ընդհանուր երեւույթ է ամբողջ աշխարհում՝ ռեսուրսները միշտ ավելի քիչ են, քան մարդիկ ցանկանում են։
«Եթե ինժեներ ես, ինչ-որ բան ես արտադրում, դրա ֆինանսավորման հնարավորություններն ավելի մեծ են, քան երբ ինչ-որ տնտեսական հետազոտություն ես անում։ Այսինքն՝ ավելի շատ ֆինանսավորում կա կոնկրետ բանի համար, որը շոշափելի արդյունք է տալիս, քան հետազոտությունների»,- նկատում է Տաթեւիկ Սեխպոսյանը:
Դեռ պարզ չէ, թե ինչ աղբյուրներից է լինելու ֆինանսավորումը՝ պետական, անհատական, դրամաշնորհային։ Սակայն հայ տնտեսագետները միակարծիք են, որ ֆինանսավորումը մեկ աղբյուրից չպիտի լինի, որպեսզի կենտրոնն անկախ գործի։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել