
Արտերկրում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների մասին պետմարմինները հստակ տվյալներ չունեն
Հայաստանի պետական ոչ մի կառույց չգիտի, թե արտերկրում ՀՀ քանի քաղաքացի է անազատության մեջ գտնվում։
«Հետքը» դիմել է Դատախազությանը, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարություններին՝ պարզելու, թե վերջին տարիներին ՀՀ քանի քաղաքացի է արտերկրում ձերբակալվել կամ դատապարտվել և օրենքի ինչ խախտումների համար։ Հարցումներ արել ենք ինչպես այս տարի, այնպես էլ 2023-ին։ Մեր հարցերի ամբողջական պատասխաններն այդպես էլ չստացանք․ վերոնշյալ պետմարմիններն ամբողջական տվյալներ չունեն։ Այնուհանդերձ, որոշ տվյալներ տրամադրվեցին։
Արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարի մեր հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ խնդրեց։ Մեկ ամիս անց պատասխան ստացանք, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր հարցերի պատասխանը չունի․
«․․․Օտարերկրյա պետություններում անազատության մեջ գտնվող անձանց մասին հաշվառում վարելու լիազորությունը դուրս է դիվանագիտական ծառայության մարմինների իրավասության շրջանակից»,- նշված է ԱԳՆ-ի պատասխան նամակում։
Դատախազությունից ևս պատասխանեցին, որ այս հարցերի վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։
Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ մի քանի կոնվենցիաների շրջանակներում օտարերկրյա պետությունները ՀՀ ԱՆ-ին են տրամադրում տվյալներ՝ իրենց պետության տարածքում դատապարտված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Նշվում է, որ այդ կոնվենցիաների շրջանակներում 2012-ից մինչ 2023-ի օգոստոսի 7-ի դրությամբ ԱՆ-ը արտերկրում պատիժը կրող 1053 ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ է ստացել։ Չնայած սրան՝ Հայաստանի Հանրապետությունը չգիտի, թե այս պահին իր քաղաքացիներից քանիսն են անազատության մեջ․ 1053 անձանց վերաբերյալ ստացված տվյալները չեն թարմացվում։
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ կոնվենցիաների շրջանակներում ոչ բոլոր մասնակից պետություններն են ներկայացնում տվյալներ իրենց պետությունում հանցանք կատարած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Մասնավորապես՝ մեծ թիվ են կազմում ՀՀ ԱՆ ստացված՝ ՌԴ տարածքում հանցանք կատարած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալները»,- նշված է ԱՆ-ի պատասխանում։
Ըստ ՌԴ-ի տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ քաղաքացիները հիմնականում դատապարտվել են թմրամիջոցների շրջանառության, գողության, ավազակության, խարդախության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, բռնաբարության և սպանության հանցակազմ պարունակող արարքներ կատարելու համար։
Արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2019-2023թթ․-ին և 2024-ի հունիսի 10-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել և պատիժը այստեղ է կրում արտերկրում դատապարտված ՀՀ 15 քաղաքացի, որից 13-ը Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀ պետմարմինները օտարերկրացիներին ձերբակալելու կամ դատապարտելու մասով տեղեկացնու՞մ են տվյալ երկրի դեսպանությանը ՀՀ-ում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը պատասխան նամակում հղում է անում Քրեական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածին։ Այս հոդվածում նշվում է՝
«․․․օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձերբակալման դեպքում նրան անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է անազատության մեջ պահվող անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի, ապա նրա մշտական բնակության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական: Այդ մասին սեղմ ժամկետում գրավոր տեղեկացվում է ձերբակալվածը»:
Ոստիկանության պատասխանում նաև նշվում է, որ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ապաստան հայցողների կամ փախստականների ձերբակալման կամ կալանավորման վերաբերյալ հաղորդումները ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի հյուպատոսական վարչությանը։
Ստացվում է՝ անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների թիվը հնարավոր չէ ստանալ, քանի որ օտարերկրյա պետություններում ձերբակալված, կալանավորված և քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող քաղաքացիների հաշվառում չի կատարվում։
Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել