HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ

-Արամայի՛ս, կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ,- խմորի հետ խաղալով՝ հարցնում է յոթ տարեկան Արինան։ Պատասխանը դեռ չլսած՝ նա սկսում է վերականգնել դեպքերի ճշգրիտ հաջորդականությունը՝ սեպտեմբերի 19-ին իրենց տան վրայով անցած առաջին արկից մինչև բենզինի պահեստի պայթյուն ու իրենց՝ Գետահովիտում հայտնվելը։ 4-ամյա Արամայիսն իրենց հարևանն է, խաղընկերը, առանց հարցեր տալու լսում է՝ երբեմն ուշադիր, երբեմն՝ ոչ այնքան, բայց դրանից Արինայի՝ ամեն բան մանրամասն պատմելու ոգևորությունը չի տուժում։ Եթե Արինան ավելի շատ կենտրոնանում է փաստերի և իրողությունների վրա, ապա քույրը՝ 5 տարեկան Ալիսան, զգացողություններն է ներկայացնում․ «Մեկ էլ դըդը՜մփ, մաման լացում ա, բոլորը վազում են, երկրաշարժի նման պատերը շարժվում են, բայց հենց հասանք էստեղ, էլ բան չկար»։

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում իրենց վարձով տանն ապրում է Ստեփանյանների ընտանիքը։ Նրանք այստեղ առաջին անգամ ապաստանել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բարեկամներ, ծանոթներ չեն ունեցել, ուղղակի ավտոբուսը հենց այս գյուղում է իջեցրել իրենց, պատերազմից հետո նորից վերադարձել են տուն։ Արթուրն ու Ազնիվը իրենց հինգ անչափահաս երեխաների՝ Արևիկի, Արմանի, Արիաննայի, Արինայի ու Ալիսայի հետ բռնի տեղահանվել են 2023 թ.-ի սեպտեմբերի 26-ին Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից։ Երեխաներն ասում են, որ Գետահովիտի բնությունը նման է իրենց գյուղի բնությանը, կարևորն անտառներ այստեղ էլ կան։

Խմորի գնդերը կամաց-կամաց երեխաների ձեռքերում ձևեր են ստանում, հետո նախշեր ու արդեն պատրաստ են թխվելուն։

-Գիտե՞ս՝ հենց գնանք մեր գյուղը առաջինն ինչ եմ անելու։ Ինչքան հաց կա սառնարանի մեջ, բոլորը ուտելու եմ, մեր հացերը էլի,-ասում է Արինան։

-Ո՞նց ես ուտելու, բա որ մեջը աղ, սոդա ածած ըլնին, ուտիս, մեռնիս - հարցնում է Ալիսան:

Այս ընթացքում մեծ, իրական ու վարդագույն հացեր է թխում Ազնիվը՝ հինգ երեխայի 35-ամյա մայրը։ Ձեռքով կտրում Է դեռ տաք հացը, բաժանում երեխաներին ու ժամանակավորապես հետաձգում հացի, աղի ու սոդայի մասին նրանց կարևոր քննարկումը։

-Երեխաները բոլորն էլ միշտ հարցեր ունեն, մանավանդ փոքրերը, անընդհատ ասում են՝ երբ ենք գնալու մեր տուն, մա՛մ, հիշում ես մեր գյուղում էս ունեինք, էն ունեինք, բա հիմա ինչի՞ չունենք։ Մա՛մ, բա ո՞վ էր մեղավոր։ Երեխա են, չես կարող բացատրել, թե ով էր մեղավոր, ով անմեղ, կամ ես գիտե՞մ՝ ով էր մեղավոր, որ իրենց ասեմ,- ասում է Ազնիվ Ստեփանյանը։

-Ազնի՜վ, մի էս կողմ նայիր, ձեզ համար լավ տուն կա գյուղում՝ ամեն ինչով, գինն էլ ոնց որ հարմար են ասում, ի՞նչ կարծիքի ես, - պատշգամբից Ազնիվին է դիմում հարևանը՝ Արամայիսի մայրը։

-Նոնա ջան, ախր մենք էլ դեռ չգիտենք՝ էստեղ ենք հիմնական մնալու, թե գնալու ենք, դեռ չենք որոշել, ես ասում եմ՝ գոնե մի քիչ մեր բարեկամներին մոտ գնանք, բայց հա, Արթուրին կասեմ, տեսնեմ՝ ինչ կասի, ապրես,- պատասխանում է Ազնիվը։

-Դե, ասեցի առաջարկեմ, Ազնիվ ջան, մնացածը դուք տեսեք, Արամայիսին էլ ասա թող արդեն գա, հերիք ա,- զրույցն ավարտում է Նոնան։

Արցախում նրանք երկու տուն են թողել՝ երկուսն էլ Սոսում, մեկի շինարարությունը դադարեցրել են 2020թ․-ի պատերազմից հետո, քանի որ դեռ չգիտեին՝ ինչ է լինելու։ Գյուղում բենզալցակայան ունեին, ամուսինն էր աշխատեցնում, հիմա Արթուրը գյուղի հանգստյան գոտիներից մեկի այգեպանն է, շաբաթը վեց օր աշխատում է, կիրակի՝ հանգստանում։

-Վերջին տարիներին տանն արդեն պակաս բան չկար, որևէ բանի կարիք չունեինք, մեր երջանիկ տարիներն էին դրանք, հիմա ընկած տուն ենք փնտրում, բայց անորոշությունն էնքան մեծ է, որ չգիտենք՝ ինչ անենք, որն է ճիշտը։ Ամենաշատը երեխաների մասին ենք մտածում, իրենց ապագայի, ուզում ենք, որ ուր էլ գնանք, իրենց համար լավ լինի,-ասում է Ազնիվը։

Հացերը վերջապես թխվում են։ Արինան ու Ալիսան վաստակած հանգիստն են վայելում բազմոցին, մինչև որ Արևիկը երաժշտությունը միացնում է, ու աղջիկները պարում են։ Արևիկը երեխաներից ամենամեծն է՝ 16 տարեկան, օրական մի քանի անգամ մագնիտոֆոնը միացնում է ու երգում, պատրաստվում է երաժշտական դպրոցի ընդունելության քննություններին։ Արևիկը, թեև քայլելու որոշ դժվարություններ ունի, բայց անընդհատ շարժվում է, նոր բաներ է փորձում, մասնագիտություն է ուզում սովորել, ծնողները նրան միայն ոգևորում են։ Նորածին ժամանակ Արևիկին ախտորոշել են ոտքերի և ձեռքերի բնածին կարճություն և Դաունի համախտանիշ։

-Արևիկը, երբ ծնվեց ու արդեն պարզ էր, որ խնդիրներ ունի, ինձ շատերը ասում էին, որ հրաժարվեմ, ամբողջ կյանքս պիտի իրեն խնամեմ, որ ջահել եմ ու էլի երեխաներ կունենամ, ես էլ, ամուսինս էլ դեմ էինք, ասեցինք, որ մեր երեխան ա, ոնց էլ լինի, կպահենք, թեկուզ չքայլի։ Հիշում եմ ամբողջ օրը գազարի ու խնձորի հյութ էի տալիս՝ հույսով, որ մի օր կքայլի։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր․ 2,5 տարեկան էր Արևիկը, մեկ էլ տեսա կանգնեց ու մի քայլ առաջ եկավ, զանգեցի ամուսնուս, ասեցի շուտ տուն եկ, Արևիկը քայլում ա,- հիշում է Ազնիվը։

Նա պատմում է, որ հատկապես պատերազմի և տեղահանության օրերին էր դժվար, Արևիկին գրկած էին տեղափոխում, քանի որ քայլելու խնդիր ուներ, հիմնականում այդ հարցում եղբայրը՝ 14-ամյա Արմանն էր օգնում։

-Հաճախ եմ մտածում, թե ինչ կվերցնեի տնից, եթե հասցնեի, կարծում եմ Արևիկի փոքր ժամանակվա շորերը, բոլորը իր առաջին օրվանից սկսած պահել էի ու կուզեի, որ բերած լինեի,- ասում է մայրը։

Աղջիկների հացը դեռ էլի ջեռոցում կմնար, եթե վառածի սուր հոտը քթները խուտուտ չտար։

-Մա՛մ, հիմա մենք սա կարա՞նք ուտենք, թե՞ որ սևացել ա, էլ չէ, - հարցնում է Արինան ու վտանգելով առջևի շարժվող ատամները՝ կծում չորացած բլիթը, - քո հացից կտա՞ս, մամ։

Գլխավոր լուսանկարում՝ Ազնիվ Ստեփանյանը չորս դուստրերի հետ

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter