
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կիրակի առավոտյան բացվել են քվեարկության համար նախատեսված տեղամասերը:
Քվեարկությունը տեղի ժամանակով մեկնարկել է 08:00-ին (Երևանի ժամանակով՝ 10:00-ին) ու կտևի մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով՝ 20:00-ն)։ Փարիզում, Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Մոնպելիեում և Մարսելում ընտրողները կկարողանան քվեարկել մինչև տեղի ժամանակով 20:00-ն (Երևանի ժամանակով՝ 22:00-ն): Անդրծովյան դեպարտամենտներում քվեարկությունը սկսվել է դեռևս շաբաթ օրը և դրանց մեծ մասում արդեն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ինչպես օրինակ Նոր Կալեդոնիայի դեպքում:
Դեռ առաջին փուլում Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը գրանցել էր 1997 թվականից ի վեր ընտրողների ամենաբարձր մասնակցությունը՝ 66,7%, այն դեպքում, երբ երկրորդ փուլում, Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի (Ifop) կանխատեսման համաձայն, այն կարող է նույնիսկ ավելի բարձր լինել՝ հասնելով մինչև 69%-ի: Ընտրատեղամասերի բացումից մի քանի օր առաջ արտասահմանում բնակվող 460 հազար ֆրանսիացիներ քվեարկել են համացանցի միջոցով, ինչը ռեկորդային է նման տեսակի քվեարկության համար:
Ազգային ժողովի 577 մանդատների համար հիմնական պայքարը ծավալվել է Էմանուել Մակրոնի գլխավորած կենտրոնամետ նախագահական կոալիցիայի, աջ «Ազգային միավորման» և ձախ «Նոր ժողովրդական ճակատի» միջև։ Ifop-ի վերջին հարցման համաձայն՝ «Ազգային միավորման» թեկնածուները ստորին պալատում կարող են ստանալ 170-210 մանդատ, մինչդեռ այս կամ այն կուսակցության բացարձակ մեծամասնությանը հասնելու համար անհրաժեշտ է ստանալ 289-ը: «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը և նրա դաշնակիցները կարող են ստանալ 155-185 մանդատ, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիան կարող է ունենալ 120-150 մանդատ:
Ֆրանսիայի Ընտրական օրենսգիրքը խիստ արգելք է սահմանում մինչև քվեարկության ավարտը էքզիթ փոլերի կամ որևէ այլ կանխատեսումների հրապարակման համար: Այս արգելքի խախտումը նախատեսում է մինչև 75 հազար եվրո տուգանք։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ընտրությունների I փուլի արդյունքներով՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունն ստացել էր ձայների 33,15 %-ը: Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն էլ ստացել էր ձայների 27,99 %-ը, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիան հավաքել էր ձայների 20,04 %-ը:
Լուսանկարը՝ Artur Widak/NurPhoto
Մեկնաբանել