
«Խաղաղության առաքելություն 3.0». Կիևից ու Մոսկվայից հետո Օրբանը ժամանել է Պեկին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որը Պեկին է ժամանել Ուկրաինայում խաղաղության հաստատման իր առաքելության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Հանդիպման մանրամասներ դեռևս չեն փոխանցվում։
Օրբանը Չինաստան է ժամանել հուլիսի 8-ի առավոտյան։ Նրա մամուլի քարտուղար Բերտալան Հավաշիի խոսքով՝ Հունգարիայի վարչապետը Չինաստան է այցելել «խաղաղության առաքելությամբ»:
Peace mission 3.0 #Beijing pic.twitter.com/DZZFv4qAEH
— Orbán Viktor (@PM_ViktorOrban) July 7, 2024
Օրբանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել օդանավակայանից։ «Խաղաղության առաքելություն 3.0։ Պեկին»,- գրել է նա։ Ավելի ուշ, նա լուսանկար է հրապարակել Սի Ծինփինի հետ հանդիպումից՝ նշելով, որ Չինաստանի առաջնորդի Բուդապեշտ կատարած այցից երկու ամիս անց ինքն այցելում է Պեկին։ «Չինաստանն առանցքային տերություն է ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ խաղաղության պայմաններ ստեղծելու գործում։ Ահա թե ինչու ես Պեկին ժամանեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպելու՝ Բուդապեշտ կատարած պաշտոնական այցից ընդամենը երկու ամիս անց»,- գրել է Օրբանը։
#China is a key power in creating the conditions for #peace in the #RussiaUkraineWar. This is why I came to meet with President Xi in Beijing, just two months after his official visit to Budapest. #HU24EU #peacemission pic.twitter.com/6UcFkb4ynQ
— Orbán Viktor (@PM_ViktorOrban) July 8, 2024
Վիկտոր Օրբանը հուլիսի 2-ին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ այցելել էր Կիև, որտեղ բանակցություններ էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Բանակցությունների ընթացքում Օրբանը Զելենսկուն կոչ էր արել մտածել կրակի դադարեցման և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին: Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ դա անհնար է, առանց խաղաղության գագաթնաժողովների, որոնք կազմակերպում է Ուկրաինան:
Օրբանի երկրորդ կանգառը Մոսկվան էր, որտեղ նա բանակցություններ էր վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվրամիությունը խստորեն քննադատել էր Ռուսաստան Հունգարիայի վարչապետի այցը՝ նշելով, որ Օրբանը որևէ մանդատ չունի եվրոպական ողջ ընտանիքի անունից բանակցելու Ռուսաստանի նախագահի հետ։
Չինաստանը հրավիրվել էր Շվեյցարիայում կայացած խաղաղության համաժողովին, բայց չէր մասնակցել: Սի Ծինփինը նշել էր, որ Պեկինը կաջակցի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային գագաթնաժողովի գումարմանը, որը ընդունելի կլինի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի համար։ Ըստ նրա՝ այդ համաժողովին պետք է հավասարապես ներկայացված լինեին երկու կողմերը և որտեղ կքննարկեին խաղաղությանը հասնելու բոլոր տարբերակները։
Լուսանկարը՝ Հունգարիայի վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել