HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գիտնական. «Պիտի հավաքել այն գիտական ներուժը, որ ունենք»

Դեռ նախորդ տարի գրել էինք, որ Հայաստանում ռոբոտաշինության միջազգային կենտրոն է բացվելու: Այն ոչ միայն մասնագետներ է պատրաստելու եւ զարգացնելու գիտահետազոտական ուղղությունն այդ ոլորտում, այլեւ միջազգային փորձն է բերելու Հայաստան:

Կենտրոնի նպատակների թվում են Հայաստանի գիտության զարգացմանը, Հայաստանի եւ սփյուռքի գիտնականների համագործակցությանն աջակցելը, գիտական կադրերի պատրաստումը, գիտական դասընթացների ու համաժողովների անցկացումը: Մյուս կողմից՝ այն լավ շարժում կարող է դառնալ ռոբոտաշինական լաբորատորիաներ հիմնելու համար:

Այս կենտրոնի ստեղծումը Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) նախագծերից էր: Արդեն որոշվել է, որ կենտրոնը կգործի ոչ թե առանձին, այլ կլինի ASOF-ի «Center for Intelligent Computing»-ի (CIC) մասնաճյուղ:

ASOF-ի անդամներից Կարեն Եղիազարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ կենտրոնը վերջնական կազմավորման փուլում է: Եղիազարյանը Ֆինլանդիայի Տամպերեի համալսարանի պրոֆեսոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր:

ASOF-ի կայքից տեղեկանում ենք, որ նոր կենտրոնը լինելու է կրթական եւ հետազոտական բնույթի, կենտրոնանալու է արհեստական բանականության (ԱԲ) հետազոտությունների վրա, որոնք կիրառվում են լեզվական մոդելների, ռոբոտաշինության, կյանքի մասին գիտությունների եւ քիմիայի բնագավառներում: Կենտրոնը տեղակայվելու է Երեւանի պետական համալսարանում:

Կարեն Եղիազարյանը նշում է, որ կենտրոնը նաեւ կներգրավվի միջազգային համագործակցության մեջ: Մասնագետներ են հրավիրելու թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից, եւ նպատակը տեղական կադրերի պատրաստումն է: Առաջին շրջանում, հավանաբար, 2-3 պրոֆեսոր կհրավիրեն՝ կենտրոնի որդեգրած ուղղությունները զարգացնելու համար:

Կենտրոնը սկզբից պետական եւ դրամաշնորհային ֆինանսավորմամբ է գործելու, սակայն, ըստ «Հետքի» զրուցակցի, մի քանի տարի անց ինքնաֆինանսավորման կանցնի: Սերտ համագործակցություն պիտի լինի դպրոցների հետ:

Ըստ Կ.Եղիազարյանի՝ կենտրոնի պաշտոնական բացումը հավանաբար կլինի հաջորդ տարվա ընթացքում: Հույս ունի, որ դա տեղի կունենա գարնանը:

-Կենտրոնի գործունեությունը արհեստական բանականության մասով կարելի է դիտարկել երկու կողմով՝ զուտ արհեստական բանականության զարգացում, եւ երկրորդ՝ ԱԲ-ի օգտագործումը տարբեր ոլորտներում: Կենտրոնը տարբեր ծրագրեր կունենա ուսուցման ու հետազոտման մասով: Այստեղ աշխատելու եկողները պիտի կադրեր պատրաստեն բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուայի համար:

Պիտի ստեղծվի էկոմիջավայր, որտեղ կգործեն տարբեր ընկերություններ, եւ կլինի համագործակցություն նրանց հետ: Եթե խաղի կանոնները ճիշտ գրված լինեն, մարդիկ ավելի հեշտ կաշխատեն իրար հետ: Հիմա, ցավոք սրտի, այդ ամենը դեռ չկա: Ամեն մեկն իր առանձին խնդիրն է լուծում, որովհետեւ, կարծես, պայքարում են միմյանց դեմ: Միասնություն է պետք: Ամենամեծ բանը դա է:

20-30 տարի հետ ենք ընկել: Տեսեք՝ կադրերի ինչքան մեծ արտահոսք է եղել: Տարբեր կենտրոններ կան, որոնք աշխարհում առաջատար դիրքերում են, որտեղ աշխատում են նաեւ հայ գիտնականներ՝ անուն եւ դրամաշնորհներ բերելով այդ համալսարաններին: Նրանք կենտրոնացած չեն Հայաստանում, միայն գալիս-գնում են:

Հիմնական աշխատող ուժը գնացել է: Նպատակ ունենք Հայաստան բերել այն նոր սերունդը, որ գնացել է, որպեսզի այստեղ պրոֆեսորություն անեն: Պիտի հավաքել այն գիտական ներուժը, որ ունենք: Դա ամենամեծ խնդիրներից մեկն է:

-Ո՞նց եք տեսնում մարդու ապագան:

-Շատ բարդ հարց է: Ցավոք սրտի, ԱԲ-ն ամեն տեղ գլուխ է բարձրացնում, շատ մեծ նեգատիվ դեր է խաղում հատկապես ուսանողների վրա: Վաղը կամ մյուս օրը այն գործիքների է վերածվելու, հետո հարց չես տա, թե սա ոնց է լինում, փոխարենը «ChatGPT»-ն քեզ կպատասխանի: Նաեւ մեծ վնաս կարող է տալ, եթե միայն դրա վրա կենտրոնանաս: Այն գիտելիքը, որ հիմա կա, կարող է չօգտագործվել հետագայում: Ռիսկի գործոն կա:

-Այսինքն՝ մարդը երկրորդ պլա՞ն է մղվում: Այդ իմաստով վախ ունե՞ք:

-Բավականին շատ կոնֆերանսներ են կազմակերպվում, որոնց նպատակն ԱԲ-ի անվտանգության մակարդակը բարձրացնելն է: Եթե մի քիչ ավելի լուրջ ծրագրերի մասին ենք խոսում, որոնք օգտագործվում են բժշկության, կենսաբանության մեջ, պետք է եթե ոչ 100, ապա 99,9 տոկոս երաշխիք ունենաս, որ դրանք ճշգրիտ են:

Փաստը մնում է փաստ, որ այսօր հիմնական կոնֆերանսների մեծ մասը, երեւի 90 տոկոսը, ԱԲ-ի հետ է կապված: Մեծ ընկերությունները, ինչպիսիք են «Microsoft»-ը, «Google»-ը, սուպերհամակարգչային մեծ հնարավորություններ ունեն, մոդելներ են ստեղծում: Բայց եթե անհատական է, ամիսներ են պահանջվում ինչ-որ փոքր մոդելի ուսուցման համար, եւ ռիսկ կա, որ այն կարող է չաշխատել: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ այդքան ժամանակ ծախսել դրա վրա, եթե կարելի է փոխարենը մի նոր գյուտ անել: Մոդայիկ լինելու գործոնն է խանգարում: Եթե առաջ առաջ «Google»-ին էին հարց տալիս, հիմա «ChatGPT»-ին են հարցնում:

-Ի՞նչ կլինի 5 տարի հետո:

-Հուսանք, որ 5 տարի հետո ավելի լավ կլինի: ԱԲ-ի այս մոդան, հնարավորությունները կսահմանափակվեն, հակառակ դեպքում այն անկառավարելի է դառնալու: Եթե հիմա նայեք պատերազմներն ինչպես են ընթանում, նույն փոքր դրոններով պատերազմները, կարծես համակարգչային խաղեր լինեն: Բայց դա դեռ ցածր մակարդակն է, պատկերացրեք ավելի մեծ դրոններով պատերազմ, որոնք ատոմային ռումբեր կարող են արձակել, ու եթե դրանք ընկնեն մոջահեդների ձեռքը: Մտածելու բան ունենք:

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter