
Էմանուել Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել երկրի վարչապետի հրաժարականը և Գաբրիել Ատալին խնդրել մնալ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին հայտնում են AFP-ն և BFM TV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտ հրաժարականի դիմում ներկայացնելու համար Գաբրիել Ատալը ժամանել էր Ֆրանսիայի նախագահի նստավայր։ Հրաժարականի պատճառը նախօրեին արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձախերի հաղթանակն էր։
Նախագահը վարչապետին խնդրել է «ժամանակավորապես» չհեռանալ այդ պաշտոնից՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»: «Պետության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել Գաբրիել Ատալին Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ընտրությունների քարոզարշավների համար, որոնք նա ղեկավարել է»,- BFM TV-ն մեջբերում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հայտարարությունը։
Գաբրիել Ատալը վարչապետի պաշտոնին էր նշանակվել 2024 թվականի հունվարի սկզբին՝ փոխարինելով Էլիզաբեթ Բորնին։ Նշանակման պահին նա 34 տարեկան էր, ուստի նա դարձավ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։
Այս պահին հայտնի են արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։ Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել է 182 մանդատ, իսկ նախագահական «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 168։ Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը հաղթել էր ընտրությունների I փուլի ժամանակ, այս անգամ հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ ստանալով 143 մանդատ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել