
Հայտնի են Ֆրանսիայի խորհրդարանում մանդատների բաշխման նախնական արդյունքները
Ձախ ուժերի «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքը հաղթել է Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ այդմ ստանալով 182 մանդատ: Այդ մասին հայտնում է Le Monde պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիան, որը կստանա 168 մանդատ: Խորհրդարանի ստորին պալատում մեծությամբ երրորդ խմբակցությունը կլինի աջ «Ազգային միավորում»-ը՝ 143 մանդատով:
Պարբերականի հաղորդմամբ՝ խորհրդարանի ստորին պալատում կհայտնվի նաև «Հանրապետականներ» կուսակցությունը, որի հիմնադիրը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է։ Այս կուսակցությունը կունենա 45 մանդատ։ Բացի այդ, նոր խորհրդարանի ևս 39 մանդատ կբաշխվի աջ ու ձախ հոսանքների տարբեր միավորումների ներկայացուցիչների միջև։
Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ունենա, իսկ դա նշանակում է, որ ուժերը կպայմանավորվեն կոալիցիայի շուրջ։ Ամենահավանական սցենարն այն է, որ նախագահ Մակրոնի դաշինքն ու ձախերը կկազմեն կոալիցիա՝ գործադիր իշխանություն ձևավորելու համար։ Ֆրանսիայի գործող վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ այսօր առավոտյան Մակրոնին հրաժարականի դիմում կներկայացնի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր նշանակել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում նախագահական կոալիցիայի պարտությունից հետո: Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել