HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Էգոյանի «Յոթ քողը»՝ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը

1905 թվականի դեկտեմբերին Դրեզդենի թագավորական օպերային թատրոնում տեղի ունեցավ Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պրեմիերան՝ գրված Օսկար Ուայլդի համանուն պիեսի հիման վրա։ Երեկ Երևանում՝ «Ոսկե ծիրան» փառատոնի բացման օրը, տեղի ունեցավ Ատոմ Էգոյանի «Յոթ քող» ֆիլմի պրեմիերան՝ ոգեշնչված Ուայլդից և Շտրաուսից։

«Կինոյից առավել ես տարված եմ թատրոնով։ Այս ֆիլմով ես իմ հարգանքի տուրքն եմ տալիս երկու արվեստագետի, որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա։ Մեծանուն Օսկար Ուայլդը, որը գրել է «Սալոմե» պիեսը և համանուն օպերայի հեղինակ Ռիխարդ Շտրաուսը։ Ես փորձել եմ վերցնել այս գլուխգործոցը և դիտել այսօրվա հասարակության դիտանկյունից»,- դիտումից առաջ ասաց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը։

Ատոմ Էգոյանը, թատերական աշխարհին ծանոթ է ներսից. 1996 թվականին Կանադայում բեմադրել է «Սալոմե» օպերան, որը 2023թ.-ին վերաբեմադրել է։  Օսկար Ուայլդի աստվածաշնչյան մոտիվներով գրված պիեսը պահել է բուն պատումը. Սալոմեն՝ Հերովդիայի և Հերովդես Անտիպասի խորթ դուստրը,  որպես վարձատրություն Յոթ քողերի պարի համար, արծաթե սկուտեղի վրա հորից պահանջում է Յոքանանի (Հովհաննես Մկրտչի) գլուխը, ում սիրահարված է անպատասխան։ Պիեսի կենտրոնական տեսարանը «Յոթ քողերի» պարն է՝ Սալոմեն պարի ընթացքում հանում է հերթով  քողերը և մնում է մերկ՝ հոր առաջ։ Այս տեսարանը  տարբեր կերպ է մեկնաբանվում. Ենթադրվում է, որ յոթ քողը յոթ մահացու մեղքերն են:

Էգոյանի «Յոթ քող» ֆիլմի գլխավոր դերակատար Ամանդա Սեյֆրիդի հերոսուհին թատրոնի ռեժիսոր Ժանինինն է, որը հրավիրվում է վերաբեմադրելու իր հանգուցյալ ուսուցչի բեմադրած «Սալոմե» օպերան։ Հերոսուհին ունի տանջող գաղտնիքներ, որոնք իր համար Սալոմեի պատմությանը նոր իմաստ են տալիս: Ֆիլմում այդ մտայնությունները  ուժգնանում են փորձերի ընթացքում հնչող Ռիխարդ Շտրաուսի ազդու  երաժշտությունից։ Բեմադրությանը զուգահեռ՝ Ժանինը հերթով ցույց է տալիս հիշողության իրեն տանջող դրվագները, կարծես Սալոմեի պարի հերթական ընկնող քողը։ 

Ատոմ Էգոյանի՝ թատրոնի նկատմամբ մեծ սիրուն նվիրված ֆիլմի՝ «Յոթ քող»-ի պրեմիերան ընդունվեց  հուզված հանդիսատեսի բուռն ծափերով։

«Ոսկե ծիրան» Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը կանադահայ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր Ատոմ Էգոյանին հանձնեց «Փարաջանովյան թալեր»՝ կինոյում նշանակալից վաստակի համար։

1976 թվականին Սերգեյ Փարաջանովը բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել էր դրամներ և անվանել դրանք «թալեր»։ Ավանդույթի համաձայն՝ «Ոսկե ծիրանի» շրջանակում արդեն արծաթե ձուլվածք ստացած թալերը տրվում են համաշխարհային կինոյում նշանակալից վաստակի համար։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Ամենամյա կինոտոնն այս տարի տեղի է ունենում հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter