HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթած գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ, իսկ բենզալցակայանը կապարակնքված էր

«Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող եւ Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող լցակայանը, որտեղ պայթյուն տեղի ունեցավ հունիսի 6-ի գիշերը, միջադեպից առաջ՝ ամիսներ շարունակ, տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ է ունեցել:

Շարունակական խախտումներ 2023-ի մարտից

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ առաջին անգամ իր ղեկավարած կառույցն այս լցակայանում ստուգում է իրականացրել 2023 թ. մարտի 2-ին:

Հիշեցնենք, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ. դեկտեմբերին: Ընկերությունը, ինչպես տեղեկանում ենք դրա ֆեյսբուքյան էջից, մի քանի լցակայաններ ունի Երեւանում եւ մարզերում:

Այսպիսով՝ 2023-ի մարտին Երեւան-Սեւան մայրուղու Արզնու տրանսպորտային հանգույցի հարեւանությամբ գտնվող լցակայանում (հասցեն՝ գյուղ Արզնի, Երեւան-Սեւան մայրուղի 6/1) հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Նկատենք, որ սա գազա-բենզալցակայան է, որտեղ վաճառվում էր հեղուկ գազ եւ բենզին:

Գազալցակայաններն ու բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ), որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության, առանց որի դրական եզրակացության չի թույլատրվում դրանց շահագործումը: Սակայն տեսչական մարմնին 2023-ի մարտին չեն ներկայացվել «Գազ օիլ» ՍՊԸ-ի նշված գազալցակայանի ու բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունները, ինչի հիման վրա էլ դրանց գործունեությունը կասեցվել էր, իսկ ընկերությունը տուգանվել էր 2 մլն դրամով:

2023-ի ապրիլին ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել փորձաքննության դրական եզրակացություն գազալցակայանի մասով, իսկ բենզալցակայանի մասով վերահսկող մարմինը որեւէ փաստաթուղթ չի ստացել: Այսինքն՝ 2023-ի ապրիլից գազալցակայանն ուներ շահագործվելու իրավունք մեկ տարի ժամկետով (քանի դեռ դրական եզրակացությունն ուժի մեջ էր):

2023-ի հոկտեմբերին տեսչական մարմինը կրկին վերահսկողություն է իրականացրել «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում: Պարզվել է, որ գարնանը հայտնաբերված 7 խախտումներից 5-ը վերացվել են, իսկ մնացած 2-ի վերացման համար վերահսկողն ընկերությանը տվել է 1 ամիս ժամկետ: Դեկտեմբերին տեսչական մարմինը հերթական անգամ այցելել է գազա-բենզալցակայան ու պարզել, որ վերացվել է մնացած երկու խախտումներից միայն մեկը:

Միաժամանակ պարզվել է, որ բենզալցակայանը, չնայած գարնանը տեսչական մարմնի կասեցմանը, շարունակում է շահագործվել՝ առանց իրավունքի: 2024 թ. հունվարի 30-ին պետական կառույցի ներկայացուցիչները կրկին վերահսկողություն են իրականացրել նույն հասցեում՝ բենզալցակայանի շահագործումն արգելող կարգադրագրի պահանջների կատարումը ստուգելու համար եւ պարզել, որ բենզալցակայանը նորից շահագործվում է՝ առանց համապատասխան թույլտվության: Սրա վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք 2 մլն դրամի չափով։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փետրվարի 19-ին կապարակնքել է բենզալցակայանը: Գազալցակայանը շարունակել է աշխատել:

Բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունը պահանջված փաստաթուղթը չի եղել

Մարտի 21-ին «Գազ օիլ» ՍՊԸ-ն դիմել է տեսչական մարմնին՝ բենզալցակայանի աշխատանքները թույլատրելու համար: Այդ նպատակով ընկերությունը ներկայացրել է արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի դրական փորձաքննության եզրակացություն, որը փետրվարի 28-ին տրվել է փորձաքննություն իրականացրած մասնավոր ընկերության՝ «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը սահմանում է, որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաեւ Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Նախկինում լիազոր մարմինը ԱԻՆ-ն էր, ներկայում՝ ՆԳՆ-ն: Փորձագիտական եզրակացությունը կազմվում եւ հաստատվում է երեք օրինակից. մեկը ներկայացվում է լիազոր մարմնին, երկրորդը հանձնվում է ԱՎՕ շահագործող անձին, իսկ երրորդ օրինակը պահվում է փորձագիտական կազմակերպությունում:

Օրենքը նաեւ նշում է, որ փորձաքննությունն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ԱՎՕ-ների ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):

Ինչպես ասվեց, մարտի 21-ին «Գազ օիլ» ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել նախագծային փաստաթղթերի դրական փորձաքննության եզրակացություն, սակայն վերահսկող կառույցը բացասական պատասխան է տվել բենզալցակայանի հետագա շահագործման վերաբերյալ՝ պահանջելով, որ ընկերությունը ներկայացնի շահագործվող ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն: Այսինքն՝ մինչեւ երրորդ փուլի փորձաքննության դրական եզրակացությունը չլիներ, բենզալցակայանն էլ գրանցված չլիներ ԱՎՕ-ների ռեեստրում, որը վարում է ՆԳՆ-ն, այն չէր կարող շահագործվել:

Ստացվում է, որ մինչեւ հունիսի 6-ի պայթունը բենզալցակայանն այդպես էլ չի ստացել շահագործման թույլտվություն: Միաժամանակ տեսչական մարմնից «Հետքին» հայտնել են, որ փետրվարի 19-ին բենզալցակայանի կապարակնքումից հետո իրենք չեն արձանագրել դրա շահագործման փաստ։

Գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ

Ինչ վերաբերում է գազալցակայանին, ապա դրա նախորդ փորձաքննության (2023-ի ապրիլին արված) դրական եզրակացության ժամկետն ավարտվել է այս տարվա ապրիլի 7-ին: Օրենքը սահմանում է, որ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Այնինչ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Հետքին» փոխանցել է, որ գազալցակայանի մասով ԱՎՕ նոր փորձաքննության վերաբերյալ փաստաթղթեր տեսչական մարմինն ապրիլի 7-ից հետո չի ստացել:

Քրեական վարույթով մեղադրյալներ չկան

Հունիսի 7-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալների համաձայն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Ըստ այդմ՝ գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) եւ 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Այսինքն՝ ընդհանուր այրվել է վառելիքի 5 ցիստեռնի պարունակություն:

Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով հոսպիտալացվել էր 7 քաղաքացի, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է:

Ամսի 7-ին Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժինը դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ:  

Նախաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը), 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք), 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելըորն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք), 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետեւանք): Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

«Հետքը» ՔԿ-ից տեղեկացել է, որ առայժմ քրեական վարույթով մեղադրյալներ չկան:

Ովքե՞ր են լցակայանի տարածքի սեփականատերերը

Ինչպես արդեն գրել ենք, «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատերը հիմնադրումից ի վեր երեւանցի Ռաֆայել Այվազյանն է, որը նաեւ ընկերության տնօրենն էր 2021-2022 թթ.: 2022-ի հունվարին տնօրեն է դարձել երեւանցի Էրիկ Հայրապետյանը: Վերջինս եւ նրա հայրը՝ Արսեն Հայրապետյանը, դեպքից հետո լրագրողներին հայտնել էին, թե տեղի ունեցածը պատվեր է՝ ինչ-որ մեկը պատվիրել է, ու եկել պայթեցրել են լցակայանը:

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Արզնի գյուղի Երեւան-Սեւան մայրուղի 6/1 հասցեի հողամասն (մակերեսը՝ 634 քմ) ու դրա վրա կառուցված հեղուկ վառելիքի լցակայանի շենքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Շուշանիկ Ժուլվերի Հայրապետյանին, որն Էրիկ Հայրապետյանի մայրն է, եւ Ռուզաննա Արամի Պետրոսյանին: Նրանց իրավունքը կադաստրում գրանցվել է 2022-ի նոյեմբերին: Ըստ Կադաստրի կոմիտեի՝ 2019-ի հոկտեմբերին ու 2021-ի մարտին անշարժ գույքը գրավադրվել է «Գառնի Ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում:

Ինչպես արդեն գրել ենք, Էրիկ Հայրապետյանը սեփականատեր է «Յուգ-Գազ Գրուպ» եւ «Ասօիլ» ՍՊԸ-ներում, որոնք երկուսն էլ ՊԵԿ-ի պահանջով սնանկ են ճանաչվել 2019-ին։ Մայիսի 23-ին ՊԵԿ-ը դիմել է դատարան՝ այս անգամ «Գազ օիլ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու համար: Գործն ընդունվել է դատավոր Լիլիթ Կատվալյանի վարույթ:

Հայրապետյանների ընտանիքը վաղուց է ներգրավված վառելիքի բիզնեսում: Բացի Էրիկ Հայրապետյանի վերոնշյալ սնանկացած ընկերություններից՝ Արսեն Հայրապետյանը սեփանակատեր է (եղել) «Հարութ եւ Գեւորգ եղբայրներ» (լուծարվել է), «Գոշ-Գազ» (սնանկ է ճանաչվել եւ լուծարվել), «Հարէրի» (սնանկ է ճանաչվել եւ լուծարվել), «Դզեյան», «Նավթոգազ» (անցնում է սնանկության գործով), «ՄԳ Պլյուս» (գործունեությունը ժամանակավոր դադարեցված է) ՍՊԸ-ներում, իսկ Շուշանիկ Հայրապետյանը՝ «Նեֆտոգրուպ» ՍՊԸ-ում:

Լուսանկարները՝ ՆԳՆ-ի, facebook.com-ից, wikimedia.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր