HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

20 առաջին դասարանցի չի հասցրել գրանցվել Սիլիկյան թաղամասի թիվ 108 դպրոցում

Արփինե Ղարիբյանն ապրում է Սիլիկյան թաղամասում։ Նրա երկու երեխաները սովորում են նույն թաղամասում գտնվող թիվ 108 միջնակարգ դպրոցի 2-րդ և 4-րդ դասարաններում։

Այս տարի, երբ հունիսի 10-ից բացվել է դպրոցներում առաջին դասարանցիների օնլայն հայտագրումը, Արփինեն չի կարողացել իր 3-րդ երեխային գրանցել նույն դպրոցի առաջին դասարանում։

«Հունիսի 10-ից 25-ը հայտը բացվել էր, ես մի քանի անգամ մտա այդ կայքը, որը սարսափելի վատ է աշխատում։ Փորձեցի գրանցել, չստացվեց, հետո օրեր անց, երբ կրկին փորձեցի, պարզվեց, որ տեղերը լրացել են։ Մի քանի օր շարունակ՝ ես ամեն օր փորձում էի ավտոմատ համակարգով գրանցել, բայց չէր ստացվում»,- պատմում է Արփինեն։

Երբ հասկացել է, որ չի ստացվում գրանցումը, գնացել է դպրոց, խոսել տնօրենի հետ՝ հասկանալու, թե ինչու՞ չի ստացվում օնլայն գրանցվել։ Տնօրենն ասել է, որ դպրոցում առաջին դասարանցիների ընդունելության տեղերը լրացել են, ու չի կարող գրանցվել։ Պետք է երեխային մեկ այլ դպրոց տանի։ Սիլիկյան թաղամասին ամենամոտ դպրոցը 15-րդ թաղամասում է, որտեղ հասնելու համար պետք է հասարակական տրանսպորտից օգտվել։

Արփինեն աշխատում է, նրա աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին, չի պատկերացնում, թե ինչպես պետք է ամեն առավոտ նախ իր երկու երեխաներին տանի Սիլիկյան թաղամասի դպրոց, երրորդրին՝ 15-րդ թաղամասի դպրոց և ժամը 9-ին էլ լինի աշխատավայրում։

Արփինեն միակը չէ, ասում է՝ Սիլիկյան թաղամասից 20 երեխա չի կարողացել 108 դպրոցի առաջին դասարան ընդունվել։ Դպրոցի տնօրինությունից նրանց այլընտրանք են առաջարկում՝ գնալ հարևան թաղամասերի այն դպրոցներ, որտեղ թափուր տեղեր կան։

«Մեկը աշխատանքի է, չի կարող, մեկը տանն օգնող չունի։ Ես օրինակ՝ չեմ հասցնի ամեն առավոտ երեխաներին դպրոց տանել, նոր աշխատանքի գնալ, տանն առողջական խնդիրներ ունեցող տատիկ ունենք, որ չի կարող երեխայի հետևից գնալ-վերցնել կամ տանել։ Մեկը ֆինանսական խնդիրներ ունի․ չի կարող իրեն թույլ տալ ամեն օր տրանսպորտով երեխային տանել-բերել։ Ես գնացել եմ դպրոց, խոսել տնօրենի հետ, առաջարկել, որ դիմի նախարարություն, դասարան ավելացնեն, տնօրենն ասել է՝ հնարավոր չէ, քառակուսի մետրով ամեն երեխայի տարածք է հատկացված, բայց դպրոցում հաստատ չօգտագործվող սենյակներ կան, որ կարող են դասասենյակի վերափոխել»,- ասում է Արփինեն։

Արփինեն դիմել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն։ Նրա խոսքով հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը ասել է, որ ավելի ուշադիր պետք է լիներ, արագ գրանցվեր, տեղերը սահմանափակ են, ու այս պարագայում կրթության բաժինը ոչինչ անել չի կարող։ Առաջարկել են տանել այլ թաղամասերի դպրոցներ, որտեղ կան թափուր տեղեր։

Քաղաքապետարանից հայտնեցին, որ չունեն որևէ գործառույթ դպրոցներում տեղերի սահմանափակման, ավելացման, նոր դասարաններ բացելու համար, այդ ամենը վերահսկվում է ԿԳՄՍ-ի կողմից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ այն երեխաները, որոնց քույր-եղբայրները սովորում են տվյալ դպրոցում, ունեն առաջնահերթություն, ընդունելության առաջին փուլով, եթե որևէ երեխա, որի ավագ քույր, երբայրը սովորում է տվյալ դպրոցում դուրս է մնացել ընդունելությունից, ապա այդ դեպքերը պետք է հավելյալ ուսումնասիրել։ Ծնողները կարող են դիմել ԿԳՄՍ՝ պարզաբանման համար։ Այն դպրոցները, որտեղ կան դասասենյակներ, իսկ մակերեսը բավարար է նոր աշակերտներ ընդունելու համար, կարող են դիմել նախարարություն։

Լուսանկարը՝  թիվ 108 միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter