HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբեր, 2023․ ադրբեջանական հարձակման առաջին զոհը՝ 9-ամյա Գոռը

Սեպտեմբերի 19-ի առավոտյան 9-ամյա Գոռ Առուստամյանը սովորականի պես գնացել էր դպրոց։ Տունդարձի ճանապարհին նրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արկ էր պայթել։

Գոռը մահացել էր սրտի կանգից։ Բժիշկները հարազատներին ասել էին, որ պատճառը, հավանաբար, վախն էր եղել՝ արկի պայթյունից։

Շրջափակված Արցախում ամեն օր էին լսում հնարավոր պատերազմի մասին լուրերը։

«Միշտ զգոն էի, բայց այդ օրը տարօրինակ կերպով հանգիստ էի»,- հիշում է Գոռի մայրը՝ Զվարթ Առուստամյանը։

Զվարթը Գոռի և ավագ որդու՝ 18-ամյա Գուրգենի հետ ապրում էր Ստեփանակերտում։ Հայրը՝ Մայիսը, անասնապահությամբ էր զբաղվում Հին Շեն գյուղում, որտեղ նրա ծնողներն էին ապրում: Տանը քիչ էր լինում, գյուղում էր մնում: Քանի որ հայրը որդիներից հեռու էր, եղբայրները շատ էին մտերմացել։ Միշտ միասին էին:

Գոռի ծնվելը մեծ ուրախություն էր եղել ընտանիքի համար։ Առաջին երեխայից հետո Զվարթն ու Մայիսը երկար ժամանակ չէին կարողացել երեխա ուենալ։ «Երբ իմացանք, որ տղա է, ասացի, որ անունը Գոռ պիտի դնենք»,- ասում է մայրը։

Զվարթն այդ անունը մտապահել էր դեռևս «Գևորգ Մարզպետունին» կարդալիս, որում Գոռ իշխանի կերպարը շատ էր հավանել։

«Սեպտեմբերի 19-ին մինչև կեսօր ամեն ինչ հանգիստ էր։ Ես ու Գուրգենը տանն էինք։ Կեսօրին մայրս զանգեց ու ասաց՝ իրավիճակը կարծես լարված է, գնա՛, երեխային դպրոցից բեր»,- պատմում է Զվարթը։

Նա զանգել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում ապրող քրոջը եւ հարցրել իրավիճակի մասին: Քույրն ասել է, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, իրավիճակի լարման մասին ոչինչ չեն լսել։ 

Անհանգստությունը թոթափելու համար զանգել էր դպրոց, բայց այնտեղից էլ ասել էին, որ իրավիճակը հանգիստ է։ Ավագ որդին այդ պահին կարդացել էր Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարությունը, որ դպրոցներում դասերն ընդհատվում են, ու երեխաներին ուղարկում են տուն, և հանգստացրել էր մորը։

Սովորաբար Զվարթը կամ Գուրգենը գնում էին Գոռին դպրոցից բերելու։ Այդ օրը Զվարթը պատրաստվել էր գնալ փոքր որդու հետևից, Գուրգենն ասել էր, որ ինքը կգնա։

Զվարթն ուզում էր ճաշը տաքացնել, մինչև Գոռի գալը, երբ պայթյունի ձայներ լսեց։

«Ես ու Գուրգենը վազեցինք դուրս։ Ես չէի կարողանում արագ վազել և հետ ընկա։ Հետո լսեցի, որ Գուրգենը Գոռին էր կանչում։ Մտածեցի, որ արդեն գտել է, և ամեն ինչ կարգին է»,- պատմում է Զվարթը։

Տեսնելով, որ որդիներն ուշանում են, շարունակել է քայլել դեպի դպրոց։ Հետո տեսել է Գոռը  գետնին ընկած է, նրա շուրջը մարդիկ են խմբվել: Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արկ է պայթել: Գոռի մարմնի վրա ոչ մի վնասվածք չկար: Մտածել են, որ ուշագնաց է եղել, փորձել են ուշքի բերել։ Հավաքվածներից մեկի հորդորով Գոռին տարել են դիմացի շենքի ապաստարան։ Այնտեղ գտնվող բուժքույրը փորձել է Գոռին առաջին բուժօգնություն ցույց տալ ու ուշքի բերել, բայց չի հաջողվել։ Շտապօգնության հետ հեռախոսով կապվել նույնպես չեն կարողացել ու որոշել են հոսպիտալ տեղափոխել։ Նկուղում գտնվող տղամարդկանցից մեկն ասել է, որ իր մեքենայում բենզին կա, երեխային հասցրել են իրենցից ոչ այդքան հեռու գտնվող հոսպիտալ։ Հոսպիտալում նրանց չեն ընդունել, քանի որ տարբեր տեղերից վիրավորներ են ունեցել, տեղ չի եղել։ Ստիպված տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։

«Հիվանդանոցում միանգամից տարան վերակենդանացման բաժանմունք։ Ես դրսում սպասում էի, մտածում էի՝ հիմա դուրս կգան ու կասեն, որ ուշքի է եկել, բայց եկավ բժիշկը ու ինձ կանչեց վերև։ Մինչև վերջին պահը սպասել ենք լավ լուրի, քանի որ բուժքույրերից մեկն ասել էր, որ երեխան մի պահ աչքերը բացել է։ Բժիշկն ասաց, որ Գոռս մահացել է։ Ոչինչ չէի կարողանում անել, նստել էի գետնին ու աղոթում էի, որ մի արկ ընկնի ինձ վրա։ Այլևս ապրելու իմաստ չէի տեսնում»,- արտասվելով պատմում է Զվարթը:

Գոռը մահացել էր սրտի կանգից։ Բժիշկները հարազատներին ասել էին, որ պատճառը, հավանաբար, վախն էր եղել արկի պայթյունից։

Հայրը որդու մահվան մասին մի քանի ժամ հետո է տեղեկացել։ «Ամբողջ օրը կապ չկար, ու չէի կարողանում խոսել ամուսնուս հետ։ Երբ արդեն իմացանք Գոռի մահանալու մասին, մեծ տղաս զանգեց հորը, ու չհասկացա ինչպես, բայց ստացվեց խոսել»,- ասում է Զվարթը։

«Երբ Գուրգենը զանգեց ու հորն ասաց, որ Գոռը մահացել է, բարձր գոռաց ու սկսեց լաց լինել։ Երևի դա փրկեց իրեն, որ հետը բան չպատահի»,- պատմում է Զվարթը։

Քանի որ հարձակման օրը շատ վիրավորներ էին բերում հիվանդանոց, Գոռին վերակենդանացման բաժանմունքից պետք է հանեին։

Գոռի մարմինը սկզբում հուղարկավորել են Ստեփանակերտում։ Երբ իմացել են, որ պիտի լքեն քաղաքը, արտաշիրիմում են կատարել, տեղափոխել Հայաստան և վերահուղարկավորել Աբովյանում։ Ընտանիքը հիմա ապրում է Երևանում, վարձով։ «Միակ սփոփանքս այն է, որ տղայիս գերեզմանն այստեղ է, կարողանում եմ գնալ ու գոնե մի փոքր մխիթարվել։ Պատկերացնում եմ այն մարդկանց հոգեվիճակը, որոնց հարազատների գերեզմաններն Արցախում են մնացել»,- ասում է Զվարթը։

Գոռը սիրում էր նկարել, հատկապես՝ հրաբուխներ։ Նկարել էր իրենց ընտանիքի անդամների դիմանկարները, որտեղ բոլորը ժպտում են։ Մայրը դրանք փակցրել էր տան պահարանին։ Չնայած տեղահանման ժամանակ գրեթե ոչինչ չէին վերցրել, ավագ որդին տնից դուրս գալիս պոկել էր եղբոր նկարածները ու հետը վերցրել։ 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա։ Հրետակոծությունից խուսափելու ժամանակ ավտովթարի հետևանքով զոհվել է ևս երկու քաղաքացիական անձ։

Կարդացեք նաև՝

Սեպտեմբեր, 2023. ադրբեջանական արկից սպանվեցին տատը եւ թոռը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter