HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հեղինակավոր մրցանակներ կինոյում և 14 տարվա տնային կալանք. Ջաֆար Փանահին Երևանում

Երեկ ուշ երեկոյան, մինչ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ընթանում էր ֆուտբոլի «Եվրո-2024»-ի առաջնության կիսաեզրափակիչը, Երևանում՝ Կինոյի Տանը, Ջաֆար Փանահիի «Խաղից դուրս» ֆիլմի ցուցադրությունն էր։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ֆիլմի դիտմանը ներկա էր  հեղինակը։ 

Ջաֆար Փանահին արժանացել է Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին,  Վենետիկի «Ոսկե առյուծ»-ին, Բեռլինի «Ոսկե արջ»-ին, Կաննի «Ոսկե կինոխցիկ»-ին, իսկ հայրենիքում Իրանում, 14 տարվա տնային կալանքի և ազատազրկման ստեղծագործական, հասարակական գործունեության համար։ Իրանցի լեգենդար ռեժիսորը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրն է։ 

Ֆիլմի դիտումից առաջ, իր բացման խոսքում Փանահին նախ բոլորին առաջարկեց գնալ ֆուտբոլ դիտելու, հետո պատմեց՝ ինչպես է ստեղծվել «Խաղից դուրս» ֆիլմը։

«Այս ֆիլմը ստեղծվեց Իրանում, 19 տարի առաջ։ Այն ունի պարզ պատմություն. աղջիկս տասը տարեկան էր, ուզում էր հետս գալ ֆուտբոլ դիտելու, Իրանում այն ժամանակ միայն տղամարդկանց էր կարելի մտնել մարզադաշտ։ Ստիպված կինս էլ եկավ հետներս, որ եթե աղջիկս չկարողանար հետս մտնել, կնոջս հետ վերադառնար տուն։ Ես ներս մտա ու մի քանի վայրկյան հետո աղջիկս կողքիս էր, նա պահակներից թաքուն կարողացել էր սողոսկել։ Սա մոտիվացիա եղավ, որ նկարեմ այս ֆիլմը»,- ասաց Ջաֆար Փանահին։

«Խաղից դուրս» Ֆիլմը մի քանի իրանցի աղջիկների մասին է, որոնք Իրան- Բահրեյն ֆուտբոլային խաղին ներկա լինելու համար տղաների հագուստ են հագնում, որ կարողանան խաղադաշտում ֆուտբոլ նայել։ Մարզադաշտում զինվորականները աղջիկներին բռնում են, բայց նրանք ամեն կերպ փորձում են բաց չթողնել խաղը։ «Խաղից դուրս» ֆիլմում իրանական նուրբ հումորով պարզ երկխոսությունները կարևոր հասարակական հարցեր են բարձրացնում։ Մինչ օրս այս ֆիլմն արգելված է Իրանում, սակայն ՖԻՖԱ-ի պնդմամբ կանանց մուտքը մարզադաշտ մասամբ թույլատրվում է։

«Արվեստագետի համար կարևոր չէ, որ իշխանավորները 20 տարի իրենցից հետ են։ Ես հասարակական ֆիլմեր եմ նկարում։ Եվ այն, ինչ հասարակությունում, որտեղ ես ապրում եմ, կատարվում է, ես իմ կինոյի լեզվով արտահայտում եմ։ Այսօրվա դիտումը նվիրում եմ ազատության համար պայքարողներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում էին պայքարել կանանց իրավունքների, կյանքի և ազատության համար, երբ ես բանտում էի»,- ասաց Ջաֆար Փանահին։

Ջաֆար Փանահիի հետ կինոսերները Երևանում կարող են հանդիպել այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 19:00-ին Common Ground Books & Spirits -ում։ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև Փանահիի կուլտային «Հայելի» և «Ոչ մի արջ» ֆիլմերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter