HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ից տարածքներ և շենք-շինություններ պետությանը վերադարձնելու համար

Գլխավոր դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ-ից տարածքներ պետությանը վերադարձնելու վերաբերյալ։ Հողատարածքներից մի քանիսի վրա կան նաև շենք-շինություններ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանը ներկայացրեց՝ ինչ հիմքով և որ հասցեների վերաբերյալ է Դատախազությունը հայցադիմում ներկայացրել։

«Պետշահերի վարչության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն օտարել է սեփականության իրավունքով այս պահին ՀԿ-ին պատկանող մի շարք գույք, որոնք սեփականության իրավունքով, ըստ մեր ողջամիտ ենթադրության, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Ֆիլիանա Բելլույանը։

Ըստ դատախազի՝  Կառավարության N 311 որոշմամբ է ՀԿ-ին պատկանող գույքը սեփականության իրավունքով անցնում ՀՀ-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Նա նշեց, որ կա նաև քննվող քրեական վարույթ, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, պարտավոր լինելով գույքը գրանցել ՀՀ-ի անվամբ, ցուցաբերել են անգործություն։ «Ըստ էության մեր հայցի հիմքը հիմնականում սա էր, իսկ առարկան՝ վերացնել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները»,- ասաց Ֆիլիանա Բելլույան։

Դատախազը նշեց՝ կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ սեփականության իրավունքի գրանցման հիմքում չեն դրվել անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր։ Շենք-շինությունների՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանելու հիմքերը բացակայում են, ինչը կասկած է հարուցում, որ փաստացի «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն չի ունեցել այդ գույքերի նկատմամբ որևէ իրավունք, պարզապես գրանցումներ են կատարվել։ Կադաստրային գործերում եղել են միայն հողամասերի նկատմամբ իրավունքը փաստող փաստաթղթեր։ Ստացվում է, որ հողամասի նկատմամբ կա սեփականության իրավունքը փաստող փաստաթուղթ, շենք-շինության վերաբերյալ նման փաստաթղթեր առկա չեն։ Դատախազը նշեց՝ օրենքի համաձայն, եթե հողամասը ծանրաբեռնված է թեկուզ կիսակառույց շենքերով, շինություններով, սեփականության իրավունքով անցնում է համապատասխան սուբյեկտին, եթե վճարի հողամասի կադաստրային արժեքը։ Թե ինչ հիմքով են այդ շենք-շինությունները պատկանում «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ին, կամ ինչ հիմքով է ձեռք բերվել, որևէ փաստաթուղթ չկա։ «Այս պահին, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի հետ կապված 18 հայցադիմում է ներկայացվել դատարան, բայց դեռ նոր նախագծեր են պատրաստվում»,- ասաց Ֆիլիանա Բելլույանը։

«Հետք»-ը 2021-ի սեպտեմբերին հոդված էր գրել, որ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ին պատկանող հրաձգարանի շենքը մասնատվել և վաճառվել է։ Հարցին՝ ինչպես է լուծվելու այն հարցը, որ որոշ շենք-շինություններ վաճառվել են այլ անձանց, Ֆիլիանա Բելլույանը ասաց՝ պահանջ է ներկայացվել նաև այդ անձանց մասով, որ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի և համապատասխան անձի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը ևս անվավեր ճանաչվի,  իրավունքի գրանցումները վերացվեն։ «Այդ անձինք, եթե պարզվի բարեխիղճ են եղել, բոլոր չափորոշիչներին համապատասխան, հատուցման պահանջ կարող են ներկայացնել»,- ասաց Ֆիլիանա Բելլույանը։

Դատախազը հավելեց՝ այս պահին հայցադիմումները նախնական են ներկայացվել։ Հնարավոր է՝ հայցի հիմքեր փոխվեն, հայցապահանջները նվազեցվեն կամ ավելացվեն։ Մենք փորձեցինք խոսել նաև «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի ներկայացուցչի հետ, բայց այդպես էլ չհաջողվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter