HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկում այրված 10 հա տարածքում անտառտնկում չի կատարվել

2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկ անտառային տնտեսության մոտ 10 հեկտար տարածք էր այրվել։

Շրջակա միջավայրի նախարարության 2022թ.-ի սեպտեմբերի 17-ի հայտարարության համաձայն` այդ տարածքի անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհին ՝ հանգեցնելով հողերի դեգրադացմանը։

Գրավոր հարցմամբ դիմեցինք Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե ինչ վերականգնողական աշխատանքներ են իրականացրել այրված 10 հեկտար անտառածածկ տարածքում։

«Տեղեկացնում եմ, որ 2022 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության հրդեհված հատվածին հարակից 3 հա տարածքում պետական բյուջեի միջոցներով ՊՈԱԿ-ի կողմից անտառտնկման աշխատանքներ են իրականացվել։

Հրդեհված բուն տարածքը (10 հա) ժայռոտ, քարքարոտ, թեք լանջեր են, ուստի նշված հատվածներում անտառտնկման միջոցառում չի իրականացվել»,-գրել է նախարարության գլխավոր քարտուղար Արկադի Խաչատրյանը:

Դեռեւս 2022 թ.-ին Հետք Մեդիա գործարանի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  Ջերմուկ անտառպետության 7 հա-ի վրա կրակ էր բռնկվել։ 3 հա-ի վրա հիմնականում Կարմիր գրքում գրանցված գիհիներ են եղել։ Այրվել են կաղնու, սոճու, խնձորենու ծառեր, ինչպես նաև՝ Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ ծառատեսակներ հանդիսացող վայրի տանձենիներ, իսկ թփատեսակներից՝ մասրենիներ։

Հարցման պատասխանում նաեւ նշվել էր, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրած 7 հա-ի վրա հաշվառվել է 728 այրված ծառ, և կատարվել է բնությանը պատճառված վնասի հաշվարկ։

Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Արսեն Գառնիկյանը հեռախոսազրույցում նշեց, որ Ջերմուկում այրված 10 հա տարածքում հնարավոր է ծառատունկ իրականացնել։

«Բնականաբար, իհարկե, հնարավոր է, շրջակայքում անտառներ են, պետք է երևի անտառտնկումներ կատարվեն»,-ասաց նա։

Երբ ասացինք, որ ըստ Շրջակա միջավայրի նախարարության այրված 10 հա հատվածում հնարավոր չէ անտառտնկում կատարել, քանի որ քարքարոտ է, Արսեն  Գառնիկյանը պատասխանեց՝ տեղեր կան՝ հնարավոր է, տեղեր կան՝ ոչ։

Մարիա Խաչատրյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter