HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի օրերին առաջացած կրակի օջախները՝ ըստ ՆԱՍԱ-ի

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի եւ ՀՀ սուվերեն տարածք նոր ներխուժման որոշ մանրամասներ կարելի է ուսումնասիրել արբանյակային այնպիսի պատկերների միջոցով, որոնք ցույց են տալիս կրակի օջախներ:

Այսինքն՝ մարտական գործողությունների ուղղությունները համեմատելով կրակի օջախների տեղակայումների հետ՝ կարելի է պատկերացում կազմել, թե որ վայրերն են թիրախավորվել հրետանու կամ հրաձգային զինատեսակների կրակով: Բնականաբար, քարտեզում ցուցադրվում են այն վայրերը, որտեղ կրակի կամ հրդեհի օջախ է գոյացել:

Ի՞նչ գործիք է կիրառվում

ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, կիրառում է այնպիսի գործիք, ինչպիսին VIIRS-ն է (Visible Infrared Imaging Radiometer Suite), որը ցույց է տալիս կրակի ակտիվ օջախներն ու ջերմային անոմալիաները, ինչպիսիք են հրաբուխներն ու նավթարդյունաբերության մեջ հայտնի գազային ջահերը:

Գործիքն օգնում է գտնել եւ ուսումնասիրել աշխարհի տարբեր կետերում առկա կրակային օջախները, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս տեղայնացնել այն աղբյուրները, որոնք մթնոլորտն աղտոտում են ծխով:

VIIRS-ը տեղադրված է ամերիկյան «Suomi NPP» եւ «NOAA-20» արբանյակների վրա, որոնց առաքելությունը եղանակային հետազոտություններն են: Քարտեզում կրակային օջախները ցուցադրվում են կարմիր քառակուսիներով: Դրանցից յուրաքանչյուրն ընդգրկում է 375x375 մետր տարածք (այլ կերպ ասած՝ ջերմային սենսորի լուծաչափը (resolution) 375 մ է): Կրակի օջախը կարմիր քառակուսու կենտրոնն է:

VIIRS-ի նախորդը MODIS-ն է (Moderate Resolution Imaging Spectroradiometer), որի լուծաչափը, սակայն, այնքան մեծ չէ, որքան VIIRS-ինը: Այսպես՝ եթե VIIRS-ի լուծաչափը 375 մ է, այսինքն՝ 1 պիքսելը (այս դեպքում՝ կարմիր քառակուսին) համապատասխանում է 375x375 մետր տարածքի, ապա MODIS-ի դեպքում դա 1000 մ է: Սա նշանակում է, որ VIIRS-ը 2,6 անգամ ավելի կոնկրետ է MODIS-ից: Կրակի օջախը MODIS-ի պարագայում կարմիր քառակուսու կենտրոնն է համարվում, սակայն չի բացառվում, որ այդ քառակուսու ընդգրկած տարածքում (1000x1000 մ) լինեն մեկից ավելի կրակային օջախներ:            

MODIS սենսորները տեղադրված են ամերիկյան «Terra» եւ «Aqua» արբանյակների վրա:

Ի՞նչ են ցույց տալիս ՆԱՍԱ-ի տվյալները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թշնամու ագրեսիան ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ծավալվել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մի քանի ուղղություններով՝ Արտանիշից մինչեւ Ներքին Հանդ:

ՆԱՍԱ-ի քարտեզում որպես տվյալների աղբյուր ընտրել ենք թե՛ VIIRS-ը, թե՛ MODIS-ը, իսկ որպես ժամանակահատված՝ սեպտեմբերի 13-14-ը:

1.jpg (462 KB)

Գեղարքունիք

Սեպտեմբերի 13-14-ին կրակային օջախներ են առաջացել Վարդենիս խոշորացված համայնքի Կախակն եւ Կուտական գյուղերի սահմանային հատվածներում՝ ՀՀ սուվերեն տարածքում (ներքեւի քարտեզում նշված է 1-ով): Օջախներ են ձեւավորվել նաեւ Կութի եւ Նորաբակի ուղղությամբ (քարտեզում՝ 2):

Հիշեցնենք, որ Կութ-Նորաբակից մինչեւ Ծարասար ընկած հատվածում ադրբեջանական ուժերը դեռ 2021-ի մայիսին օկուպացրել են մի քանի տասնյակ քկմ ՀՀ սուվերեն տարածքից: Առաջարկում ենք համեմատել կրակային օջախների քարտեզը ՀՀ ներխուժած օկուպացիոն ուժերի դիրքավորումների հետ (տես ստորեւ):  

Քարտեզում կարմիրով հայկական դիրքերն են, կապույտով՝ ադրբեջանական. Կութի հատվածում թշնամու օկուպացիայի ծավալները նշված չեն

Թշնամին անցյալ տարի առաջացել էր, մասնավորապես Ներքին ու Վերին Շորժայի ուղղությամբ, եւ ահա ՆԱՍԱ-ի տվյալները ցույց են տալիս, որ ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաեւ այս գյուղերը, որոնց հատվածում կրակի բազմաթիվ օջախներ են առաջացել հատկապես սեպտեմբերի 13-ին (վերեւի քարտեզում՝ 3): Ադրբեջանցիները թիրախավորել են նաեւ ՀՀ տարածքը Ախպրաձորի ուղղությամբ՝ Վարդենիս խոշորացված համայնքի հարավում (քարտեզում՝ 4): 

Նկատելի է նաեւ, որ կրակային օջախներ են ձեւավորվել Վերին Շորժայից հարավ-արեւելք գտնվող այն տեղամասում (մոտ 21 քկմ), որը նախորդ տարի օկուպացրել են թշնամու զորքերը: Օջախներն, ըստ էության, առաջացել են հայկական կողմի խոցումներից (քարտեզում՝ 5):

Վայոց Ձոր

Վայոց Ձորի մարզում թշնամու թիրախում են հայտնվել Ջերմուկ քաղաքն ու հարակից տարածքները։

Կարեւոր է նշել, որ քաղաքի վարչական սահմաններից հյուսիս՝ դեպի ՀՀ պետական սահման, տարածվում է Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրը, որն ընդգրկում է 17.372 հա կամ 173 քկմ տարածք (հատակագիծը՝ այստեղԱրգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբանական բազմազանության պահպանությունն է, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբանական բազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում` հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի եւ անկենդան հուշարձանները:

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժել են ոչ միայն Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները, այլեւ, փաստորեն, թիրախավորվել է բնության հատուկ պահպանվող տարածքը։ ՆԱՍԱ-ի տվյալները ցույց են տալիս, որ սեպտեմբերի 13-14-ին թշնամու գործողությունների հետեւանքով կրակի օջախներ են առաջացել ոչ միայն քաղաքի վարչական սահմաններում՝ Արփա գետի կիրճում (քարտեզում՝ 1), այլեւ պետական արգելավայրի տարածքում (քարտեզում՝ 2)։

Սեպտեմբերի 16-ին ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հայտնել էր, որ Ջերմուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել 7 խոտածածկ եւ 3 անտառապատ տարածքներում: Փոխնախարարի խոսքով՝ բոլոր օջախներն այդ պահին մարվել էին՝ բացառությամբ ծխացող 1 հատվածի, որը գտնվում էր Ջերմուկի անտառների շրջանում ու քանի որ թշնամու կողմից դիտարկվում էր, այդտեղ հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել: Այդուհանդերձ, ըստ Համբարյանի, օջախը վտանգավոր չէր եւ միայն ծխում էր։

Փոխնախարարի նշած 10 օջախները, սակայն, միայն քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհներն են, այնինչ, ինչպես կարելի է տեսնել ՆԱՍԱ-ի քարտեզում, դրանց թիվը շատ ավելի մեծ է եղել։ Այստեղ հարկ է նաեւ տարբերակել կրակի ու հրդեհի օջախները, քանզի ՆԱՍԱ-ի տվյալները ցույց են տալիս բոլոր այն կետերը, որտեղ առնվազն ջերմային անոմալիաներ են գրանցվել, այսինքն՝ պարտադիր չէ, որ կրակի օջախը վերածված լինի հրդեհի:

Համբարյանը նշել էր նաեւ, որ թշնամու արձակած 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբար։ Սա դժվար է պատահականություն համարել, քանի որ նախկինում ադրբեջանցիները ցույց են տվել, որ քաղաքացիական ենթակառուցվածքները խոցելու հարցում որեւէ տարբերակում չեն դնում։ Կարելի է հիշել 2016 թ․ քառօրյա պատերազմը, երբ թշնամին հստակ թիրախավորել էր Մատաղիսի ջրամբարի պատվարը ու փորձում էր պայթեցնել այն, ինչը, սակայն, չկարողացավ։ Ինչպես Մատաղիսի, այնպես էլ Կեչուտի ջրամբարի թիրախավորումը կարելի է բացատրել ոչ միայն թշնամու՝ հայկական կողմին տնտեսական ու մարդկային կորուստներ հասցնելու նպատակով, այլեւ ջրամբարները ոչնչացնելու ուղղակի մտադրությամբ, քանի որ եթե Մատաղիսի ջրամբարն ամբարում էր Արցախից դեպի Ադրբեջան հոսող Թարթառ գետի ջրերը, ապա Կեչուտում կուտակվում են Արփայի ջրերը, որոնց մի մասը հոսում է նաեւ Սեւան։ Մյուս կողմից՝ Արփան կարեւոր ջրային ռեսուրս է Նախիջեւանի համար, որտեղ այս գետի վրա երկու ջրամբար է գործում իրենց հէկերով։

Սյունիք

Սյունիքում հրետակոծության ու գնդակոծության հետեւանքով կրակի օջախներ են առաջացել հատկապես մարզի հյուսիսային հատվածում։ ՆԱՍԱ-ի քարտեզում կարելի է տեսնել, որ դրանք գոյացել են Խոզնավարի սահմանային հատվածում (քարտեզում՝ 1), Իշխանատափ սարի վրա՝ ՀՀ սուվերեն տարածքում, որտեղ 2021-ի մայիսին ադրբեջանցիների ներխուժումից հետո դեմ-դիմաց կանգնած էին հակամարտ զորքերը (քարտեզում՝ 2):

Հիշեցնենք, որ 2021-ի մայիսին թշնամին Սեւ լճի հատվածում զավթել է 12,8 քկմ տարածք, այդ թվում՝ ռազմավարական նշանակության բարձունքներ Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար: Օկուպացիայի ծավալները կարելի է տեսնել ստորեւ ներկայացված քարտեզում եւ այն համեմատել ՆԱՍԱ-ի քարտեզի հետ:

Հրդեհի օջախներ են առաջացել նաեւ Սեւ լճից հարավ գտնվող Գլուխ Ձագեձորի լեռան վրա, որը 2021-ի մայիսից գտնվում է թշնամու վերահսկողության տակ (քարտեզում՝ 3): Կարելի է եզրակացնել, որ սա հայկական ուժերի խոցումների հետեւանք է: Հայկական կողմը խոցել է նաեւ Մեծ Իշխանասարի եւ Փոքր Իշխանասարի միջեւ գտնվող եռանկյունին, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է (քարտեզում՝ 4): Իր հերթին թշնամին թիրախավորել է հայկական պաշտպանության խորքը Սեւ լիճ-Իշխանասար ուղղությամբ (քարտեզում՝ 5), ինչպես նաեւ Երեւան-Մեղրի միջպետական Մ-2 ճանապարհի որոշ հատվածներ հատկապես Նորավան գյուղի հատվածում, որտեղ նաեւ զորամաս կա (քարտեզում՝ 6): Թշնամու հրետակոծությունից կրակ է առաջացել նաեւ Ծղուկից դիրքեր տանող ճանապարհին (քարտեզում՝ 7): Թեժ է եղել նաեւ Ուղտասարից հյուսիս-արեւմուտք տեղակայված դիրքերի հատվածում, որտեղ կրակի օջախներ են առաջացել շփման գծի երկու կողմերում էլ (քարտեզում՝ 8): Քարտեզում նաեւ երեւում են ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում առաջացած օջախներ, որոնք, ըստ ամենայնի, հայկական ուժերի հարվածներից են գոյացել (քարտեզում՝ 9):

Այդուհանդերձ, ՆԱՍԱ-ի քարտեզից ակնհայտ է, որ կրակի ամենաշատ օջախներն առաջացել են Ուղտասար, Ծղուկ եւ Մեծ Իշխանասար լեռնագագաթների միջակայքում (քարտեզում՝ 10): Սա ամենեւին պատահական չէ, քանզի այս հատվածից՝ Ծիծեռնաքարի լեռնանցքից, դեպի Երեւան-Մեղրի միջպետական Մ-2 մայրուղի դուրս եկող ճանապարհ կա: Մյուս կողմից՝ նույն Մ-2-ից Անգեղակոթ գյուղի հատվածում սկսվում է Մ-13 միջպետական ճանապարհը, որը Սիսիանի լեռնանցքով Սյունիքը կապում է Նախիջեւանին: Այսպիսով՝ Ծիծեռնաքարի լեռնանցքից մինչեւ Սիսիանի լեռնանցք ձգվող ճանապարհային ցանցի հավանական զավթումը թշնամուն թույլ կտա կտրել Սյունիքը: Նկատենք, որ երկու լեռնանցքների միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 32 կմ է:

Ինչպես արդեն գրել ենք, 2021-ի մայիսին ու նոյեմբերին թշնամին մի քանի քկմ տարածք է զավթել Ծիծեռնաքար-Իշխանասար հատվածում, եւ ՆԱՍԱ-ի քարտեզում տեսնում ենք, որ այս տեղամասում հատկապես ամսի 13-ին կրակի օջախներ են առաջացել (ստորեւ ներկայացված քարտեզում՝ 1): Սակայն հիմնական օջախները գոյացել են ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածում, որը եղել է հայկական ուժերի վերահսկողության տակ (քարտեզում՝ 2):

Ավելին՝ եթե համեմատում ենք սեպտեմբերի 13-ի ու 14-ի տվյալները, տեսնում ենք, որ կրակի օջախների տեղակայումը փոխվել է: Ռազմական գործողությունների երկրորդ օրը օջախներ են ձեւավորվել ՀՀ տարածքի ավելի մեծ խորքում, քան առաջին օրը:

Սա կարելի է բացատրել տարբեր հանգամանքներով, բայց ենթադրություններից զերծ կմնանք: Նշենք միայն, որ սեպտեմբերի 13-ին կրակի օջախները Մ-2 մայրուղու հարեւանությամբ գտնվող Իշխանասար գյուղից 6 կմ հեռավորության վրա էին, իսկ արդեն ամսի 14-ին՝ ընդամենը 2,5 կմ:

ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը սեպտեմբերի 15-ին հայտնել էր, որ ռազմական գործողությունների հետեւանքով Սյունիքում հրդեհ է բռնկվել 5 խոտածածկ տարածքում: Հրդեհները մարվել են: ՆԱՍԱ-ի քարտեզը ցույց է տալիս, որ այնպիսի օջախները, որտեղ կրակ է առաջացել, բազմապատիկ շատ են եղել:

Ստորեւ ներկայացված է սեպտեմբերի 15-ին եվրոպական «Sentinel-2» արբանյակից արված լուսանկար, որտեղ երեւում են այրված տարածքներ Սյունիքի մարզի հյուսիսային հատվածում:

2.jpg (508 KB)

Գլխավոր լուսանկարում՝ Ուղտասար-Իշխանասար-Սեւ լիճ հատվածը՝ ծխացող օջախներով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter