HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական մշակութային ժառանգության պահպանման հանձնախումբը քարտեզագրելու է հայկական հուշարձանները՝ սկսելով Արցախից

Հայկական մշակութային ժառանգության պահպանման հանձնախումբ է ձեւավորվել: Այն Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությունն է:

Ընկերակցության գործադիր տնօրեն, տեսական ֆիզիկոս, ամերիկյան «Harvey Mudd» համալսարանի պրոֆեսոր Վաչե Սահակյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ նման հանձնախմբի կարիքը զգացին, երբ նկատեցին, որ կան մշակութային ժառանգությունը պահպանելու բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք, սակայն, իրար հետ կապ չունեն: Եվ հաճախ, ըստ Սահակյանի, այդ ոլորտում կարող ենք հանդիպել կրկնվող, ինչպես նաեւ միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող ծրագրերի:

ASOF-ի ցանկությունն էր ստեղծել մի խումբ, որը պետք է դիտարկի եւ իրար կապի բոլոր այդ ծրագրերը: Դրա համար համագործակցելու են թե՛ Կառավարության, թե՛ Հայաստանում եւ արտասահմանում գործող մասնագետների հետ:

«Այսինքն՝ լինելու է ցանց, որ կապելու է բոլոր այդ ծրագրերը ու նաեւ նոր կապեր է դուրս բերելու, որոնք կարող են ավելի ազդեցիկ լինել միջազգային ասպարեզում: Դա է գլխավոր գաղափարը»,- նկատում է մեր զրուցակիցը:

Նպատակն է ոչ միայն հայ մշակութային ժառանգությունը պահպանելը, այլեւ այն միջազգային հարթության վրա ներկայացնելը: Պրոֆեսոր Սահակյանի խոսքով՝ ցանկանում են հայկական մշակույթն ավելի շատ տարածել Հայաստանից դուրս: Օգտագործելու են հանձնախմբի հնարավորությունները եւ, եթե անհրաժեշտ լինի, նաեւ ֆինանսավորում են գտնելու՝ համախմբելով բոլոր ուժերը:

Հանձնախումբն ունենալու է 17 անդամ: Նրան թվում են թե՛ հայ, թե՛ օտարերկրացի արվեստագետներ ու գիտնականներ: Հանձնախմբի կազմում են կանադահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Ատոմ Էգոյանը, ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանը, ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագութը եւ այլք:

Հանձնախմբի օրակարգում ներառվելու են հայկական մշակույթի եւ՛ նյութական, եւ՛ ոչ նյութական արժեքները: Վաչե Սահակյանը նկատում է, որ հանձնախումբը դեռ նոր է կազմավորվել, ապագայում աշխատանքներն ավելի համակարգված են լինելու:

«Որոշ հրատապ հարցեր կան, որ ցանկացանք առաջին տարվա ընթացքում ներառել: Դրանց թվում է, օրինակ, Երերույքի տաճարի վերանորոգման աշխատանքներին կից մագիստրոսական դասընթացը: Նպատակն է դրսի մասնագետների օգնությամբ պատրաստել տեղական տաղանդների, որպեսզի առաջիկայում այլ հուշարձաններ վերականգնելիս դրսի մասնագետների նվազ կարիք ունենանք»,- ասում է ASOF-ի գործադիր տնօրենը:

Ծրագրերից մեկն էլ հայկական մշակույթի տվյալների շտեմարանի ստեղծումն է, որը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Սկսելու են Արցախի հուշարձաններից, քանի որ դրանց մասով կան լուրջ վտանգներ: Առհասարակ ներառելու են ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի հայկական հուշարձանները:

Վ. Սահակյանն ասում է՝ դժվարություն է այն, որ միջազգային չափանիշներով լավ մշակված տվյալներ չկան: Այդ ուղղությամբ պետք է աշխատել՝ տվյալները բերելով այնպիսի վիճակի, որ կիրառելի դառնան նաեւ արտերկրում:

Նոր ձեւավորված հանձնախմբի անդամ, ճարտարապետ Գայանե Կազնատին (Gaianè Casnati) «Հետքի» հետ զրույցում նշում է, որ հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է, քանի որ ոչ միայն Ադրբեջանն է ակտիվորեն աշխատում այդ ուղղությամբ, այլեւ գործող օրենքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Որպես օրինակ նշում է հուշարձանների վերականգնման համար օգտագործվող նյութերը, որոնք չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին:

Ըստ նրա՝ նախ պետք է քարտեզագրել այն տեղական կազմակերպությունները, որոնք զբաղվում են հուշարձանների վերանորոգմամբ: «Պետք է փորձենք այնպես անել, որ Հայաստանը միշտ լինի համաշխարհային ծրագրերի մեջ, բարելավենք հաղորդակցությունը, կրթությունը»,- նկատում է Կազնատին:

«Տասնյակ տարիների աշխատանք ունենք անելու: Առաջին քայլն ենք անում, երանի տասնյակ տարիներ առաջ անեինք: Սակայն նախընտրելի է հիմա, քան ավելի ուշ: Սա միայն առաջին փուլն է»,- եզրափակում է Վաչե Սահակյանը:

Լուսանկարում՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին՝ 08.10.2020 թ. ադրբեջանցիների խոցումից հետո (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter